Դոկտ. Քազեմի. «Իրանը չի միջամտում որեւէ երկրի ներքին գործերին, եւ միւսներին էլ թոյլ չի տայ միջամտել Հայաստանի ներքին գործերին»
«ԱԼԻՔ, ՀԱՏԻՍ – Եւրասիայի հարցերով փորձագէտ եւ Միջազգային իրաւունքի ամբիոնի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին X հարթակի իր միկրոբլոգում գրառում հրապարակելով՝ յատուկ անդրադարձ է կատարել Հայաստանի զարգացումներին, մասնաւորապէս Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը:
Փորձագէտը գրառման մէջ նշել է. «Իրանը չի միջամտում որեւէ երկրի ներքին գործերին, բայց եւ բացարձակապէս թոյլ չի տայ Բաքւին ու Անկարային եւ միւսներին՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Գոյատեւման եւ ոչնչացման պատմական շրջադարձում, Հայաստանի ժողովուրդն իրաւունք ունի խաղաղ միջոցներով որոշելու իր ճակատագիրը»։
Դոկտ. Քազեմիի թւիթը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել նաեւ թուրքամէտ շրջանակներում, որտեղ հրապարակւած մեկնաբանութիւնները շատ նման են Փաշինեանին սատարող հայկական շրջանակների մօտեցումներին: Երկու ձեռագրերում եղած նմանութիւնը թէեւ նորութիւն չէ, սակայն հայաստանեան զարգացումների ֆոնին այն կարելի է դիտարկել որպէս նոյն ուղեղային կենտրոններից սնուցանւած ակցիա, որով Հայաստանի ժողովրդի ինքնիշխանութիւնը վտանգած պանթուրքիզմի շունչը տարածելուց բացի, այն ուղիղ հարւած է՝ տարածաշրջանում Հայաստանի բնական դաշնակիցների շահերին:
Իրանի փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Կովկասի զարգացումներից է կախւած ծագած մի քանի հակամարտութիւնների ճակատագիրը: Բանը նրանում է, որ միջանցքների խաչմերուկ հասկացութիւնը «44-օրեայ»-ից յետոյ իր տեղը զիջեց մրցակից ուղիները մերժելու նախագծին, ինչն իրականացւում է անգլօ-սաքսոնական ձեռագրով, եւ, իհարկէ, սիոնիստա-թուրքական գործօնի ուղիղ դերակատարմամբ:
Հանրային կարծիքի ձեւաւորման դաշտում եղած նրբութիւնները հաշւի առնելով, սոցիալական ցանցերի օգնութեամբ փորձ է արւում չէզոքացնել ժողովրդին իրազեկելու բոլոր պատուհանները, այդ թւում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման էջերը «Ֆէյսբուք»-ում եւ առհասարակ «ՄԵԹԱ» տիրոյթում (ֆէյսբուք, վաթսափ, ինստագրամ, թրէդզ):
Սակայն սա չխանգարեց աշխարհասփիւռ հայ հասարակութիւններում արմատաւորւած ու հարազատ դարձած ազգային լրահոսին իրականացնել հայամէտ լրատւութիւնը, ինչը նաեւ հասանելի է օտարալեզու փորձագէտներին ու տեղական ԶԼՄ-ներին:
Այս առումով կարելի է նշել, որ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման համահաւաքներից մէկի ժամանակ Բագրատ Սրբազանի խօսքերը, իրանահայ նահատակների անուններով կոչւած փողոցների ու պողոտաների մասին արժանացել է Իրանի ԶԼՄ-ների ուշադրութեանը:
Նոյն կապակցութեամբ դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամեան ալիքում գրառում հրապարակելով մասնաւորապէս նշել է. «Իրանի հասարակութեան մէջ աննախադէպ հետաքրքրութիւն ու արձագանգ առաջացրեցին «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը ղեկավարող արքեպիսկոպոս Գալստանեանի ելոյթը, որով նա օրինակ բերելով Իրանի փորձն ու վերաբերմունքը ազգայինի ու արժէքների նկատմամբ, մասնաւորապէս՝ Իրան-Իրաք պատերազմին զոհւած զինւորներին նահատակ անւանելուն, նշել է, որ «Շահիդ»-ը իսլամադաւանների մօտ կրօնական յստակ ձեւակերպում է, որը տրւում է յանուն դաւանանքի զոհւածներին: Դա կոչում է, որով Իրանի Իսլամական Հանրապետութիւնն անւանել է նաեւ քրիստոնեայ իրանահայ նահատակներին եւ պողոտաներ է անւանակոչել նրանց անուններով»:
Քաղաքական փորձագէտ Էհսան Մովահեդեանի X սոցիալական ցանցում հրապարակած մայիսի 9-ի երթի մասին գրառմանը, այժմ այցելել է շուրջ 25 հազար մարդ։
Մեդիափորձագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Իւնէս Շոքրխահի կարծիքով՝ այս ցուցանիշն անհաւանական էր երկրից դուրս տեղի ունեցող զարգացումների մասին հրապարակումների առումով: Սա ցոյց է տալիս, որ իրանական հասարակութիւնը ուշադիր հետեւում է Հայաստանում տիրող իրավիճակին, որտեղ նաեւ Բագրատ Գալստանեանի յայտարարութիւնների կողքով այլեւս անտարբեր չեն անցնելու»: