Ապացուցւել է վիրտուալ իրականութեան բարձր արդիւնաւէտութիւնը մեծ դեպրեսիւ խանգարման բուժման համար
Նոր հետազօտութիւնում ուսումնասիրւել է իրականութեան ընդլայնման միջոցների օգտագործումը մեծ դեպրեսիւ խանգարման բուժման համար։ JMIR Mental Health ամսագրում հրապարակւած հետազօտութեան հեղինակները եկել են այն եզրայանգման, որ վիրտուալ իրականութեան օգնութեամբ կատարւող բուժումը բազմախոստումնալից է եւ տալիս է արդիւնքներ, որոնք համարժէք են դեպրեսիայի ընթացիկ հեռաբժշկական թերապիային։
Ընդլայնւած իրականութիւնը (XR) օգտատիրոջը տեղաւորում է վիրտուալ իրականութեան սինթեզւած միջավայրում, որը բաղկացած է տեսողութիւնից եւ ձայնից։ Ընթացիկ հետազօտութիւնում մեծ դեպրեսիւ խանգարման (ՄԴԽ) բուժման առաջին գծի ժամանակակից մեթոդներից մէկի՝ վարքային ակտիւացիոն թերապիայի արդիւնաւէտութիւնը համեմատւել է ընդլայնւած իրականութեան տարբերակի հետ, որը հետազօտութիւնում անւանւել է «XR-BA»։
Հետազօտողները կարծում են, որ XR-BA թերապիան կարող է առաջարկել աւելի հաճելի բուժում, ինչը կը դրդի պացիենտներին շարունակել այն։
Հիմնական ցուցանիշը, որն օգտագործւել է հետազօտութիւնում, այն միաւորներն են, որոնք ստացւել են պացիենտի առողջութեան հարցարանի պատասխաններում (PHQ-9), հարցումն իրականացւել է հեռախօսով։ PHQ-9 աւելի բարձր ցուցանիշերը վկայել են ՄԴԽ աւելի ծանր ձեւի մասին։
Հետազօտութեանը մասնակցել է 26 մարդ, որոնք ռանդոմացւած են եղել բուժման 3 շաբաթ տեւողութեամբ 4 սեանս անցնելու համար վարքային ակտիւացիոն թերապիայի կամ այն խմբում, որն ստացել է նոյն սեանսներով XR-BA թերապիա։ XR-BA-ի մասնակիցներն ունեցել են Meta Quest 2 վիրտուալ իրականութեան միջոցներ։
Մասնակիցների միջին տարիքը եղել է 50,3՝ գումարած 17 տարի։ Նրանց աւելի քան 70 տոկոսը եղել են կանայք, աւելի քան 20 տոկոսը՝ տղամարդիկ։
Երկու խմբերում նկատւել են միանման եւ վիճակագրական իմաստով նշանակալի միաւորներ ըստ PHQ-9 սանդղակի, ինչպէս նաեւ ախտանշանների արտայայտւածութեան նւազում հետազօտութեան սկզբից մինչեւ վերջ։
NEWS.am Medicine