Քրոնիկական ստրեսը պատանի տարիքում կարող է յանգեցնել պտղաբերութեան նւազման
Հետազօտութեան համաձայն, որը ներկայացւելու է էնդոկրինոլոգների 26-րդ Եւրոպական կոնգրեսում (տեղի է ունենալու մայիսի 11-14-ին Ստոկհոլմում), չափաւոր եւ կրկնւող ստրեսի ենթարկւող երիտասարդ որձ առնետների մօտ, հաւանաբար, նւազում է պտղաբերութիւնը, տեղեկացրել է Էնդոկրինոլոգիայի եւրոպական ընկերութիւնը։ Մինչ հորմոնների մակարդակը ախտաբանօրէն տատանւում է, յատկապէս կեանքի այն փուլերում, երբ տեղի է ունենում սեռահասունացումը, ստրեսը կարող է յանգեցնել արեան մէջ հորմոնների աւելցուկի կամ անբաւարարութեան։ Այդ հորմոնալ անհաւասարակշռութիւնը բացասաբար է ազդում սեռահասունացման եւ վերարտադրողական համակարգի, լիբիդոյի, ձւազատման եւ սերմնահեղուկի առաջացման վրայ։ Այս հետազօտութիւնում Ուկրաինայի Բժշկական գիտութիւնների ազգային ակադեմիայի Վ. Պ. Կոմիսարենկոյի անւան էնդոկրինոլոգիայի եւ նիւթափոխանակութեան ինստիտուտի գիտնականները զննել են 6 ամսական արու եւ էգ առնետներին այն բանից յետոյ, երբ դեռահասութեան ժամանակ (30-45 օրական) դրանց մօտ կէսին առանձին-առանձին տեղաւորել են փակ տարածքում ամէն առաւօտ մէկ ժամ երկու շաբաթւայ ընթացքում։ Նրանք համեմատել են ստրեսային պայմաններին ենթարկւած առնետներին վերահսկիչ խմբի առնետների հետ եւ յայտնաբերել, որ քրոնիկական ստրեսը սեռահասունացման շրջանում դանդաղեցնում է էգերի սեռահասունութիւնը, իսկ արուներն աւելի դանդաղ են քաշ հաւաքում։
Հասուն արուների մօտ սերմնահեղուկի քանակութիւնը նւազել էր 25,9 տոկոսով, որոշ սերմնաբջիջներ սխալ ձեւ ունէին եւ թոյլ էին կամ անշարժ, իսկ շնչառական պրոցեսը, որի օգնութեամբ սերմնաբջիջները էներգիա են ստանում, դանդաղել էր։ Բացի այդ, արուների մօտ գրեթէ երկու անգամ աւելի ցածր էր կորտիկոստերոնի՝ առնետների ստրեսի հիմնական հորմոնի մակարդակը, որը համարժէք է մարդու մօտ կորտիզոլի մակարդակին։
News.am