COVID-19-ի պատւաստումը նւազեցնում է մահացութեան վտանգը սրտի անբաւարարութեամբ հիւանդների մօտ
Սրտի անբաւարարութեամբ հիւանդները, որոնք պատւաստւել են COVID-19-ի դէմ, 82%-ով աւելի երկար ապրելու հաւանականութիւն ունեն, քան չպատւաստւածները, ասւում է Սրտաբանների եւրոպական ընկերութեան (ESC) «Սրտի անբաւարարութիւն 2024» գիտական համաժողովում ներկայացւած ուսումնասիրութեան մէջ: Նոր ուսումնասիրութեան ընթացքում հետազօտողները օգտագործել են Կորէայի առողջութեան ապահովագրութեան ազգային ծառայութեան տւեալների բազան: Մասնակիցները, որոնք COVID-19 պատւաստանիւթի երկու կամ աւելի չափաբաժին են ստացել, որակւել են «պատւաստւած», իսկ նրանք, ովքեր չեն պատւաստւել կամ ստացել են միայն մէկ չափաբաժին, որակւել են «չպատւաստւած»: Հետազօտութեանը մասնակցել է 18 եւ աւելի բարձր տարիքի սրտի անբաւարարութիւն ունեցող 651127 հիւանդ: Հիւանդների միջին տարիքը կազմել է 69,5 տարեկան, նրանց 50%-ը կանայք են եղել։ Ուսումնասիրութեան ընդհանուր մասնակիցներից 538434-ը (83%) ճանաչւել են պատւաստւած, իսկ 112693-ը (17%)՝ չպատւաստւած: Հետազօտութեան միջին ժամկէտը կազմել է վեց ամիս։ Համաձայն հետազօտութեան արդիւնքների, պատւաստման դէպքում յայտնաբերւել է բոլոր պատճառներով մահացութեան հաւանականութիւնը 82%-ով, սրտի անբաւարարութեան պատճառով հոսպիտալացումը 47%-ով եւ COVID-19-ով վարակւելու վտանգը 13%-ով նւազեցում։
Ինչ վերաբերում է սրտանօթային բարդութիւններին, ապա պատւաստումը կապւած է եղել ինսուլտի, սրտի նոպայի, միոկարդիտ/պերիկարդիտի եւ երակային թրոմբոէմբոլիայի զգալիօրէն ցածր հաւանականութեան հետ՝ պատւաստման բացակայութեան համեմատ։