Այլ

Գիտնականները յայտնաբերել են կապ տարեց մարդկանց ֆիզիկական վիճակի եւ հոգեվիճակի միջեւ

Գրանադայի կենսասանիտարական հետազօտութիւնների գիտահետազօտական ինստիտուտը Մալագայի կենսաբժշկական հետազօտութիւնների ինստիտուտի եւ  Նանոբժշկութեան պլատֆորմի (IBIMA Plataforma BIONAND) հետ համագործակցութեամբ իրականացրել է հետազօտութիւն, որում  ուսումնասիրել է տարեց մարդկանց մկանային ուժի եւ հոգեկան առողջութեան միջեւ փոխադարձ կապը։

Հետազօտութեանը մասնակցել է 90 մտաւոր առողջ տարեց մարդ (57 տոկոսը՝ կանայք), այն առաջարկում է նոր հեռանկարներ, թէ ինչպէս կարող է ֆիզիկական պատրաստւածութիւնն ազդել տարեց մարդկանց հոգեկան բարեկեցութեան վրայ։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են International Journal of Clinical and Health Psychology ամսագրում։ Այն կենտրոնացել է մկանային ուժի գնահատման վրայ տարբեր թեստերի օգնութեամբ, ինչպիսին են բռնելու ուժը, կքանիստը, արմունկները եւ ծնկները ծալելու վարժութիւնները, ինչպէս նաեւ այնպիսի ցուցանիշների օգնութեամբ, ինչպիսին է Ֆիզիկական պատրաստւածութեան միջազգային սանդղակը (IFIS)։

Բացի այդ, գնահատւել են հոգեկան առողջութեան տարբեր ասպեկտները, ներառեալ տագնապը, դեպրեսիան, ստրեսը, կեանքից բաւարարւածութիւնը, ինքնագնահատականը եւ յուզական բարեկեցութիւնը։

«Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ գոյութիւն ունի զգալի կապ բռնելու ուժի եւ ինքնագնահատականի, ինչպէս նաեւ զգացւող ուժի եւ դեպրեսիայի ախտանշանների միջեւ»,- յայտնել են գիտնականները։

Բացի այդ, նրանց խօսքով՝ այս հետազօտութեան արդիւնքներն «ընդգծում են լաւ մկանային ուժի պահպանման կարեւորութիւնը ոչ միայն ֆիզիկական առողջութեան, այլեւ հոգեկան բարեկեցութեան համար տարեց հասակում»։

News.am

Related Articles

Back to top button