Այլ

COVID-19-ը բարձրացնում է արեան մէջ ճարպային փոխանակման խախտումների հաւանականութիւնը

Ալբերտ Էյնշտէյնի բժշկական կոլէջի գիտնականները յայտնաբերել են, որ COVID-19-ը կարող է բարձրացնել դիսլիպիդեմիայի հաւանականութիւնը, վիճակ, որի դէպքում արեան մէջ նկատւում է լիպիդների (ճարպերի) անոմալ մակարդակ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Clinical Investigation-ում։

Լիպիդները ճարպերի եւ ճարպանման նիւթերի ընդարձակ խումբ են, որոնք պարունակւում են բոլոր կենդանի բջիջներում։ Դրանք անհրաժեշտ են էներգիայի պահպանման, միջբջջային ազդանշանների փոխանցման եւ բջջային մեմբրանների (թաղանթների) ստեղծման համար։ Ստուգելու համար, թէ ինչպէս է աշխատում ճարպային փոխանակութիւնը, եւ որպէսզի պարզւի սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վտանգը, բժիշկներն առաջարկում են արիւն յանձնել լիպիդային պրոֆիլի որոշման համար։ Լիպիդային պրոֆիլում սովորաբար մտնում են տրիգիլիցերիդները, ընդհանուր խոլեստերինը եւ տարբեր խտութեան լիպոպրոտէինները։

Հետազօտութեան շրջանակում, որին մասնակցել է 200 մեծահասակ կամաւոր, գիտնականներն ուսումնասիրել են, թէ ինչպէս է կորոնավիրուսային վարակն ազդում արեան մէջ լիպիդների կարգաւորման վրայ։ Երեք տարւայ ընթացքում, որոնք նախորդել են համավարակի սկսւելուն (2017-2019) գիտնականները տւեալներ են հաւաքել իւրաքանչիւր փորձարկւողի արեան լիպիդային պրոֆիլի մասին։ Այնուհետեւ հետազօտողները գնահատել են դիսլիպիդեմիայի տարածւածութիւնը նոյն խմբում 2020-2022 թթ.՝ ուսումնասիրութիւնից բացառելով այն մարդկանց, որոնց մօտ մինչ այդ ախտորոշւել էին լիպիդային փոխանակութեան խախտումներ (ինչպէս նաեւ այն անձանց, որոնք ընդունել էին հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ)։

Արդիւնքները ցոյց են տւել, որ COVID-19-ը բարձրացնում է դիսլիպիդեմիայի հաւանականութիւնը միջինը 29 տոկոսով։ Այդ հաւանականութիւնն աւելի մեծ էր 65-ից բարձր տարիքի մարդկանց մօտ։ Ռիսկի խմբում էին նաեւ դիաբետ, ճարպակալում, սիրտ-անօթային հիւանդութիւններ, թոքերի քրոնիկական օբստրուկտիւ հիւանդութիւն եւ հիպերտոնիա ունեցող մարդիկ։

Գիտնականներն ընդգծել են, որ դիսլիպիդեմիան սրտի նոպայի եւ ինսուլտի հաւանականութեան հիմնական գործօններից է։ Բանն այն է, որ որոշ ճարպանման նիւթերի աւելցուկը (կամ անբաւարարութինը) պատճառ է հանդիսանում աթերոսկլերոտիկ բշտի առաջացման համար։ Տեղի են ունենում թրոմբի առաջացում եւ անօթների սպազմ։ Դա էլ խոչընդոտում է արեան հոսքին եւ ստեղծում յարմար պայմաններ անօթային աղէտի համար։

News.am

Related Articles

Back to top button