Մշակութային

Նախաքրիստոնէական պատմաշրջան

Կազմեց ՊԵՏՐՈՍ ԹՈՎՄԱՍԵԱՆԸ

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ՈՒՐԱՐՏՈՒԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐ

Ուրարտուի Սարտուր Ա-ին յաջորդեց իր որդին Իշպուինի (825-810 ք.ա.), նա եղաւ բացառիկ մի գահակալ, նա դեռեւս ողջ էր, երբ իր երիտասարդ զաւակին՝ Մենուային (810-786 ք.ա.) գահ բարձրացրեց, եւ ինքը մնաց որպէս խնամակալ թագաւոր. մի բան, որ շատ հազւագիւտ պատմական արարք էր, այդ պատմաշրջանին: Հայր ու որդի (Իշպուինի եւ Մենուա) թագաւորները օգտւելով Ասորեստանի ներքին խառնակ վիճակից՝ նւաճեցին հարեւան տարածքները, եւ նրանք միացրեցին Ուրարտուին: Նրանք նւաճեցին երկու լիճերի՝ Վանայ եւ Ուրմիայի միջեւ գտնւող տարածքները. ուր  գտնւում էր Մուսասիր (Արդինի) քաղաքը, որ զարգացաւ ու եղաւ Ուրարտուի կրօնական կարեւոր կենտրոնը: Այս արշաւանքներին Ուրարտուի բանակը ունէր 106 ռազմակարգ, 9174 հեծելազօր եւ 2704 հետեւակ: Այսպէս, Ուրարտուն պաշտպանողական դիրքից անցել էր հարձակողական դիրքի: Հայր ու որդի գահակալները իրենց գործերի եւ արշաւանքների մասին թողեցին սեպագիր արձանագրութիւններ, որոնք ներկայանում էին ուրարտերէնով պատմական առաջին վաւերագրերը, «Յանուն Հայկ աստծու, Տիրակալի, Սարդուրի որդի Իշպուինին եւ Իշպուինի որդի Մենուան այս արձանագրութիւնը կանգնեցրին: Հայկ աստւածը արշաւի ելաւ իր զէնքով………….»:

Ուրարտուի արքայ Մենուա (810-786 ք.ա.), ռազմական յաջող արշաւանքներով բոլոր ուղղութիւններով՝ մեծ նւաճումներ կատարեց:

Մենուայի ջանքերով Ուրարտուն վերածւեց գերպետութեան, որի ազդեցութիւնը հասաւ մինչեւ Կիլիկիոյ Միջերկրականի ափերը, ինչպէս նաեւ Տրաբիզոնի Սեւ ծովի ափերը:

Մենուայի ստեղծած կայսրութիւնը տեւեց մօտաւորապէս 80 տարի, իր եւ իր յաջորդներ՝ Արգիշտի Ա, Սարտուր Բ եւ Ռուսա Ա-ի գահակալութեան տարիներին: Երբ Մենուան մահացաւ 786 ք.ա. Ուրարտուն որպէս կայսրութիւն՝ իր ընդարձակութեամբ եւ բնակչութեամբ հաւասար էր իր մրցակից հզօր Ասորեստանին:

Հայոց պատմութեան մէջ, վեց դար յետոյ՝ Տիգրան Բ (95-55 ք.ա.) նոյնպէս ստեղծեց մի գերպետութիւն, որ իր ծաւալով աւելի ընդարձակ էր Մենուայի ստեղծած կայսրութիւնից, բայց աւելի կարճ կեանք ունեցաւ, հազիւ 22 տարի:

ԱՐՇԱԿՈՒՆԵԱՑ ՊԱՏՄԱՇՐՋԱՆ

Սասանեան Պարսկաստանի եւ Հռոմէական կայսրութեան պայքարի ազդեցութիւնը Հայաստանի վրայ

Սասանեանների պայքարը հռոմէացիների հետ 3-րդ դարի վերջերում ունեցաւ իր ճակատագրական ազդեցութիւնը Հայաստանի Արշակունեաց հարստութեան վրայ: Երբ պայքարը ընթանում էր յօգուտ Հռոմի բնականաբար Հայաստանը օգտւում էր քաղաքական իրավիճակից, օրինակ երբ 298 թ. Սասանեանները ստիպւած եղան ստորագրել իրենց ոչ նպաստաւոր Մծբինի Դաշնագիրը 298 թ. ու համաձայն այդ դաշնագրի Տրդատ Գ (298-330) հաստատւեց Հայաստանի գահին. այդ հանգրւանին Վերին Միջագետքի որոշ տարածքներ Ամադիա քաղաքով միացւեցին Արշակունեաց Հայաստանին:

Մծբինի Դաշնագիրը երկարատեւ խաղաղութեան տարիներ բերաւ տարածաշրջանին, մօտաւորապէս քառասուն տարի. որի ընթացքում Հայաստանում տեղի ունեցաւ ճակատագրական պատմական մի զարգացում, երբ Քրիստոնէութիւնը յայտարարւեց Հայաստանի Արշակունեաց թագաւորութեան միակ արտօնւած պետական կրօնը: Այդ որոշմամբ Հայաստանը եղաւ մարդկութեան պատմութեան մէջ առաջին քրիստոնեայ երկիրը:

Ու երբ 4-րդ դարին Սասանեանների պայքարը հռոմէացիների դէմ էր ընթանում յօգուտ Սասանեանների, Հայաստանի Արշակունեաց թագաւորութիւնը ենթարկւեց զօրաւոր ցնցումների. Արշակ Բ թագաւորը զոհ գնաց Հռոմի ստորագրած խայտառակ դաշինքին Սասանեան Շապուհ Բ-ի հետ:

Վերջապէս, երբ զգալի եղաւ Սասանեանների ուժի գերակշռութիւնը այդ պատմական պայքարի, տեղի ունեցաւ Հայաստանի առաջին բաժանումը, երբ Արշակունեաց թագաւորութիւնը 387 թ. բաժանւեց անհաւասար երկու մասի. ու Մեծ Հայքի մօտաւորապէս երեք քառորդը անցաւ Սասանեան կայսրութեան, իսկ մնացածը Բիւզանդիոնին: Հայաստանի առաջին բաժանումով 387 թ. Արշակունեաց թագաւորութիւնը թեւակոխեց իր հոգեւարքի շրջանը:

Հայաստանի արեւելեան մասում Վռամշապուհի (388-414) թագաւորութեան շրջանին տեղի ունեցաւ Հայ Գրերի գիւտը, որ հանդիսացաւ այս պատմահանգրւանի երկրորդ ճակատագրական մեծ դէպքը Հայոց պատմութեան մէջ Հայաստանի քրիստոնէացումից յետոյ: Սակայն Վռամշապուհի մահից յետոյ 414 թ. Սասանեան արքունիքը սաստկացրեց իր ճնշումը Հայաստանի վրայ, եւ ի վերջոյ Սասանեանները 428 թ. հասան իրենց նպատակի իրականացման ու վերջ տւեցին Հայաստանի Արշակունեաց թագաւորութեանը:

Աղբիւր՝ «ՊԱՏՄԱՔԱՂ», թիւ՝ 46 , 12 մայիսի 2024 թ.

(Արեւելահայերէնի վերածւած)

(Շար. 1)

Related Articles

Back to top button