Այլ

Կալիումով հարուստ սննդակարգը կարող է նւազեցնել դեպրեսիայի ռիսկը

Նոր հետազօտութիւնը պարզել է, որ կալիումով հարուստ սննդակարգը կարող է նւազեցնել դեպրեսիայի ռիսկը, եւ դա հաստատւել է ԱՄՆ-ի եւ Հարաւային Կորէայի տւեալներով։

ԱՀԿ-ի տւեալներով, աշխարհի չափահաս բնակչութեան մօտ 5 տոկոսը տառապում է դեպրեսիայից։ Թէեւ դրա զարգացման վրայ ազդում են բազմաթիւ գործօններ, Nutrients ամսագրում գիտնականները նշել են, որ ուսումնասիրած 7 հանքանիւթերից՝ նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ եւ կալցիում, կալիումը կայունօրէն կապւում է դեպրեսիւ ախտանիշների աւելի ցածր հաւանականութեան հետ երկու երկրներում։

ԱՄՆ-ում դեպրեսիայի ռիսկը լրացուցիչ նւազեցնում էր ցինկի աւելի մեծ օգտագործումը, իսկ Կորէայում՝ նատրիումինը, ինչը արտացոլում է սննդի մշակութային տարբերութիւնները։

Վերլուծութիւնը հիմնւած է ազգային մասշտաբով իրականացւած հետազօտութիւնների տւեալների վրայ՝ KNHANES (Կորէա) եւ NHANES (ԱՄՆ), որոնք ներառել են աւելի քան 22000 մասնակից։

Հանքանիւթերի օգտագործումը գնահատւել է 24-ժամայ սննդային օրագրերի միջոցով, իսկ դեպրեսիան՝ հաստատւած սկրինինգային սանդղակներով։ Գիտնականները հաշւի են առել բազմաթիւ գործօններ՝ տարիքից մինչեւ կենսակերպ՝ սննդակարգի եւ հոգեկան վիճակի միջեւ կայուն կապը բացայայտելու համար։

Կալիումի հնարաւոր ազդեցութեան մեխանիզմը կապւած է նեարդային ազդակների փոխանցման մէջ նրա դերակատարութեան հետ. նատրիում-կալիում պոմպի միջոցով այն մասնակցում է նէյրոտրանսմիտերների՝ այդ թւում սերոտոնինի՝ հիմնական «ուրախութեան հորմոնի» կարգաւորմանը։ Բացի այդ, կալիումով հարուստ հաւասարակշռւած սննդակարգերը նպաստում են բորբոքման նւազեցմանը եւ աղիքային միկրոբիոտայի առողջութեան պահպանմանը, ինչը նոյնպէս կարեւոր է էմոցիոնալ բարեկեցութեան համար։

Մասնագէտները ընդգծում են, որ, չնայած հետազօտութեան դիտարկող բնոյթին եւ ուղիղ պատճառահետեւանքային կապի բացակայութեանը, կարելի է խորհուրդ տալ սննդակարգում ներառել կալիումով հարուստ մթերքներ՝ բանան, աւոկադօ, ընդեղէն, կանաչ բանջարեղէն եւ կարտոֆիլ։ Նման սննդակարգերը կարող են դառնալ դեպրեսիայի ռիսկի նւազեցման հասանելի եւ անվտանգ ռազմավարութիւն։

News.am

Related Articles

Back to top button