Հայաստան - ԱրցախՄիջազգայինՏնտեսական

Ռուսական գազի իրանական հեռանկարը եւ հայկական ճանապարհի ամերիկեան երազանքը

«ԱԼԻՔ» – Իրանը յոյս ունի, որ ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կը կարողանան սկսւել մօտ ապագայում. «Գազպրոմի» հետ կապւած գրեթէ բոլոր հարցերն արդէն լուծւած են՝ ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք պէտք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերեալ։ Եթէ այս հարցը նոյնպէս լուծւի, ապա ամէն ինչ կը սկսւի»,- նշել է նա։

Աւելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգէյ Ցիւիլեւն էր Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ յայտարարել, որ ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցւածքների միջոցով կը սկսւեն 2025-ին՝ տարեկան 1,8 մլրդ խորանարդ մետր ծաւալով։

Էներգետիկ եւ անվտանգութեան հարցերով փորձագէտ Արմէն Մանուէլեանը, սակայն, թերահաւատ է այս գործակցութեան հեռանկարի առնչութեամբ։

«Դժւար թէ այդ ծրագիրն այժմ կարողանան իրականացնել՝ պայմանաւորւած, առաջին հերթին, ռուս ադրբեջանական յարաբերութիւններով, որովհետեւ այդտեղ խնդիրները լուծւած չեն, ու մատակարարման հաւանականութիւնը, անկախ Ռուսաստանում Իրանի դեսպանի սպասումներից, քիչ հաւանական են,- 168.am-ի հետ զրոյցում արձանագրեց Արմէն Մանուէլեանը եւ պարզաբանեց,- ճի՛շտ է, ընդհանուր համաձայնութիւն կայ այդ ծրագրի շուրջ, բայց, սովորաբար, երբ 3 երկրների ղեկավարներ կնքում են պայմանագիրը, համաձայնութեան են գալիս մատակարարումների շուրջ, յետոյ պէտք է աւելի ցածր աստիճաններով ընդհանուր համաձայնութեան գան տեխնիկական հարցերի վերաբերեալ։ Այդ ցածր աստիճանի պայմանագրերը, որոնք աւելի տեխնիկական են, չկան։ Կան նաեւ այլ տիպի պրոբլեմներ․ Ռուսաստանն Իրանին կապող գազամուղը մեծ հզօրութիւն չունի, հետեւաբար, կա՛մ պիտի նոր գազամուղ կառուցեն, կա՛մ պէտք է այդ գազամուղի տարանցիկութիւնն ուժեղացնել, ինչը եւս չի արւել»,- նշել է նա:

Հէնց այս համատեքստը հաշւի առնելով է փորձագէտն արձանագրում, որ ռուսական գազի մատակարարման այդ ուղու համար գործնականում քայլեր չեն արւել, հետեւաբար՝ քիչ հաւանական է այս պայմանում դրա իրականացումը։

Քանի որ Նիկոլ Փաշինեանը վաշինգտոնեան այցի շրջանակում համաձայնագրի ստորագրումից յետոյ իր հերթական ասուլիսում քաղաքացիներին համոզում էր, թէ, այսպէս կոչւած, Թրամփի անւան ճանապարհը ներառելու է երկաթուղի, նաւթի եւ գազի գծեր եւ ենթադրելու է միջազգային համագործակցութիւն, Արմէն Մանուէլեանից հետաքրքրւեցինք՝ արդեօ՞ք Հայաստանն այսկերպ հնարաւորութիւն կունենայ մաս կազմել միջազգային պրոյեկտներին։

Արմէն Մանուէլեանը հաւանական չի համարում այդ հնարաւորութիւնը՝ տեսակէտը հիմնաւորելով տարածաշրջանային նախադէպերով. «Ադրբեջանը ժամանակին կառուցեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը թէեւ բաւական մեծ թողունակութիւն ունի, բայց աշխատում է իր հնարաւորութեան 10-5 տոկոսի չափով։ Այսինքն՝ եթէ նոյնիսկ այդ երկաթգիծը չեն կարողանում ամբողջովին, ամբողջ ծաւալով աշխատեցնել, ապա ի՞նչ սպասել, այսպէս կոչւած, Թրամփի ճանապարհից, կամ, այսպէս կոչւած, «միջանցք»-ից։ Այն աւելի շատ թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, նրանց համատեղ շահերից բխող, քան ինչ-որ միջազգային ծրագիր, միջազգային հաղորդակցութեան համակարգ։

Կան արդէն գործող էֆեկտիւ ճանապարհներ, որոնք քիչ ներդրումով կաշխատեն, բայց չեն աշխատում՝ ելնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական նախասիրութիւններից»։

Նկատենք՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտօնական բացման արարողութիւնը տեղի է ունեցել դեռեւս 2017 թւականին, սակայն այնտեղ շինարարական եւ տեխնիկական աշխատանքները շարունակւում են։ Չնայած հանգամանքին, որ այս նախագիծն Ադրբեջանի վրայ նստել է մօտ 900 միլիոն դոլար, սակայն, ըստ տարբեր հրապարակումների, այն գնահատւում է՝ որպէս ցածր ֆինանսական արդիւնաւէտութիւն ունեցող նախագիծ։

Զրոյցը՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button