Այլ

Կեղեւով տապակած գետնանուշը բարելաւում է ուղեղի արեան հոսքը

Կեղեւով չաղացած տապակած գետնանուշի կանոնաւոր օգտագործումը բարելաւում է գլխուղեղի անօթների աշխատանքը եւ ուժեղացնում յիշողութիւնը տարեց մարդկանց մօտ։ Նման եզրակացութեան են եկել Մաաստրիխտի համալսարանի հետազօտողները։ Աշխատանքը հրապարակւել է Clinical Nutrition ամսագրում։

Գլխուղեղի արիւնամատակարարման հետ կապւած խնդիրները տարիքային ճանաչողական խանգարումների հիմնական ֆիզիոլոգիական նշաններից են։ Թթւածնի եւ սննդանիւթերի մատակարարման նւազումը վատթարացնում է նէյրոնների աշխատանքը եւ կապւած է դեմենցիայի բարձր ռիսկի հետ։ Այդ իսկ պատճառով գիտնականներն ակտիւօրէն ուսումնասիրում են կենսակերպի եւ սննդակարգի ազդեցութիւնը գլխուղեղի անօթային առողջութեան վրայ։

Չնայած այն հանգամանքին, որ գետնանուշը բուսաբանօրէն պատկանում է բակլազգիներին, սննդային յատկանիշներով այն մօտ է ընկոյզներին. այն պարունակում է բուսական սպիտակուց, չհագեցած ճարպեր, բջջանիւթ եւ բազմաթիւ կենսաբանօրէն ակտիւ նիւթեր։ Հետազօտութեան դրդապատճառներից մէկը L-արգինինի բարձր մակարդակն է. դա մի ամինաթթու է, որը մասնակցում է ազոտի օքսիդի արտադրութեանը, որն ընդլայնում է անօթները եւ կարգաւորում արեան հոսքը։ Գետնանուշի կճեպը հարուստ է պոլիֆենոլներով, ներառեալ ռեսվերատրոլը, որն օժտւած է հակաօքսիդանտ յատկութիւններով։

Փորձին մասնակցել է 31 առողջ կամաւոր՝ 60-ից 75 տարեկան։ Հետազօտութիւնն անցկացւել է պատահականացւած սկզբունքով, վերահսկւող քրոսովեր փորձի ձեւաչափով. իւրաքանչիւր մասնակից անցել է երկու՝ 16-շաբաթական փուլ. կեղեւով տապակած 60 գրամ գետնանուշի ամենօրեայ օգտագործմամբ եւ առանց դրա։ Փուլերի միջեւ եղել է ութշաբաթեայ «մաքրման» ժամանակաշրջան։

Գլխուղեղի անօթների վիճակը գնահատւել է ոչ ինւազիւ ՄՌՏ (Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) մեթոդիկայի միջոցով, որը թոյլ է տալիս չափել արեան հոսքի ծաւալը՝ առանց կոնտրաստային նիւթերի եւ ճառագայթման։ Ճանաչողական ֆունկցիաները փորձարկւել են համակարգչային նէյրոհոգեբանական թեստերի կիրառմամբ։

Գետնանուշի օգտագործման շրջանից յետոյ գլխուղեղի ընդհանուր արեան հոսքն աճել է 3,6%-ով, իսկ գորշ նիւթում (մասում)՝ 4,5%-ով։ Առաւել արտայայտւած փոփոխութիւններ են դիտւել ճակատային բլթերում (աճ՝ 6,6%) եւ քունքային բլթերում (4,9%)՝ այն գօտիներում, որոնք մասնակցում են յիշողութեան, խօսքի եւ գործադիր ֆունկցիաների ձեւաւորմանը։

Արիւնամատակարարման բարելաւման ֆոնին բարձրացել են նաեւ ճանաչողական ցուցանիշները. մասնակիցները 5,8% աճ են ցոյց տւել բանաւոր յիշողութեան թեստերում։ Յետաձգւած վերարտադրութեան ժամանակ նրանք աւելի շատ բառեր եմ յիշում եւ ճանաչում, քան վերահսկիչ շրջանում։

Դիետայի ազդեցութիւնը դրսեւորւել է նաեւ սրտանօթային ցուցանիշների վրայ։ Սիստոլիկ ճնշումը նւազել է միջինը 5 մմ սնդիկի սեան չափով, իսկ պուլսային ճնշումը՝ 4 մմ սնդիկի սեան չափով։ Չնայած լրացուցիչ կալորիականութեանը (օրական մօտ 340 կկալ), փորձարկւողների մարմնի զանգւածը էապէս չի փոխւել. գիտնականները ենթադրում են, որ մասնակիցները ինտուիտիւ կերպով փոխհատուցել են աւելորդ կալորիաները՝ կրճատելով այլ մթերքներ։

News.am

Related Articles

Back to top button