Նարնջի հիւթի կանոնաւոր օգտագործումը բարենպաստ ազդեցութիւն ունի իմունային բջիջների վրայ

Վերջերս կատարւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ նարնջի հիւթի կանոնաւոր օգտագործումը մեր իմունային բջիջներում փոխում է հազարաւոր գէների գործառոյթը: Այդ գէների զգալի մասը ներգրաււած է արեան ճնշումը կարգաւորող, բորբոքումը նւազեցնող եւ շաքարի նիւթափոխանակութիւնը վերահսկող մեխանիզմներում:
Այս բոլորը կարեւոր գործընթացներ են երկարատեւ սրտանօթային առողջութեան համար, The Conversation-ում հրապարակւած յօդւածում նշում է Վեստմինստերի համալսարանի քիմիական պաթոլոգիայի աւագ դասախօս Դէյւիդ Կ. Գէյզը:
Վերջերս կատարւած հետազօտութեան ընթացքում չափահաս մասնակիցներին խնդրել են երկու ամիս շարունակ ամէն օր 500 մլ մաքուր պաստերիզացւած նարնջի հիւթ խմել:
60 օր անց հետազօտողները յայտնաբերել են աւելի քիչ բորբոքմանն առնչւող գեներ, մասնաւորապէս սթրեսի ժամանակ ակտիւացող NAMPT, IL6, IL1B եւ NLRP3 գէները, հաղորդում է Euronews-ը: SGK1 գէնը, որն ազդում է երիկամների նատրիումը պահպանելու ունակութեան վրայ, նոյնպէս ակտիւութեան նւազում է ցոյց տւել: Այս փոփոխութիւնները համապատասխանում են նախորդ հետազօտութիւններին, որոնք ցոյց են տւել, որ նարնջի հիւթի կանոնաւոր օգտագործումն իջեցնում է երիտասարդների արեան ճնշումը:
Փորձագէտների կարծիքով՝ արդիւնքները ենթադրում են, որ նարնջի հիւթը օրգանզիմը կարգաւորող համակարգերում փոքր, բայց նշանակալի փոփոխութիւններ է առաջացնում, որոնք նպաստում են արեան անօթների լայնացմանը, նւազեցնում բորբոքումը եւ պաշտպանում սրտի առողջութիւնը։
Նարինջում պարունակող ֆլաւոնոիդ հեսպերիդինի հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային յատկութիւնները վաղուց ճանաչւած են։ Նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ այդ բնական բաղադրիչը բարենպաստ ազդեցութիւն ունի այնպիսի գործընթացների վրայ, ինչպիսիք են արեան բարձր ճնշումը, խոլեստերինի հաւասարակշռութիւնը եւ շաքարի նիւթափոխանակութիւնը։
Մարմնի կազմւածքը եւս ազդում է օրգանիզմի արձագանքի վրայ նարնջի հիւթի նկատմամբ։ Ճարպի նիւթափոխանակութեանն առնչւող գէներն աւելի ուժեղ են ակտիւանում աւելորդ քաշ ունեցող մարդկանց օրգանզիմում, մինչդեռ բորբոքմանն առնչւող գէներն աւելի ցայտուն փոփոխութիւններ են ցոյց տւել նիհար մասնակիցների շրջանում։
Ըստ 639 մարդու մասնակցութեամբ 15 հետազօտութիւնների համակարգւած ուսումնասիրման՝ նարնջի հիւթի կանոնաւոր օգտագործումը կարող է նւազեցնել ինսուլինային դիմադրութիւնը եւ LDL խոլեստերինը (Low-density lipoprotein)։ Ինսուլինային դիմադրութիւնը նախադիաբետի հիմնական ցուցանիշ է, իսկ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը։
Աւելորդ քաշ ունեցող մարդկանց վերաբերեալ մէկ այլ հետազօտութեան մէջ, նարնջի հիւթի օրական մի քանի շաբաթ օգտագործումը փոքր-ինչ նւազեցրել է սիստոլիկ արեան ճնշումը եւ բարձրացրել HDL (լաւ) խոլեստերինը։
Թէեւ այս փոփոխութիւնները կարող են փոքր թւալ, դրանք երկար տարիների ընթացքում զգալի ազդեցութիւն ունեն սրտի առողջութեան վրայ։
Մետաբոլիտների հետազօտութիւնները պարզել են, որ նարնջի հիւթն ազդում է էներգիայի օգտագործման, միջբջջային հաղորդակցութեան եւ բորբոքային ուղիների վրայ: Մէկ ամիս կանոնաւոր օգտագործումից յետոյ կամաւորների մօտ կարճ շղթայով ճարպաթթուներ արտադրող աղիքային մանրէների քանակի աճ է նկատւել: Այդ նիւթերը կապւած են առողջ արեան ճնշման եւ ցածր բորբոքման հետ:
Նիւթափոխանակութեան համախտանիշ ունեցող մարդկանց մասնակցութեամբ անցկացւած հետազօտութեան ժամանակ նարնջի հիւթը բարելաւել է էնդոթելային ֆունկցիան, որն առնչւում է արեան անօթների լայնացման ունակութեանը: Էնդոթելային ֆունկցիայի բարելաւումը կապւած է սրտի կաթւածի ռիսկի նւազման հետ:
Թէեւ որոշ հետազօտութիւններ HDL-ի եւ տրիգլիցերիդների մակարդակի էական փոփոխութիւններ չեն յայտնաբերել, ընդհանուր միտումն այն է, որ նարնջի հիւթը նւազեցնում է բորբոքումը, բարելաւում է արեան հոսքը եւ մեծացնում սրտի հիւանդութիւնների ռիսկի մարկերները:
Բրազիլիայի նարնջի հիւթի գործարանում անցկացւած հետազօտութիւնը պարզել է նաեւ, որ աշխատողների շրջանում նւազել է խոլեստերին պարունակող մասնիկներն արտացոլող եւ սրտի կաթւածի ռիսկը մեծացնող apo-B մարկեր մակարդակը:
News.am



