Կաթնամթերքը նւազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղի վտանգը
Ամերիկացի բժիշկ-ուռուցքաբան Նիկոլ Էնդրիւսը նշել է, որ անիւղ միսը, թռչնամիսը, ձուն, կաթնամթերքը, ընկոյզը, արեւածաղկի սերմերը եւ սոյան ընդունակ են նւազեցնելու քաղցկեղի առաջացման վտանգը: Դրա մասին յայտնել է Healthnews պարբերականը։ Բժիշկը պարզաբանել է, որ կարմիր եւ վերամշակւած մսի (երշիկ, նրբերշիկ, բեկոն) չափից աւելի օգտագործումը զգալիօրէն մեծացնում է քաղցկեղի առաջացման հաւանականութիւնը։
Սակայն այս ապրանքներից ամբողջութեամբ հրաժարւելն անպայման չէ, ուռուցքաբանը խորհուրդ է տալիս սահմանափակել դրանց սպառումը շաբաթական 18 ունցիա (մօտ 510 գրամ): Կարմիր մսի, բուրգերների, հոթ դոգերի եւ խոզապուխտների փոխարէն Էնդրիւսը խորհուրդ է տալիս անիւղ հաւ, հնդկահաւ, ձուկ, ձու եւ ծովամթերք նախընտրել։
Ուռուցքաբանը յաւելել է, որ անհրաժեշտ քանակութեամբ սպիտակուց ստանալու համար կարելի է կոկտէյլների համար սպիտակուցի (պրոտեինային) փոշի օգտագործել։ Ընդորում, այս նպատակի համար լաւագոյնս համապատասխանում են չափազանց շատ միկրոէլեմենտներով չհարստացւած տարբերակները:
Ըստ բժշկի՝ չի կարելի մոռանալ բուսական սպիտակուցի մասին՝ ընկոյզը, սերմերը, լոբին, տոֆուն («սոյայի շոռ»՝ սոյայի ունդերից պատրաստւած սպիտակուցով հարուստ սննդամթերք) եւ սոյան կարող են նւազեցնել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը։
Դրանք հարուստ են բջջանիւթով, մարսողութիւնը բարելաւող առողջ սննդային մանրաթելերով, որոնք օրգանիզմում կանխում են համակարգային բորբոքումների առաջացումը (բորբոքումը բազմաթիւ հիւանդութիւնների յարուցիչ է):
Կաթնամթերքը, մասնաւորապէս, կաթնաշոռն ու ցածր իւղայնութեամբ պանիրը, պարունակում է կալցիում, որը նւազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։
NEWS.am Medicine