Այլ

Բուսական ծագման գերվերամշակւած մթերքները 15%-ով բարձրացնում են սրտի նոպաների եւ ինսուլտների  վտանգը

Գիտնականները յայտնաբերել են, որ բուսական ծագման գերվերամշակւած մթերքները, ինչպիսին են վեգանական նրբերշիկները, բուրգերները, որոնք նախատեսւած են կենդանական ծագման մթերքների, ինչպէս նաեւ թխւածքների եւ չիպսերի փոխարինման համար, կապւած են սրտի նոպաների եւ ինսուլտների 15 տոկոսով աւելացման վտանգի հետ։ Այս մասին վկայում են UK Biobank-ի աւելի քան 118 000 մասնակիցների տւեալները։

Lancet Regional Health – Europe ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը վկայում է այն մասին, որ այդ վտանգը գոյութիւն ունի անգամ բուսական մթերքների պարագայում, իսկ չափից շատ օգտագործումը կապւած է սրտի պատճառով մահացութեան 15 տոկոս աճի հետ։

Հետազօտութիւնում, որին մասնակցել են փորձագէտներ Լոնդոնի Կայսերական կոլէջից, օգտագործւել են 40-69 տարեկան աւելի քան 118000 բրիտանացիների տւեալները, որոնք գնահատել են իրենց սննդաբաժինը առնւազն երկու օրում։

Գիտնականները սնունդը բաժանել են բուսականի՝ մրգեր, բանջարեղէններ, հացահատիկեղէն, հաց, ինչպէս նաեւ թխւածքներ եւ քաղցրեղէններ, եւ կենդանականի՝ ձուկ, թռչնամիս, կարմիր միս, ձու եւ կաթնամթերքներ։ Այս երկու խմբերը  բաժանւել են ուլտրամշակւածների (UPF) եւ ոչ ուլտրամշակւածների։

Յետոյ այս տւեալները համադրւել են հիւանդանոցների եւ մահացութեան մասին տւեալների հետ, որպէսզի տեղեկութիւն ստանան սիրտ-անօթային հիւանդութիւնների մասին։

Պարզւել է, որ բուսական մթերքներ օգտագործող մարդիկ 7 տոկոսով աւելի շատ են ենթակայ եղել սրտի անօթների խցանման, եւ 15 տոկոսով աւելի բարձր է եղել նրանց մահացութեան հաւանականութիւնը սիրտ-անօթային հիւանդութիւններից։

Չմշակւած վեգետարիանական մթերքների օգտագործման աւելացումը, ինչպիսին են թարմ մրգերը եւ բանջարեղէնները, 10 տոկոսով իջեցրել է սրտային հիւանդութիւնների վտանգը։

Գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ մահացութիւնը սիրտ-անօթային հիւանդութիւններից աւելի ցածր է եղել բուսակերների մօտ, որոնք ամէնից քիչ օգտագործել են ճարպաթթուներ, եւ 13 տոկոսով աւելի քիչ են եղել սիրտ-անօթային հիւանդութիւններն առհասարակ՝ կապւած զարկերակներում ճարպային նստւածքների կուտակման հետ։

NEWS.am Medicine

Related Articles

Back to top button