Այլ

Նոր հետազօտութիւնը մարդու ուղեղի տարիքի հինգ փուլ է սահմանել

Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը կեանքի ընթացքում անցնում է մի քանի տարբեր փուլերով, որոնցից հիմնական շրջադարձային կէտերը տեղի են ունենում 9, 32, 66 եւ 83 տարեկանում: Հետազօտութեան հեղինակները յոյս ունեն, որ այդ փուլերից իւրաքանչիւրում ուղեղի վիճակի ըմբռնումը կօգնի աւելի լաւ հասկանալ հոգեկան խանգարումների եւ դեմենցիայի պատճառները:

Հետազօտութեանը մասնակցել է մօտ 90 տարեկան 4000 մարդ, գիտնականները սկանաւորել են նրանց գլխուղեղը՝ պարզելու համար՝ ինչպէս են գործում նրանց ուղեղի բջիջների միջեւ կապերը:

Քեմբրիջի հետազօտողները եզրակացրել են, որ ուղեղը մնում է երիտասարդական փուլում մինչեւ մօտ 30 տարեկանը՝ տարիք, որը սովորաբար համարւում է մարդու զարգացման գագաթնակէտը:

Գիտնականները կարծում են, որ նոր հետազօտութեան արդիւնքները կօգնեն հասկանալ, թէ ինչու են հոգեկան խանգարումների եւ դեմենցիայի ռիսկերը տարբերւում կեանքի տարբեր փուլերում:

Հետազօտական խմբի արդիւնքները հրապարակւել են Nature Communications գիտական հանդէսում:

Երբ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ եւ փորձ, ուղեղն անընդհատ փոխւում է, բայց հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ դա ծնունդից մինչեւ մահ տեղի ունեցող մէկ սահուն գործընթաց չէ:

Փոխարէնը, գոյութիւն ունի ուղեղի ֆունկցիայի հինգ փուլ.

Մանկութիւն՝ ծնունդից մինչեւ 9 տարեկանը;

Երիտասարդութիւն՝ 9-ից մինչեւ 32 տարեկանը;

Չափահասութիւն՝ 32-ից մինչեւ 66 տարեկանը։

Վաղ ծերացում՝ 66-ից մինչեւ 83 տարեկանը։

Ուշ ծերացում՝ 83 տարեկանից սկսած։

«Ուղեղը վերագործարկւում է ամբողջ կեանքի ընթացքում։ Այն անընդհատ ամրապնդում է որոշ կապեր եւ թուլացնում միւսները, եւ դա հաստատուն, հաւասար գործընթաց չէ. կան ուղեղի վերագործարկման տատանումներ եւ փուլեր»,- BBC-ի հետ զրոյցում ասում է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ դոկտոր Ալեքսա Մոուսլին։

Մարդկանցից ոմանց մօտ այս փուլերն ունենում են աւելի վաղ կամ ուշ, բայց ընդհանուր առմամբ, դրանք այն տարիքային շեմերն էին, որոնք առաւել յաճախ նկատւում էին հետազօտութեան մասնակիցների ուղեղի սկանաւորման ժամանակ։

Մանկութիւն։ Այս առաջին շրջանում ուղեղն արագօրէն մեծանում է չափսերով, բայց միաժամանակ «նոսրացնում» է նեարդային բջիջների՝ սինապսների միջեւ աւելորդ կապերը, որոնք ստեղծւել են կեանքի վաղ շրջանում։

Այս փուլում ուղեղն աւելի նւազ արդիւնաւէտ է գործում։ Այն գործում է այգում աննպատակ թափառող երեխայի պէս, գնալով այնտեղ, որտեղ խելքը կը կտրի, փոխանակ ուղիղ գծով շարժւի A կէտից B կէտ։

Պատանեկութիւն։ Ամէն ինչ կտրուկ փոխւում է մօտաւորապէս ինը տարեկանում, երբ ուղեղի կապերը սկսում են վերակազմակերպւել առաւելագոյն արդիւնաւէտութեան համար։ «Դա հսկայական տեղաշարժ է»,- ասում է դոկտոր Մոուսլին՝ այդ անցումը մէկ փուլից միւսն անւանելով մարդու կեանքի ամենակարեւոր փուլը։

Հէնց այդ ժամանակահատւածում է ի յայտ գալիս հոգեկան խանգարումների ծագման ամենաբարձր վտանգը։

Զարմանալի չէ, որ պատանեկութիւնը սկսւում է սեռական հասունացման շրջանում։ Սակայն ներկայիս հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այն շատ աւելի ուշ է աւարտւում, քան նախկինում կարծում էինք։

Մի ժամանակ համարւում էր, որ պատանեկութիւնը սահմանափակւում է դեռահասութեան տարիներով, նեարդաբանութիւնը հետագայում ցոյց տւեց, որ այն շարունակւում է մինչեւ քսան տարեկանը, իսկ հիմա արդէն՝ մինչեւ երեսուն տարեկանը լրանալը։

Դա միակ փուլն է, երբ ուղեղի նէյրոնային ցանցերն աւելի արդիւնաւէտ են դառնում։ Ըստ Մոուսլիի՝ ուղեղի գործառոյթը գագաթնակէտին է հասնում 30 տարեկանից յետոյ առաջին մի քանի տարիներին, այսինքն՝ այն փուլի հէնց վերջում, որը տեւում է ինչից մինչեւ երեսուներկու տարեկանը։ Փորձագէտը «չափազանց ուշագրաւ» է անւանում այն, որ ուղեղն այդքան երկար ժամանակահատւածում մնում է մէկ զարգացման փուլում։

Չափահասութիւն։ Այնուհետեւ գալիս է կայունութեան շրջան՝ ուղեղի կեանքի ամենաերկար շրջանը, որը տեւում է մօտ երեք տասնամեակ։

Այդ ընթացքում փոփոխութիւնները զգալիօրէն դանդաղ են նախորդ տարիների անկայուն գործընթացների համեմատ, բայց հէնց այստեղ ենք տեսնում, թէ ինչպէս է ուղեղի զարգացման գործընթացը շրջւում դէպի հակառակ կողմ։

Գիտնականների կարծիքով՝ այդ ժամանակահատւածում մենք հասնում ենք «ինտելեկտի եւ անհատականութեան իւրայատուկ բարձրահարթի»։

Վաղ ծերացում։ Այս փուլը սկսւում է մօտ 66 տարեկանում, բայց դա ուղեղի արդիւնաւէտութեան կտրուկ եւ յանկարծակի անկում չէ։ Աւելի շուտ, ուղեղում փոխկապակցւած օրինաչափութիւնների փոփոխութիւններ են տեղի ունենում։

Փոխանակ գործելու իբրեւ միասնական համակարգւած օրգան, ուղեղն աւելի ու աւելի է բաժանւում առանձին շրջանների, որոնք միաժամանակ սերտօրէն փոխազդում են՝ սեփական անհատական նախագծերը իրականացնել որոշսծ խմբի անդամների պէս։

Թէեւ հետազօտութիւնը կենտրոնացած էր առողջ ուղեղների վրայ, հէնց այդ տարիքում է, որ սովորաբար սկսում են դրսեւորւել դեմենցիան եւ արեան բարձր ճնշումը, որոնք ազդում են ուղեղի առողջութեան վրայ։

Ուշ ծերացում։ Այնուհետեւ, 83 տարեկան հասակում, մենք մտնում ենք վերջնական փուլ։ Այս տարիքային խմբի վերաբերեալ տւեալներն աւելի քիչ են, քան միւսների, քանի որ սկանաւորման համար բաւարար քանակութեամբ առողջ մարդկանց գտնելն աւելի դժւար էր: Այդ փուլում ուղեղի փոփոխութիւնները նման են վաղ ծերացման ախտանիշներին, սակայն աւելի ցայտուն են արտայայտւած:

News.am

Related Articles

Back to top button