Գիտնականները պնդում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը
«ԱԼԻՔ»- Որոշ մարդիկ մեծ հաճոյք են վայելում շատ կծու կերակուրից: Որպէս կանոն, այս էֆեկտին հասնելու համար օգտագործում են չիլի պղպեղը, իսկ այժմ գիտնականները կարծում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը, գրում է IFLScience-ը։
Նոր բոյսը ստացել է Pepper X անւանումը, այն աճեցրել է Էդ Քարին PuckerButt Pepper Company-ից, գրում է Focus-ը։ Վերջերս այն արժանացել է Գինեսի ռեկորդակրի կոչմանը՝ գերազանցելով աշխարհահռչակ Carolina Reaper չիլի պղպեղի նախորդ ռեկորդը։
Յայտնի է, որ իր կծւութեամբ այն Սկովիլի սանդղակով (SHU) հասել է 2,693,000 միաւորի: Համեմատութեան համար, Carolina Reaper-ը, որը նոյնպէս Քարին է աճեցրել, միջինը կազմել է 1,569,300 SHU: 2013 թւականին այն ընդգրկւել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպէս աշխարհի ամենակծու չիլի պղպեղը, սակայն այս ռեկորդն այժմ գերազանցւել է։ Միևնոյն ժամանակ, Սկովիլի սանդղակով հաբաներոյի կծւութիւնն ընդամէնը 100,000–350,000 SHU է, իսկ հալապէնեոն՝ 4000–8500 SHU։
Նշենք, որ Սկովիլի սանդղակը չիլի պղպեղի եւ այլ կծու մթերքների ինտենսիւութիւնը չափում է՝ որոշելով, թէ որքան նոսրացւած պէտք է լինի լուծոյթը՝ կծւութիւնը չեզոքացնելու համար: Նոր Pepper X-ի դէպքում կպահանջւի 2,7 միլիոն բաժակ շաքարաջուր՝ այս չիլի պղպեղի մէկ բաժակի մէջ պարունակւող ցաւը վերացնելու համար:
Հետազօտողները նշում են, որ, ինչպէս եւ միւս չիլի պղպեղը, Pepper X-ն իր կծւութիւնը ստանում է կապսաիցինի մոլեկուլից, որն ակտիւացնում է բերանի եւ կոկորդի ցաւի ռեցեպտորները, երբ մտնում է օրգանիզմ: Գիտնականները ենթադրում են, որ բոյսերն ի սկզբանէ օգտագործել են կապսաիցինը որպէս վախեցնող միջոց պոտենցիալ գիշատիչների համար, բայց ինչ-որ պահի մարդիկ սկսել են գնահատել «կծու համեմունքները» եւ սկսել են դրանք օգտագործել կծու կերակուրներ պատրաստելու համար:
Կապսաիցինը սովորաբար պարունակւում է պղպեղի սերմերը շրջապատող հիւսւածքում, որը յայտնի է պլացենտա անունով: Համաձայն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, Pepper X-ն այդքան կծու է իր կոր եւ կողաւոր ձեւի պատճառով, ինչը մեծացնում է պլացենտայի աճի տարածութիւնը:
Քարին չի վաճառում Pepper X պղպեղը կամ սերմերը, ուստի այն համտեսելու միակ միջոցը նրա արտադրած կծու սոուսները գնելն է: Քարին ասում է, որ իրենից 10 տարի է պահանջւել Carolina Reapers-ը այլ «սաստիկ կծու» պղպեղներով պատւաստելու համար Հարաւային Կարոլինայի Ֆորտ Միլում գտնւող իր ֆերմայում:
Ի դէպ, Քարին ամբողջական Pepper X է կերել և իր փորձը նկարագրում է որպէս անհաւանական բան: Նա ամբողջ մէկ ժամ է անցկացրել անձրեւի տակ մարմարէ հատակին պառկած՝ ցաւից ուժասպառ լինելով։