Երկրագնդի իւրաքանչիւր տասներորդ բնակիչը ռեակցիա է ունենում ցորենից՝ չունենալով ցելիակիա

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդկանց մօտ 10%-ը, ովքեր չեն տառապում ո՛չ ցելիակիայով, ո՛չ էլ ցորենի ալերգիայով, այնուամենայնիւ, յայտնում են տհաճ ախտանիշների մասին՝ գլիւտեն կամ ցորեն պարունակող մթերքներ օգտագործելուց հետո։
«Nature Reviews Gastroenterology & Hepatology» ամսագրում հրապարակւած աշխատանքը միաւորել է տարբեր երկրներում անցկացւած աւելի քան քսան հետազօտութիւնների տւեալները եւ թոյլ տւել որոշել այն վիճակի տարածւածութիւնը, որը կոչւում է «ոչ ցելիակիական գլիւտենի կամ ցորենի զգայունութիւն» (NCGS / NCWS)։
Վերլուծութեան արդիւնքներով՝ մօտաւորապէս տասը մեծահասակից մէկը յայտնել է գլիւտենի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի նման ախտանշանների մասին, ընդ որում նրանց մօտ չեն յայտնաբերւել ցելիակիայի ո՛չ իմունոլոգիական, ո՛չ էլ գենետիկ նշաններ։
Ամենատարածւած բողոքներից են որովայնի փքւածութիւնը, ցաւը, հոգնածութիւնը, սրտխառնոցը, գլխացաւը եւ գիտակցութեան մթագնումը։ Ախտանիշները սովորաբար ի յայտ են գալիս հաց, մակարոն կամ այլ ցորենային մթերքներ օգտագործելուց մի քանի ժամ յետոյ եւ անհետանում են, եթէ գլիւտենը բացառւում է սննդակարգից։ Այնուամենայնիւ, ինչպէս ընդգծում են հետազօտութեան հեղինակները, նման դրսեւորումների առկայութիւնը չի նշանակում, որ դրանց պատճառը հէնց գլիւտենն է. ցորենը պարունակում է բազմաթիւ այլ միացութիւններ, որոնք նոյնպէս կարող են առաջացնել ռեակցիա։
Գիտնականները նշում են, որ ոչ ցելիակիական զգայունութեան ախտորոշումը շարունակում է մնալ բարդ իրավիճակ. հիւանդների մոտ բացակայում են յատուկ մարկերները, իսկ գլիւտենի նկատմամբ ռեակցիան կարող է լինել անհատական եւ անկայուն։ Սա հանգեցնում է նրան, որ շատ մարդիկ ինքնուրոյն բացառում են գլիւտենը սննդակարգից՝ առանց բժշկական ցուցումների, ինչը կարող է յանգեցնել բջջանիւթի եւ միկրոտարրերի դեֆիցիտի։
Հետազօտողները շեշտում են, որ անհրաժեշտ են նոր կլինիկական չափորոշիչներ եւ օբիեկտիւ թեստեր՝ ճշգրիտ զգայունութիւնը եւ ստամոքս-աղիքային այլ խանգարումները, ներառեալ գրգռւած աղիքի համախտանիշը, տարբերակելու համար։ Մինչ այդ, բժիշկներին խորհուրդ է տրւում ուշադիր գնահատել հիւանդների բողոքները, չշտապել գլիւտենից զուրկ դիետա նշանակել եւ անցկացնել մանրակրկիտ դիֆերենցիալ ախտորոշում։
Եզրակացութիւն. մօտաւորապէս տասը մարդուց մէկը կարող է զգալ գլիւտենային ռեակցիային նման ախտանիշներ՝ առանց ցելիակիայով կամ ալերգիայով տառապելու, բայց առայժմ գիտութիւնը չգիտի, թէ կոնկրետ ինչու է դա տեղի ունենում։
News.am



