Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կիրօ Մանոյեան. «Էրդողանի նշած պատուհանն այս իշխանութիւններն են»

Առաջին անգամը չէ որ Թուրքիայի իշխանութիւնները չեն հասկանում՝ Ցեղասպանութիւնը հայ ժողովրդի համար ինչ է նշանակում, փորձում են ներկայացնել սա որպէս Սփիւռքի հարց, չեն հասկանում՝ Հայաստանի բնակչութեան գրեթէ կէսը, եթէ ոչ աւելին, այդ նոյն Ցեղասպանութեան վերապրածների ժառանգներ են։

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեանը, թէ ժամանակն է հրաժարւել անհիմն յիշողութիւններից, հիմա դա հասկանում է նաեւ Փաշինեանը:

Մանոյեանի կարծիքով՝ մեր ժողովրդի կեցւածքը կը հիասթափեցնի նրանց։

«Իրենց այս մօտեցումը կրկին ցոյց է տալիս՝ իրենք իրականում Հայաստանի հետ հաշտութեան գալու, Հայաստանի պետականութեան առկայութիւնը ընդունելու ցանկութիւն չունեն։ Էրդողանը ասում է՝ պատուհանը քիչ ժամանակով պէտք է բաց մնայ, իրենք տեսնում են այդ պատուհանը՝ այս իշխանութիւններն են, իրենք էլ հասկանում են, որ այս իշխանութիւնները երկար չեն կարող դիմանալ այս վարքագծով եւ ուրեմն կոչ է անում հէնց թուրքերին, որ առիթն է հիմա օգտւեն, իսկ Հայաստանին փորձում են վախեցնել, թէ մինչեւ վերջ չենք կարող սպասել»,- ասել է նա։

Ըստ Մանոյեանի՝ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանն աւելի ուժեղ էր, Թուրքիան խօսում էր, թէ ինչ-որ բան եղել է եւ պէտք է մասնագէտները պարզեն, թէ ինչ, հիմա արդէն լրիւ ուրիշ ոճով է խօսում պարտւած Հայաստանի հետ։

«Իրենք այս առիթները միշտ էլ օգտագործելու են, երբ Հայաստանը մի քիչ աւելի թոյլ լինի, իրենք փորձելու են հնարաւորինս պոկել Հայաստանից. հիմա էլ ասում է՝ ինչ ուզում ենք տւէք, այս պատմութիւնից վերջանանք։ Բայց անհիմն յիշողութիւններ ասել՝ նշանակում է, որ Թուրքիան, իր ժողովրդի, իր պետութեան պատմութիւնը չի ճանաչում, չի ընդունում։ Անհիմն յիշողութիւն չի կարող լինել, եթէ մարդը ապրել է դա, այդ ապրածն է յիշում։

Իսկ մեր դէպքում մեծ հարւած է հասցրել մեր ժողովրդին այդ Ցեղասպանութիւնը։ Իհարկէ, չի նշանակում, որ գլուխներս կախ որպէս զոհ պէտք է ապրենք, բայց ազդեցութիւն թողել է եւ այդ ազդեցութեան գծերից մէկն էլ այն է, որ Թուրքիայի այս պետութեանը ոչ մի հիմք չունենք վստահելու։ Հայաստանի իշխանութիւներն էլ այդ խաղերը, որ տալիս են, իբր նոր բան են փորձում, իբր խաղաղութիւն, Փաշինեանը վաղը դա էլ կարող է ասել՝ չյիշենք, որ Թուրքիայի հետ հաշտ ապրենք»,- ասաց նա։

Հարցին՝ եթէ գանք ինչ-որ մի կէտի եւ հրաժարւի ՀՀ գործող իշխանութիւնը Ցեղասպանութիւնից, պահանջներից, մեզ որպէս պետութեան, դրական իմաստով որեւէ բան կը տա՞յ դա, նա պատասխանեց.

«Չէ, պարզ է՝ Թուրքիան բաց սահմաններում, թէ փակ սահմաններում իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխել։ Այսօրւայ Էրդողանի ասածից էլ յայտնի է, որ չի փոխելու եւ չեմ կարծում, թէ վաղն առաւօտւանից կամ 5 օր յետոյ փոխելու է»։

Ճշտող հարցին՝ Դուք կարծում էք՝ անկախ նրանից՝ մենք Ցեղասպանութեան մասին յիշողութիւնները մի կողմ կը դնենք, թէ չենք դնի, կը հրաժարւենք պահանջատիրութիւնից թէ ոչ, Թուրքիայի վարած հակահայ քաղաքականութիւնը չի՞ փոխւի, Կիրօ Մանոյեանը պատասխանեց.

«Հակառակը՝ մեզնից ամէն իմաստով հնարաւորը պոկելու, ամէն ձեւով մեզ հնարաւորինս ճնշելու քաղաքականութիւնը շարունակւելու է եւ Փաշինեանի սխալը, եթէ չասենք դաւաճանութիւնը, հէնց դրա մէջ է, որ չի հասկացել դա։

Այսօր մարդն արդէն խօսում է չյիշելուց, ասում է անհիմն մի յիշէք, չի ասում՝ մեզնից բան մի պահանջէք, արդէն ասում է՝ մի յիշէք եւ արդէն վաղը եթէ չյիշենք այլ բան պէտք է ասի, կասի՝ մի շնչէք։ Այսինքն՝ վերջ չունի որովհետեւ դա բխում է իրենց այն քաղաքականութիւնից, որ մենք խոչընդոտում ենք մեր պարզ գոյութեամբ, իսկ իրենց պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը եւ ուրեմն կամ պէտք է գոյութիւն չունենանք, կամ եթէ գոյութիւն ունենանք պէտք է այդ գոյութիւնն իրենցից կախւած լինի եւ քարշ տանք»։

Related Articles

Back to top button