Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիաննա Պետրոսեան. «Արցախցիները կամ կը յայտնւեն փողոցում, կամ կը գնան Հայաստանից»

«ԱԼԻՔ» – ՀՀ կառավարութեան նոյեմբերի 21-ի նիստում վերանայւել է ԼՂ-ից բռնի տեղահանւած արցախցիներին տրւող «40+10 հազար» աջակցութեան չափն ու շահառուների ցանկը: Դա նշանակում է, որ աւելի քիչ արցախցի կօգտւի գործադիրի ծրագրից, իսկ յուլիսին այն կը նւազի 10 հազարով: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսեանի հետ։

«Կառավարութեանը եւ որոշում ընդունողներին փորձել եմ հասցնել այն կարեւոր մեսիջը, որ «40+10» ծրագիրը լուրջ սոցիալական աջակցութիւն չէ՝ կենցաղային հարցեր լուծելու համար, դա ամենակարեւորի՝ բնակվարձի դիմաց տրւող աջակցութիւն է, որ պէտք է տեղահանւածները ստանան այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովւել սեփական տանիքով: Ցաւօք սրտի, կառավարութեան նիստում ընդունւեց հերթական ոչ ցանկալի որոշումը, որը կը շարունակւի մի որոշ ժամանակ էլ, այնուհետեւ կը լինի միայն խոցելի խմբերի համար:

Աջակցութեան այս տարբերակը պէտք չէր վերանայել: Այն պէտք է լինի բոլորի համար, որովհետեւ բոլորն էլ համարւում են խոցելի խմբեր: Սա, իհարկէ, մեծ դժգոհութիւնների ալիք է բարձրացնելու տեղահանւածների շրջանում»,- ասել է Լիաննա Պետրոսեանը:

Նա ցաւով է նշել, որ աջակցութեան ծրագրի վերանայումից յետոյ շատ արցախցիներ, հնարաւոր է, յայտնւեն փողոցում:

«Եթէ այս աջակցութիւնը չշարունակւի, մարդիկ նախ կարող է յայտնւեն փողոցում, որովհետեւ դա միակ աղբիւրն է, որով հնարաւոր է բնակվարձ տալ: Մի քանի ամսից յետոյ հնարաւոր է մարդիկ տարբեր խնդիրների առաջ կանգնեն: Առաջինը հէնց բանակարանի խնդիրն է, եւ վարձատուները կամ պէտք է պահանջեն այդ գումարները, կամ մարդիկ պէտք է բնակարանները ազատեն ու դրան այլընտրանք փնտրեն: Դա ամենացաւալի երեւոյթն է:

ՀՀ-ից դուրս բնակարանների վարձերն աւելի մատչելի են ու դրանից ելնելով՝ տեղահանւածը ստիպւած է լինում թողնել Հայաստանը ու իր ապագան կառուցել Հայաստանից դուրս: Մեր բոլոր առաջարկները, որոնք միտւած են եղել հէնց այս խնդիրը լուծելուն, կառավարութիւնն այդ առաջարկներին, ցաւօք սրտի, ականջալուր չի եղել»,- եզրափակել է Լիաննա Պետրոսեանը:

Related Articles

Back to top button