Հայաստան - Արցախ

Դաւիթ Ջամալեան. «Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը սադրանք է, որը սրում է իրավիճակը»

Հայ հանրութիւնը երէկ տեղեկացաւ, որ Հայաստանը սառեցրել է անդամակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը (ՀԱՊԿ)։ Տեղեկութիւնը փոխանցել է Նիկոլ Փաշինեանը՝ France 24 հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ։

«Մեր կարծիքով՝ հաւաքական անվտանգութեան պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կեանքի չի կոչւել, յատկապէս՝ 2021-2022 թւականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրութիւնից։ Մենք «սառեցրել» ենք մեր անդամակցութիւնն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կը լինի յետոյ»,- ասել է Նիկոլ Փաշինեանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարաւոր դուրսբերմանը՝ Նիկոլ Փաշինեանը նշել է, որ «այս պահին դա չի քննարկւում»։

Ի՞նչ է տալու Հայաստանին ՀԱՊԿ անդամակցութեան սառեցումը, այդ յայտարարութիւնից յետոյ ի՞նչ սպասել ռուսական կողմից, կարո՞ղ է այն որեւէ կերպ օգտագործել Ադրբեջանը՝ Հայաստանի դէմ հերթական սադրանքի գնալու նպատակով։

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ Նիկոլ Փաշինեանի այդ յայտարարութիւնը եւ հարցազրոյցն առհասարակ մեծագոյն դաւադրութիւն էր հայոց պետականութեան հանդէպ։

«Բնականաբար, այս իշխանութիւնները մշտապէս գնացել են ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով։ Նրանց կողմից ամենաստոր քայլն արւել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին շինծու մեղադրանքով հետ կանչեցին։ Սա ոչ միայն վաստակ ունեցող զինւորականի հանդէպ էր անարգանք, այլեւ ՀԱՊԿ-ի։

Եթէ իրերը կոչենք իրենց անունով, ապա սա այն անհրաժեշտ պատրւակն էր, որին սպասում է Բաքուն՝ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Այդ հարցազրոյցի հետեւանքը լինելու է նոր պատերազմն ու նոր կորուստները։

Այս «համազգային փորձանքը» յայտարարում է, որ խաղաղութեան պայմանագիր չի կնքւելու, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի Հարապետութիւնն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան», յետոյ աւելացնում, որ Ադրբեջանը պատրաստւում է նոր պատերազմի, այո, իսկապէս այդպէս է։ Փոխանակ այդ յայտարարութիւնն անելուց յետոյ անի հնարաւոր ամէն ինչ երկրի պաշտպանունակութիւնն ուժեղացնելու համար, անում է մի բան, որով երկրին՝ հնարաւոր ագրեսիայի դէպքում, զրկում է ամենայուսալի աջակցից։ Զրկում է երկրին այդ պատերազմին նախապատրաստւելու կարեւոր հնարաւորութիւնից։ Ոչ միայն ոչինչ չի անում կանխելու համար նոր ագրեսիան, այլեւ անում է քայլ, որը թուլացնելու է երկիրը եւ երկրի դարպասը բացում է թշնամու առաջ»,- նշեց Դաւիթ Ջամալեանը։

Ռազմական փորձագէտի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինեանը ՀԱՊԿ-ի հետ յարաբերութիւնները սառեցնում է Հայաստանի համար ամենավտանգաւոր պահին, վերացնելով այն հնարաւորութիւնը, որն իշխանութիւնը պետականակենտրոն կարող էր օգտագործել սեփական երկրի համար։

«Այդ յայտարարութիւնը ես սադրանք եմ որակում, որովհետեւ սրում է իրավիճակը՝ կտրուկ յայտարարութիւններ անելով, որին չի հետեւում երկիրը պաշտպանելու արդիւնաւէտ քայլեր։ Այս ամէնն իր բովանդակութեամբ շատ նման է «Արցախը Հայաստան է, եւ վերջ» յայտնի յայտարարութեանը, որն արւեց 2019 թւականին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում»,- յաւելեց ռազմական փորձագէտը։

Հարցին՝ արդեօք տեղին չե՞ն հանրութեան մէջ շրջանառւող կարծիքները, որ 2022 թւականի սեպտեմբերեան ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնութիւն չեղաւ, իսկ Արցախը հայաթափւեց ռուս խաղաղապահների ներկայութեամբ, հետեւաբար՝ նման յայտարարութիւնը սպասելի էր, Դաւիթ Ջամալեանը պատասխանեց, որ ՀՀ օրւայ իշխանութիւնների գերնպատակը Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների խզումն է, Հայաստանը Ռուսաստանից հեռացնելը, քանի որ իշխանութեան են բերւել հէնց այդ նպատակով։

«Բնականաբար, այս իրաւաքաղաքական ինֆորմացիոն մեծ դաւադրութիւնը մեր պետականութեան դէմ պէտք է նաեւ յստակ իր քարոզչական կոմպոնենտն ունենայ։ Նախ Արցախի մասով, որպէսզի այնտեղ ռուս խաղաղապահներն ունենային անհրաժեշտ քանակի ներուժ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար, պէտք է ստեղծէին դրա հնարաւորութիւնը։ Այնպէս պէտք է անէին, որպէսզի ռուսական ներուժն Արցախում աւելանար, ռուսական զինուժի ձեւաչափը կարող էր արագ փոփոխւել։ Բայց ի՞նչ է արել ՀՀ իշխանութիւնը, արել է հնարաւորը, որպէսզի ռուս խաղաղապահների ներուժն Արցախում չաւելանայ։ Յիշեցնեմ, Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ Ադրբեջանը վտանգ է տեսնում ռուսական բանակի կողմից, հետեւաբար՝ ռուսական ներկայութիւնը Հայաստանի համար վտանգաւոր է։ Հիմա եթէ թոյլ չեն տալիս, որ Արցախում աւելանայ ռուսական ներուժը, աւելին՝ ագրեսիայի պահին՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին, երկու անգամ մերժում են Իրանում գտնւող ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի հետ հանդիպումը։ Այս մասին բազմիցս ասւել է, հիմա ես յղում եմ կատարում յայտնի արեւելագէտ ռուսաստանաբնակ Կարինէ Գէորգեանին։ Մեր այն հայրենակիցները, որոնք գտնւում են հակառուսական քարոզչութեան մէջ կամ դրա թիրախում, ուղղակի պէտք է տեղեկացւած լինեն»,- նշեց Դաւիթ Ջամալեանը։

Այս համատեքստում, նա ընդգծեց՝ Ռուսաստանն այդ պահին արել է հնարաւորը, որպէսզի իրավիճակն Արցախում կայունանայ, բացի այդ, ռուս խաղաղապահները մինչեւ 2025 թւականը գտւելու են Արցախում, ինչը նշանակում է, որ դեռ շատ բան կարող է փոխւել։

«Այս ողբերգութեան թիւ մէկ պատասխանատուն ՀՀ գործող իշխանութիւնն է։

2023 թւականին, երբ Ադրբեջանը Հակարիի կամրջի մեր հատւածում փորձում էր դրօշ տեղադրել, մեր տարածքից յանկարծ կրակեցին, ինչն Ադրբեջանը որպէս պատրւակ օգտագործեց՝ ամբողջովին փակելով դէպի Արցախ տանող ճանապարհը։ Հարց է առաջանում, այդ ինչպէ՞ս է ստացւում, որ առանց մէկ կրակոցի յանձնում է Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լճի յարակից տարածքները, իսկ յանկարծ այդ գործողութիւնն առաջացնում է ինքնասիրութեան պոռթկում, ու հրաման ես տալիս կրակել։ Պարզ է, որ սա իր ու Ալիեւի համատեղ խաղն էր՝ պրովոկացիան, որպէսզի ամբողջովին ճանապարհը փակւէր»,- շեշտեց փորձագէտը։

Դաւիթ Ջամալեանը նաեւ ասաց, թէ սուտ են այդ յայտարարութիւնները, որ ՀԱՊԿ պայմանագիրը չի գործել 2021-2022 թւականներին, ՀԱՊԿ-ին ՀՀ-ն պատշաճ կարգով չի էլ դիմել։

«4-րդ յօդւածով, որը նախատեսում է անմիջական արձագանգ, ՀՀ իշխանութիւնը չի դիմել։ 2022 թւականի սեպտեմբերի իրադարձութիւնների ժամանակ ՀԱՊԿ-ն առաջարկել է օժանդակութեան մեծ փաթեթ, նախկին գլխաւոր քարտուղարը դա խոստովանել է։ Առաջարկւել է խաղաղապահների տեղակայում սահմանին եւ զօրավարժութեան անցկացում, սակայն Հայաստանը մերժել է այն պատրւակով, որ կառոյցն Ադրբեջանին չի ճանաչում որպէս ագրեսոր։ Երբ մենք մտել ենք ՀԱՊԿ կառոյցի մէջ, երբեւէ պատրանքներ չենք ունեցել, որ Բելոռուսիան կամ այլ մէկը Ադրբեջանին կը ճանաչի ագրեսոր։ Այդ կառոյցը մեզ համար եղել է Ռուսաստանից անհրաժեշտ օգնութիւն ստանալու յաւելեալ միջոց, անվտանգութեան յաւելեալ երաշխիք։ Իսկ երբ այսպիսի յայտարարութիւն են անում, դրանով փակում են Հայաստան եկող մատչելի զէնքի խողովակը»,- եզրափակեց Դաւիթ Ջամալեանը։

Related Articles

Back to top button