Հայաստան - ԱրցախՄշակութային

Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնութեան օտարումը եւ նոր՝ «ադրբեջանական ինքնութեան» ստեղծումը

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից յետոյ, դեռեւս 2021 թւականին Ադրբեջանի կառավարութիւնը յանձնարարութիւն ստացաւ մշակելու Հադրութ քաղաքի նոր յատակագիծը, վերակառուցման, քաղաքի պատմական հատւածի «վերականգնման», կամ որ նոյնն է՝ խեղաթիւրման ծրագիրը: Նախնական յատակագիծը հաստատւել էր դեռեւս 2021 թւականին եւ ուղարկւել լրամշակման, ինչից յետոյ արդէն 2023 թւականի գարնանը այն համարւում էր պատրաստ։

Համաձայն 2023 թւականին հաստատւած նախագծի՝ պէտք է «վերականգնւի» նաեւ քաղաքի պատմական միջուկը եւ յուշարձանները, որոնք պէտք է նպաստէին «ազատագրւած» Հադրութ քաղաքի մշակութային, զբօսաշրջային կեանքի խթանմանը: Այս ծրագրի մէջ է մտնում նաեւ քաղաքի Սբ․ Յարութիւն եկեղեցին «վերանորոգելու» ծրագիրը: Համաձայն Ադրբեջանի կառավարութեան կողմից փակցւած ցուցանակի՝ նախքան վերանորոգումը նախատեսւում է պեղումներ իրականացնել եկեղեցու շրջակայքում, այնուհետեւ վերականգնել այն՝ տեղում հիմնելով նաեւ Կովկասեան Աղւանքի մշակոյթը ներկայացնող թանգարան:

Անդրադառնալով Հադրութի պատմական հատւածի «վերականգնմանը»՝ նշենք, որ նոյն ադրբեջանական կողմը դեռեւս 2020 թւականի հոկտեմբերին քաղաքի համար մղւող մարտերում եւ յատկապէս քաղաքի օկուպացիայից յետոյ հրկիզել է քաղաքի պատմական կորիզը՝ 19-րդ դարի տներով, ինչը շատ լաւ երեւում է հէնց ադրբեջանցի զինւորականների կողմից արւած լուսանկարներում եւ տեսանիւթերում, որտեղ երեւում է ծխացող եւ աւերւած պատմական հատւածը:

Նոյն ադրբեջանական կողմը քաղաքի օկուպացիայից յետոյ զօրավարժութիւնների ժամանակ որպէս թիրախ է օգտագործել Հադրութի Արթուր Մկրտչեանի անւան հայրենագիտական թանգարանի շէնքը, որը պայթեցւել է, իսկ քաղաքի օկուպացիայից յետոյ մինչ այժմ անյայտ է թանգարանի ցուցանմուշների ճակատագիրը (Ցուցանմուշներ, որոնք ներկայացնում էին քաղաքի պատմութիւնը):

Քաղաքի օկուպացիայից յետոյ ադրբեջանական կողմը հիմնայատակ քանդել է Հադրութ քաղաքի Աւետիք Իսահակեանի անւան կենտրոնական գրադարանի շէնքը եւ յարակից շէնքերը:

Վստահաբար կարող ենք ասել, որ անմիջապէս հէնց Իլհամ Ալիեւի հրամանով Հադրութ քաղաքի եւ Հադրութի ամբողջ շրջանի համար ստեղծւում է նոր ինքնութիւն եւ պատմութիւն, որտեղ բացակայում են բնիկները՝ հայերը: Ասւածի իրաւական առաջին քայլերից էր Հադրութի շրջանի պատմական Տող բնակավայրում այսպէս կոչւած արգելոցի ստեղծումը:

Հադրութ բնակավայրը իր ողջ պատմութեան ընթացքում ունեցել է բացարձակ մեծամասնութիւն կազմող հայ բնակչութիւն եւ հայկական ազգային-դաւանական միջավայր: Ասւածի լաւագոյն ցուցիչներից մէկը 19-րդ դարում Ռուսական կայսրութեան տարածքում պարբերաբար հրատարակւող եւ կայսրութեան էթնիկ կազմը, բնակավայրերը նկարագրող պարբերականներն էին, որտեղ Հադրութ բնակավայրը եւ շրջանը նկարագրւում է որպէս հայկական։

Այս նոր ինքնութեան եւ պատմութեան կերտման մէջ կարող ենք տեսնել, որ երբեւիցէ իսլամ բնակչութիւն չունեցած Հադրութ քաղաքում դեռեւս 2021 թւականին արւել է մզկիթի հիմնարկէք:

Առաւել անհանգստացնում է Հադրութի Սբ. Յարութիւն եկեղեցու այսպէս կոչւած վերականգնման եւ յարակից տարածքում պեղումներ իրականացնելու փաստը: Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ յայտարարել է, որ Արցախի եկեղեցիների հարիւրաւոր հայերէն արձանագրութիւնները, խաչերը, խաչքարերը կեղծ են եւ իրենք յուշարձաններին «նախնական տեսքի են բերելու», ինչը նշանակում է արձանագրութիւնների, խաչային յօրինւածքների եւ խաչքարերի ոչնչացում: Կարող ենք տեսնել, որ նախկինում արւող յայտարարութիւնները յատկապէս Արցախի 2023 թւականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողութիւնների վերջնական հայաթափումից յետոյ, ցաւօք, ստանում են գործնական կիրառում: Այս գործնական կիրառման հիմքը Գանձասարի վանքի շուրջ Ադրբեջանի ստեղծած աղմուկն էր:

Ինչպէս տեսնում ենք, ադրբեջանական կողմը ցանկանում է ստեղծել նաեւ Կովկասեան Աղվանքի մշակոյթին նւիրւած թանգարան: Սա տեղաւորւում է Արցախի մշակութային բռնաիւրացմանը միտւած իրենց տեսութեան մէջ, համաձայն որի՝ Արցախի հայկական ժառանգութիւնն աղւանական է: Հէնց այս տեսութեամբ էր պայմանաւորւած, որ Հադրութի օկուպացիայից անմիջապէս յետոյ այսպէս կոչւած ալբանա-ուդիական քարոզիչներն անմիջապէս Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան, նախագահի աշխատակազմի հովանու ներքոյ սկսեցին այցեր եւ ծէսեր կազմակերպել Հադրութի, Վանքի, Տողի եկեղեցիներում՝ յընթացս նաեւ քարոզչական յայտարարութիւններ կատարելով:

Մեր արձագանգը

Հադրութ քաղաքի պատմութեան, տարածաշրջանում առկայ եկեղեցիների իսկութեան եւ ամբողջականութեան խաթարմանն ուղղւած ցանկացած գործողութիւն արգելւած է ժառանգութեան պաշտպանութեան միջազգային օրէնքներով։

Հադրութ քաղաքը որպէս ադրբեջանական ներկայացնելու փորձը խախտում է Հադրութի շրջանի շուրջ 48 բնակավայրերի, աւելի քան 13 հազար բնակչութեան մշակոյթի իրաւունքը, որից բռնի կերպով նա զրկւել է տեղահանման եւ իր մշակութային ու ստեղծագործ կեանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգութեանն առնչւող իրաւունքները կազմում են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով սահմանւած մշակութային կեանքին մասնակցելու իրաւունքի անքակտելի մաս եւ իւրաքանչիւր ոք` անհատապէս կամ հաւաքական ձեւով, իրաւունք ունի օգտւելու մշակութային ժառանգութիւնից եւ նպաստելու դրա հարստացմանը, ու նաեւ պարտաւոր է յարգել այլոց մշակութային ժառանգութիւնը, ինչպէս իր սեփականը։ Այս կոնտեքստում ակնյայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, իւրացնելով մի ողջ հանրոյթի մշակութային ժառանգութիւնը, զրկելով նրան իր սեփական ինքնութեանը համարժէք ապրելու ու ստեղծագործելու իրաւունքից, այժմ իւրացման գործողութիւնը ցանկանում է ամրագրել պետականօրէն եւ միջազգայնօրէն՝ խախտելով հայ հանրոյթի մշակութային ֆունդամնետալ իրաւունքները՝ սահմանւած նաեւ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ յօդւածով։

Պատմական Հադրութ քաղաքը, որը նաեւ հայ մշակոյթի կարեւորագոյն կենտրոն էր, հայկական ինքնութեան օտարումը ակնյայտօրէն ոտնահարում է քաղաքի պատմականութեան, վերջնիս իսկութեան եւ ամբողջականութեան հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թւականի Ճապոնիայում ընդունւած մշակութային ժառանգութեան իսկութեան վերաբերէալ Նարայի փաստաթղթից, ինչպէս նաեւ ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թւականին Նիւ Դելիում ընդունւած փաստաթղթից: Իսկութեան սկզբունքների պահպանութեան Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժէքների՝ հակամարտութիւններում յայտնւելու դէպքում պահանջւում է մշակութային արժէքների հանդէպ լեգիտիմութեան ճանաչում»:

News.am

Related Articles

Back to top button