Հայաստան - Արցախ

Մի՛ շփոթէք բռնապետութիւնը խուլիգանապետութեան հետ

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինեանի ու նրա գլխաւորած ՔՊ-ի իշխանութիւնը՝ որպէս կառավարման տեսակ: 2018 թւականից սկսեալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առաւել եւս, յաճախ կարելի էր հանդիպել բռնապետութիւն, աւտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինեանը, որը ժողովրդավարութիւնից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձութիւնների ֆոնին այդ ամէնին վերստին ականատես եղանք բոլորս: Նաեւ իրենց քարոզած «դեմոկրատական արժէքները» իրենց շահերին զոհած «հաւաքական Արեւմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանաւորած ու ֆինանսաւորած, այսպէս կոչւած, «բարեփոխումներով» ստացւել է, ինչպէս քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանն է նկատել, «բարեփոխւած գեշտապօ»:

Այսինքն, ստացւել է իբրեւ թէ «ոստիկանութիւն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչւած են յանուն Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պահելու բզկտելու, խմբակային յարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղէտաբեր ռեժիմի դէմ հրապարակայնօրէն արտայայտւողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարութեան, ո՛չ պետութեան, ո՛չ էլ, առաւել եւս, մարդկայնութեան հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրւած է Փաշինեանի ու նրա կամակատարների միջոցով իրականացւող արտաքին կառավարում՝ ընդգծւած արեւմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձեւական առումով Փաշինեանը եւ նրա ՔՊ-ն ընտրւել են 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրութիւններով, աւելի ճիշտ՝ ինքնավերարտադրւել են՝ գրանցւած ընտրողների համատարած պասիւութեան, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդէն դադարել են լինել ընտրութիւնների միջոցով ձեւաւորւած իշխանութիւն՝ իրենց քաղաքական էութեամբ ու բովանդակութեամբ: Այս խումբը, Փաշինեանի գլխաւորութեամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, աւելին՝ այդ խոստումների հիման վրայ ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարութեան ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրութեամբ ձեւաւորւած մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակութեան ներկայիս տրամադրութիւններին եւ չի արտացոլում այդ տրամադրութիւնները:

Գործնականում Հայաստանի Հանրապետութեան՝ Սահմանադրութեամբ ժողովրդին պատկանող իշխանութիւնը զաւթւած է նոյն այդ ժողովրդից՝ իրենց ընտրւած ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիօրէն իրեն ենթարկւող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նոյն այդ հասարակութեան ակտիւ զանգւածին: Բայց սա բռնապետութի՞ւն է: Մեծ հաշւով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բաւականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչութեամբ. «Մի՛ շփոթէք բռնապետութիւնը խուլիգանապետութեան հետ»: Եւ իսկապէս էլ՝ բռնապետութիւնը, որպէս կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնւում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրայ: Տւեալ դէպքում՝ կարեւոր չէ, թէ ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինեանի ու նրա ՔՊ-ի դէպքում ուղղակի հնարաւոր չէ կիրառել: Չկայ գաղափար:

Ինչպէս ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որեւէ մէկին կամ որեւէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մէկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, աւերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգեւավճարը, «չաղ ու բախտաւոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղէտների յանգեցնող «խաղաղութիւնը» նոյնպէս գաղափարներ չեն: Ինչպէս գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դէմ պայքար» ասելով՝ այդ նոյն կոռուպցիայի մէջ ընկղմւելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախօսութիւնը» մնում է պաշտօնը՝ դրանից բխող հետեւանքներով՝ կարգավիճակ, փող եւ այլն… մի խօսքով, Նիկոլ Փաշինեանը շատ է ցանկանում ձեւաւորել բռնապետութիւն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանութեան պահւածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետեւութեան, որ գործ ունենք պարզ խուլիգանապետութեան հետ: Աւելին, որոշ փորձագէտներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսեւորւում է տւեալ իշխանութեան գործունէութեանն առնչւող ամէն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրութեան հետ յարաբերութիւններով:

Ըստ որում, դեռեւս 2018-ին, երբ Փաշինեանի «թաւիշը» գալիս էր, աւելի ճիշտ՝ եկաւ իշխանութեան, ի թիւս քչերի, մեր թերթն էլ ուշադրութիւն հրաւիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրայ: Օխլոկրատիան այն է, երբ պետութեան ու ժողովրդի համար կենսական նշանակութեան հարցերի (ասենք՝ ոչ շատ կարեւոր թւացողների եւս) վերաբերեալ որոշումները կայացւում են ոչ թէ սահմանադրօրէն ժողովրդի իշխանութեան կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճոյքներով: Գործնականում այդպէս էլ եղաւ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրութիւններին (2018 թ. դեկտեմբեր, 2021 թ. յունիս), բովանդակային առումով փոփոխութիւն տեղի չունեցաւ: Հիմնական փոփոխութիւնն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագօրէն վերափոխւեց խուլիգանականի՝ գործնականում էլ աւելի ցածր մակարդակի վրայ իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանութեանը ենթարկւող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսեւորում են, ինչպէս դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամաւորի վրայ յարձակւելը, թէ ցուցարարների, այդ թւում՝ կանանց, տարեցների վրայ 15 րոպէում 25-30 նռնակ նետելը, թէ որեւէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրւած ապօրինութիւն: Այդ ամէնը, ինչպէս նաեւ վերջին օրերին ծաւալւող վայրագ ռեպրեսիաները հէնց ասւածի ցցուն ապացոյցներն են: Ամէնից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակաւին շարունակւում է: Գուցէ կան մտածողներ, թէ պէտք է մինչեւ վերջ ընկնել, որպէսզի դրանից յետոյ սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորութիւն է այդպէս կարծելը: Յամենայն դէպս, եթէ կայ տարբերակ, ապա չարժէ ապառաժներին բախւելով՝ ջարդուխուրդ լինել: Եթէ կայ տարբերակ, պէտք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարաւորինս շուտ ու այդ կէտից արդէն սկսել բարձրանալ:

«Փաստ»

Related Articles

Back to top button