Իրաւապաշտպան ՀԿ-ներ. «Բացառել «կարմիր բերետներ»-ի ներկայութիւնը հաւաքներին»
«ԱԼԻՔ» – Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի հելսինկեան կոմիտէն հրապարակել են համատեղ յատուկ զեկոյց՝ յունիսի 12-ին Երեւանում՝ ՀՀ ԱԺ նստավայրի մօտ տեղի ունեցած հաւաքի եւ ոստիկանութեան գործողութիւնների վերաբերեալ։ Տեղեկացնում է Panorama.am-ը:
Կատարւած մանրազննին հետազօտութեան արդիւնքում զեկոյցն անդրադառնում է հաւաքի ընթացքում տեղի ունեցած միջադէպերին եւ ոստիկանութեան գործողութիւններին, որոնց բազմաթիւ դրւագներ պարունակում են ՀՀ Քրէական օրէնսգրքով արգելւած արարքներ։
«Արձանագրւած փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Յովհաննիսեանի եւ ոստիկանութեան զօրքերի հրամանատար Ա․ Բաբայեանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել:
Արձանագրւած փաստերը հաշւի առնելով՝ Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի հելսինկեան կոմիտէն առաջարկում են.
1. Բացառել յատուկ նշանակութեան գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայութիւնը հաւաքներին, քանի դեռ չեն ներկայացւել համոզիչ փաստարկներ, որ ներկայ անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է Մարդու իրաւունքների չափանիշներին եւ կարող է հաւասարակշռւած ծառայութիւն տանել։
2. Անյապաղ եւ հասարակութեան համար թափանցիկ ծառայողական քննութիւն անցկացնել՝ ոստիկանութեան կողմից թոյլ տրւած բռնարարքների եւ այլ իրաւախախտումների, ներառեալ հաւաքի մասնակիցների ուղղութեամբ յատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունէութիւնը խոչընդոտելու վերաբերեալ։
3. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտէին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Յովհաննիսեանի եւ ոստիկանութեան զօրքերի հրամանատար Հայկ Բաբայեանի գործողութիւնների առնչութեամբ քրէական վարոյթ նախաձեռնել՝ առանց օրէնքով նախանշւած հիմքերից որեւէ մէկի առկայութեան յատուկ միջոցներ կիրառելով լիազօրութիւնները չարաշահելու յանցակազմի յատկանիշերով։
4. Իրաւապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճէպ ու միակողմանի յայտարարութիւններից, օբիեկտիւ քննութիւն իրականացնել երկու կողմերի գործողութիւնների առնչութեամբ։ Չենթարկւել իշխանութիւնների՝ քաղաքական նպատակայարմարութեամբ պայմանաւորւած եւ ոչ իրաւաչափ պահանջներին եւ յայտարարութիւններին։
5. Խաղաղ հաւաքների կազմակերպիչներին՝ բազմամարդ հաւաքների ընթացքում ներգրաւել անհրաժեշտ քանակի հաւաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս եւ հաւաքի ղեկավարների միջեւ մշտական կապը եւ համագործակցութիւնը ոստիկանութեան հետ՝ հաւաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով»,- ասւած է հրապարակւած զեկոյցում: