Հայաստան - Արցախ

Ովքեր են գրում Հայաստանի պատմութիւնը

Հայաստանում վերջին շրջանում ակտիւ քննարկում էր ընթանում, գրեթէ խաչակրաց արշաւանք՝ 7-րդ դասարանի պատմութեան դասագրքի դէմ։

Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակութեամբ արդէն 3-4 տարի է՝ գրւում է ոչ թէ պարզապէս հայոց պատմութեան դասագիրք, այլ՝ մեր խայտառակութեան, ամօթի ու ստորացման բազմահատորեակը։ Գալիք բազմաթիւ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծւող պատմութեամբ, որտեղ անարժանապատւութիւնը, անողնաշարութիւնը, մանր-մերկանտիլ հայի որակը հիմնական հերոսներն են լինելու։ Յայտնի դասագիրքն իրօք յաջող չէ, բայց հատորները, որոնք մենք գրում ենք այսօր մեր ամենօրեայ կեանքով, սերունդների վրայ անջնջելի հետք են թողնելու։

Ի՞նչ են հասկանալու մեր մասին հետագայ սերունդները եւ օտարազգի հետազօտողները, երբ արխիւներում կարդան արտառոց փաստեր.

– Հայ ժողովուրդը հանդուրժում է նոյն ղեկավարին, երբ նա ասում է. «Արցախը Հայաստան է, եւ վերջ» իսկ կարճ ժամանակ անց՝ «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»։ Դա բանակա՞ն մարդկանց հասարակութիւն է եղել։

– 9 ամիս Արցախը շրջափակման մէջ էր. հայ ժողովրդի ճնշող մեծամասնութիւնն անտարբեր էր։

– 2023 թ.-ի օգոստոսի 24-ին Փաշինեանը յայտարարում է. «Մեզ հաւաստի տեղեկութիւններ են հասել, թէ ծրագրեր են մշակւում Լաչինի միջանցքը միակողմանիօրէն բացելու, այսինքն՝Ղարաբաղից ելք թոյլ տալու, մուտք թոյլ չտալու ուղղութեամբ»։ Այս խօսքերից յետոյ Երեւանը չի պայթում, ընդդիմութիւնը չի կազմակերպում կոնսոլիդացւած հարցապնդում՝ որտե՞ղ են մշակւում նման ծրագրեր, ո՞րն է ինֆորմացիայիդ աղբիւրը, ի՞նչ է պատրաստւում անել ՀՀ իշխանութիւնը, եւ այլն։

– Նոյն մարդը ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը յատուկ եթեր է մտնում, որպէսզի աշխարհին յայտնի, թէ Արցախում քաղաքացիական բնակչութեանը որեւէ ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Դրանից օրեր անց Ադրբեջանի կատաղի ագրեսիայի հետեւանքով Արցախը դատարկւում է։ Այդ խօսքերը որեւէ հետեւանք չեն ունենում այդ վարչապետի համար։

– 2 օրում շքեղ Արցախը դատարկւում է, մեր շքեղ քաղաքներն ու գիւղերը, Ամարասը, Գանձասարը մնում են անտէր, իսկ մենք Երեւանում տօնածառ ենք խաղացնում։

– Արցախի հայաթափումից յետոյ ոչ մի հրաժարական չկայ իշխանութիւնից. մէկը չասաց՝ ես այսքանից յետոյ չեմ կարող այս իշխանութեան մէջ լինել։ Այդ մէկ մարդը չգտնւեց։

– Արցախի հայաթափումից մէկ շաբաթ առաջ եւ մէկ շաբաթ յետոյ խորհրդարանական ընդդիմութիւնը հանգիստ աշխատում էր իշխանութեան հետ, յանձնաժողովի անդամ են ընտրում, կառուցողական զանգեր անում։

-Բաքւի բանտերում են պետական-ազգային գործիչներ, բարձրաստիճան զինւորականներ, բազմաթիւ գերիներ. մենք արդէն չենք էլ յիշում նրանց։

– Հայաստանի բանտերում ցուցադրաբար պահւում են ամենատարբեր կալիբրի գործիչներ՝ յայտնի քաղաքական դէմքերից մինչեւ պարզ արցախցի երիտասարդներ, որովհետեւ կարծիք ու սկզբունք ունեն։ Հանդուրժում ենք։

– Պատմութեան այս փուլի մասին գրելու են, որ մենք ունեցել ենք պատւազուրկ գեներալներ, որոնք մի քանի օրւայ ընդմիջումով Նիկոլին համարում էին պետութեան սպառնալիք, իսկ օրեր յետոյ նրան յոտնկայս դիմաւորում:

– Մենք ունենք քննիչներ, դատախազներ, դատաւորներ, ովքեր կալանաւորում են անխտիր բոլորին, ում մասին հրահանգ կը լինի:

– Կարսի կորստից յետոյ գոնէ մէկ գնդապետ Մազմանեան եղել է, ու նաեւ մէկ Եղիշէ Չարենց։ Արցախի կորստից յետոյ ի՞նչ եղաւ։

– 200-ից աւելի արցախցիներ սեպտեմբերի 19-20 իրենց կեանքի գնով հայի վերջին արժանապատիւ կռիւը տւեցին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դէմ, իսկ նրանց անունները Երեւանում չգիտեն, երեւի չեն էլ ուզում իմանալ։

– Պատմութեան որեւէ հատորում գրւելու է, որ Իշխանասարի ընտրողներն իրենց ձայնը տւեցին իրենց համայնք թուրք զինւորին բերած իշխանութեանը։ Կապանցին իր ճանապարհի, օդանաւակայանի մուտքին նստած ադրբեջանական զօրքին տեսնելով, էլի ձայն է տալիս այդ ամէնը թոյլ տւած իշխանութեանը։

– Ոչ միայն պատմաբանները, այլեւ սոցիոլոգները, հոգեբանները եւ բազմաթիւ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ բազմահատոր աշխատութիւններ են գրելու՝ փորձելով հասկանալ համընդհանուր հաշտւածութիւնը՝ ո՛չ ինտելեկտով, ո՛չ պարկեշտութեամբ ու ոչ էլ այլ որեւէ լուրջ արժանիքով չփայլող քաղաքական ուժի տեւական իշխանութեան փաստի հետ։

Պատմութեան այս հատորեակներում առանձնանում է թերեւս միայն եկեղեցին, որի դերակատարումը ոսկէ տառերով է գրւելու մեր պատմութեան մէջ, որպէս ապագայ վերելքի հէնք, ու նաեւ մի երկու տասնեակ անհատներ, ովքեր անմարդկային պայմաններում մնացին մարդ՝ տարբերւելով իրենց սկզբունքներով ու սթափ մտքով։

Լայն հասարակութիւնը շարունակում է գրել իր բաժին պատմութիւնը, իսկ իրենք իրենց կոչումներ, տիտղոսներ շնորհած իբր վերնախաւերը, պարզւեց, ոչինչ չունեն ասելու եւ ունակ չեն հասկանալու-կասեցնելու ընթացքը, ու որեւէ դասագրքի հեղինակ երբեւէ չի կարողանայ շտկել-վերախմբագրել այս ամէնը:

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Related Articles

Back to top button