Արմէն Բադալեան. «Չենք էլ կարող ասել, որ նա այսօր ազատւածներին զոհել է, քանի որ կարող է ինչ-որ մի այլ տեղ նշանակի»
«ԱԼԻՔ» – «Խնդիրն այն է, որ պէտք է օրակարգ ձեւաւորւի, Փաշինեանը այս հրաժարականներով ձեւաւորեց օրակարգ, քանի որ խաղաղութեան օարակարգը մի քանի ամսով հետաձգւեց եւ չէր կարելի դաշտը բաց թողնել»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով իրաւապահ համակարգի ղեկավարների եւ այլ պաշտօնեաների աղմկայարոյց հրաժարականներին:
«Մէկ էլ տեսար, հնարաւոր է ընդդիմութիւնը օրակարգ ձեւաւորի, դրա համար ինքն է ձեւաւորում օրակարգ: Չենք էլ կարող ասել, որ նա այսօր ազատւածներին զոհել է, քանի որ կարող է ինչ-որ մի տեղ տանի օրինակ մարզպետ նշանակի կամ խորհրդական»,- ասել է նա:
Բադալեանը նշել է, որ երբ որ վարչապետը ելոյթ է ունենում կառավարութեան նիստում եւ դժգոհութիւն է ունենում, անմիջապէս յիշում են երկրորդ նախագահի հետ կապւած գործը եւ որոշում են բռնի կերպով բերեն դատարան կամ մէկին տնային կալանքից փոխեն կալանաւորման եւ այլն:
«Իսկ ինչ վերաբերում է հասարակութեանը, հասարակութիւնը արդարադատութին է պահանջում, թէ՞ անվտանգութիւն: Այն մարդը, որ գտնւում է Ջերմուկում՝ ադրբեջանական կրակակէտի հսկողութեան տակ, եւ ամէն վայրկեան կարող է սպանւել, նրան առաջին հերթին անվտանգութիւնն է հետաքրքրում: Ընդհանրապէս, անվտանգութիւնը թիւ մէկ խնդիրն է, ոչ թէ արդարադատութիւնը: Բայ երբ որ դու քո շրջապատին բերում, դնում ես արդարադատութեան ղեկավար եւ յետոյ պատւէրով գործը անում են, եւ դրանից յետոյ մտածել, թէ հասարակութիւնը պէտք է յոյս ունենայ, թէ ինչ-որ արադարադատութիւն է լինելու, մոռացէք»,-ասել է նա:
Քաղտեխնոլոգը նշել է, որ երկրում ոչ տնտեսական աճ կայ, պետական համակարգում ոչ մի գործընթաց չկայ, անձերի փոփոխութեամբ որեւէ փոփոխութիւն չի լինում, խաղաղութեան գործընթաց չկայ, նման պայմաններում սկսում են ինչ-որ հարցեր դարձնել քննարկման առարկայ: