Ադրբեջանագէտ. «Ալիեւը մի քիչ էլ «Խաղաղութեան պայմանագրով» պինգ-պոնգ կը խաղայ Փաշինեանի հետ ու յետոյ յարձակման կանցնի»
Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է․
«Ադրբեջանի Միլլի մեջլիսն դեկտ. 26-ին նիստ է արել ու յայտարարութիւն ընդունել «ադրբեջանցիների՝ պատմական հայրենիք վերադարձի մասին»։ Խօսքը գնում է իմ եւ քո պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան մասին, այն պետութեան, որի վարչապետ իրեն հռչակել է Նիկոլ Փաշինեանը։
Յայտարարութեան մէջ հայերին մեղադրում են ադրբեջանցիներին քշելու, տանջելու, էթնիկ զտման ենթարկելու եւ այլ յօրինովի մեղքերի մէջ։ Ամփոփման մէջ նշւած է․ «Միլլի Մեջլիսում ներկայացւած Արեւմտեան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչները վճռականօրէն աջակցում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնութիւններին եւ ջանքերին՝ տարածաշրջանում ամուր խաղաղութեան եւ կայունութեան հաստատման եւ համագործակցային յարաբերութիւնների հաստատման ուղղութեամբ։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ արեւմտեան ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում իրենց պապենական տները վերադառնալու իրաւունքի ճանաչումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահութեան ձեւաւորման կարեւոր միջոցներից է։ Սա կարեւոր քայլ կը լինի երկու պետութիւնների միջեւ իրական հաշտեցման հասնելու եւ տարածաշրջանում համակեցութեան միջավայր ստեղծելու ուղղութեամբ»։
Ես զուտ յիշեցնեմ, որ առաջին անգամ սրա մասին Իլհամ Ալիեւը խօսել է 2022 թւականի դեկտեմբերի 24-ին՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Մէկ տարւայ մէջ Ադրբեջանը այդ հարցը մտցրել է օրակարգ, ու դա արել բացառապէս Նիկոլ Փաշինեանի շնորհիւ։ Մինչ Հայաստանը ամէն օր ու ամէն ժամ հրաժարւում է մեր ժողովրդի ու պետութեան շահերի սպասարկումից, Ադրբեջանը կառուցում ու առաջ է մղում նոր օրակարգեր։ Գիտէ՞ք ինչու որեւէ թուղթ չի ստորագրւում անգամ Արցախի հայերի բռնի տեղահանումից յետոյ որովհետեւ Ադրբեջանին երբեք էլ միայն Արցախը պէտք չի եղել, Ադրբեջանը դա երբեք էլ չի թաքցրել։ Մեր կռիւը Արցախում մղելու ու դրանով Հայաստանը պաշտպանելու փոխարէն, կռիւն ուրացանք, թոյլ տւեցինք մեզ դարձնել անկամ ու բարոյազուրկ, նայել սեփական հայրենակիցների գաղթին, իսկ յետոյ հերթը կը հասնի մեզ։
Ալիեւը մի քիչ էլ «Խաղաղութեան պայմանագրով» պինգ-պոնգ կը խաղայ Փաշինեանի հետ ու յետոյ յարձակման կանցնի։
Ադրբեջանը հասաւ նրան, որ իր պահանջների ե՛ւ կատարումը, ե՛ւ չկատարումը կործանարար լինի Հայաստանի համար։ Դա արեց գերազանցապէս Փաշինեանի միջոցով։ Հիմա որոշելիքը մերն է, կամ մենք այս իշխանութեանը հեռացնում ենք ու աղէտը կանխում, կամ էլ կարող ենք լաւագոյն դէպքում մի երկու ամիս էլ ջայլամի պէս գլուխներս հողի տակ պահել, յետոյ բախւել ծանր ու անդառնալի իրողութիւնների հետ։ Ամէն դէպքում՝ Ադրբեջանը շատ պարզ ասում է իր նպատակների մասին, գնդակը մեր դաշտում է հասկանալ ու կանխել, թէ շարունակել չտեսնելու տալ…»։