Հայաստան - Արցախ

Հայկական նոր նորմալութիւնը եւ իր վտանգները. Ուրախանալ արգելւում է տխրել

Պարտադրւող ուրախութիւնը, պարտադրւող տօնը զանգւածային բռնութեան ձեւերից մէկն է՝ տոտալիտար-այլասերւած գէշ ռեժիմներին բնորոշ։ Երեւանի ինտենսիւ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քոյրերն ու եղբայրներն առ այսօր ամէն օր թաղում, հոգեհանգիստ, եօթ-քառասունքի մէջ են, ամէն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգութիւն։

Մենք նոյնիսկ չենք հասցնում հասկանալ, թէ ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տօն ենք անում։

Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։

Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնը Հայաստանը որպէս «արեւմտեան Ադրբեջան» է ձեւակերպում, ու դրա հետ մէկտեղ զանգւածներին պարտադրում են ուրախանալ։

Երբեմն տպաւորութիւն է, որ Հայաստանում էւոլիւցիան հակառակ ուղղութեամբ է գնում. մենք մարդուց վերածւում ենք անասունի։

Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթւած շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրաւադրել են Նիկոլի մօտ։ Իրօք ախր ամօթ է։ Մենք Բաքւի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիւ գերիներ։ Իշխանութիւնն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլիատիւ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։ Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թէ ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարւածը։ Նրան պարտադրում են ուրախութիւն։
Իշխանութիւնը բոլոր ողբերգութիւններից յետոյ փորձում է ստեղծել «նոր նորմալութիւն». պատերազմ՝ նորմալ է, պարտութիւն՝ նորմալ է, հազարաւոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։

Հայ հասարակութեանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։ 2020-ից յետոյ անծայրածիր ողբերգութեան ժամանակ Եկեղեցին եւ նրա բազմաթիւ սպասաւորներ իրենց վրայ վերցրեցին պետական եւ հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու յոյսի եւ վերապրելու ուժ։ Նոյնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր եւ անհատներ՝ դառնալով ինքնաօգնութեան խմբեր, որոնք նորից ակտիւացան արցախեան նոր ողբերգութեան շրջանում։ Եթէ ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակութեան մէջ պահպանւել է, ապա գուցէ նաեւ դրա շնորհիւ։ Բայց սրանք ժամանակաւոր, մեխանիկական սպեղանիներ են։

Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառեալ՝ քաղաքական) սկսեն առողջ երկխօսութիւն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակութեան որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատւութիւնը։ Գուցէ պետական մեքենայով հնարաւոր է պարտադրել հասարակութեանը «վիզուալ ուրախութիւն», բայց վախենալ է պէտք այն միտումից, որ հասարակութիւնը աղէտի չափից արդէն դադարել է զգալ որեւէ բան։ Այս սա իրօք վախենալու է։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Related Articles

Back to top button