Վաստակաշատ տեսչուհի եւ կրթական մշակ Արմինէ Յովսէփեան-Վահրամեանը մեծարւեց Թաւրիզում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Նոյեմբերի 16-ի երեկոյեան ժամը 19:00-ին, Թաւրիզի առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» հանդիսասրահում կազմակերպւած յատուկ հանդիսութեամբ մեծարւեց, Թաւրիզի հայոց ազգ. «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» տարրական եւ միջնակարգ դպրոցների բազմավաստակ տեսչուհի եւ կրթական մշակ Արմինէ Յովսէփեան-Վահրամեանը, այս պաշտօնում հանգստի կոչւելու առիթով:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, ու կազմակերպութեամբ սոյն խորհրդից նշանակւած յատուկ յանձնախմբի, շքեղ ձեռնարկը տեղի ունեցաւ առ ի գնահատանք բազմամեայ տեսչուհու, ներկայութեամբ բազմաթիւ հրաւիրեալների եւ համայնքի զաւակների: Յանձնախմբի անդամներն էին Անահիտ Յակոբեանը, Նայիրի Դիլանեանը, Նայիրի Շահմուրադեանը եւ Թեմական խորհրդից նշւած յանձնախմբի հետ կապը՝ Քաթրին Դիլանեանն էր:
Հոգեւորականաց դասի, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական իշխանութեան կողքին ներկայ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, թեմի միութիւնների եւ կազմակերպութիւնների վարչական ներկայացուցիչներ, Թեհրանի քոյր թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեհրանի «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թորոսեանը, մեծարեալի ընտանիքի անդամներ՝ ամուսինը՝ երաժիշտ Վարդան Վահրամեան, քոյրը՝ Նայիրի Յովսէփեան, հարսը՝ Քնար Յովսէփեան եւ համայնքի բազմաթիւ զաւակներ:
Իրանի քայլերգի ունկնդրութիւնից յետոյ, կազմակերպիչ յանձնախմբի անունից բարի գալստեան եւ ողջոյնի խօսք փոխանցեց Նայիրի Դիլանեանը: Նա սկսելով պաշտօնական հրաւիրեալներից, բոլորի ներկայութիւնը ողջունեց, ընդգծելով երեկոյի ընթացքը եւ բեմական ելոյթները:
Գեղարւեստական ծրագրով, ինչպէս նաեւ գնահատանքի խօսքերով յագեցած երեկոյի ընթացքում հանդիսավար Նայիրի Դիլանեանի հրաւէրով հերթաբար բեմ բարձրացաւ եւ ելոյթ ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի աշակերտութիւնը՝ երկու երգերով, ղեկավարութեամբ Թադէ Նազարբէգեանի: Ասմունքով ելոյթ ունեցաւ աշակերտուհի Սկառլետ Ենովքեանը, իսկ աշակերտութեան անունից ուղերձ ընթերցեց Անգելինա Սարմասթեանը: Գեղարւեստական բաժնում իրենց մասնակցութիւնը բերեցին Վարդան Սարգսեանը, դոկտ. Արա Մելիքեանը, Ռեբեկա Սարգսեանը եւ Միրօ Աբրահամեանը, որոնց դաշնամուրի վրայ ընկերակցում էր Կարէն Սարգսեանը, իսկ Սեւանայ Դանղեանը՝ արտասանութեամբ մասնակցեց ծրագրին: Դարձեալ գեղարւեստական բաժնին մաս էր կազմում «Տաթեւ» պարային համոյթը, որը Թաւրիզի բեմը ծաղկեցրեց սքանչելի պարատեսակներով, ղեկավարութեամբ Կարինէ Մանուչեարեանի եւ փորձավարութեամբ Մարիա Գասպարեանի եւ Սեպուհ Անտոնեանի:
Արմինէ Յովսէփեան-Վահրամեանի անցած կեանքի եւ նւիրաբերման ուղու մասին կենսագրական տւեալները մանրամասնութեամբ ներկայացւեցին Նայիրի Դիլանեանի միջոցով, որը համեմւել էր բազմաթիւ խօսուն լուսանկարներով: Ներկաներից շատերը, որոնք համագործակիցներ էին եղել Արմինէ Վահրամեանի անցած տարիների ընթացքում, յուշերով յետ գնացին պատմութեան մէջ, վերյիշելով անցեալը եւ ազգային-եկեղեցական ու կրթական կեանքի առօրեան Ատրպատականում:
Պաշտօնական խօսքերի եւ ուղերձների բաժնում հերթաբար ելոյթ ունեցան Թեմական խորհուրդը, որի խօսքը փոխացեց ատենապետ Գագիկ Ջորջեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչուհի՝ Սիլւա Աշըղեանը:
Քոյր թեմերի առաջնորդներ՝ Սեպուհ արք. Սարգսեանից եւ Սիփան եպս. Քէչէճեանից, ազգային իշխանութիւններից, ազգային-հասարակական կազմակերպութիւններից, «Ալիք» հաստատութիւնից, ուրմիահայ բարերար Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանից եւ անհատներից, ինչպէս նաեւ Ատրպատականի թեմի բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների անունից՝ (Թաւրիզ եւ Ուրմիա), գրւած շնորհաւորագրերը ընթերցւեցին Անահիտ Յակոբեանի միջոցով: Բոլորը իրենց երախտագիտութիւնն էին յայտնում սոյն ուղերձներով Արմինէ Վահրամեանին, ի դիմաց նրա նւիրեալ ծառայութիւնների եւ վեր էին հանել տիկին Վահրամեանի կառուցողական ներկայութիւնը համայնքային եւ կրթական կեանքում, լաւագոյն մաղթանքների յղմամբ:
Սրտագին խօսքերի եւ սիրալիր արտայայտութիւնների աւարտին, շնորհակալիքի խօսքով ելոյթ ունեցաւ օրւայ մեծարեալը: Արմինէ Վահրամեանը համայնքի զաւակների միախումբ ներկայութիւնից, ինչպէս նաեւ հիւրերի յարգալից մասնակցութիւնից ներշնչւած, իր սրտից բխած ամենաթանկագին բառերով շնորհակալութիւն յայտնեց բոլորին: Նա մէկ առ մէկ յիշելով բոլորին, ի պաշտօնէ, հրճւանքի իբրեւ արտայայտութիւն եւ երախտագիտութիւն եղած յարգանքին, նւէրներով պարգեւատրեց յատկապէս յանձնախմբի անդամներին եւ Թեմական խորհրդի ներկայացուցչին, ինչպէս նաեւ նկարների դասաւորումը իրականացրած Անդրու Մկրտչեանին:
Հանդիսութեան վերջում բեմ հրաւիրելով, Ատրպատականի առաջնորդը օրհնութեան խօսք փոխանցեց: Նա իր խօսքը սկսեց իւրաքանչիւր սփիւռքահայի ուղղւած կարեւոր հարցով. «Հայ Դպրոցը մեր բե՞ռն է, թէ՞ սէրը»: Սոյն հարցին պատասխանելով Սրբազան Հայրը թւեց այն հսկայական դժւարութիւնները, որոնք Սփիւռքի հայ համայնքները կրում են իրենց ուսերին, բաց պահելու համար Հայոց Դպրոցի դռները: Այս առումով, Սրբազան Հայրը շեշտեց այն կարեւոր պարտաւորութիւնը, որը մեր ժողովուրդն է դրել մեր ուսերին, որով Հայ Դպրոցը դառնում է ո՛չ թէ սովորական բեռ, այլ քաղցր ու սիրելի՛ բեռ մեր ուսերին դրւած: Նա ընդգծեց այն իրողութիւնը, որ Հայ Դպրոցը մեր ազգի համար նաեւ հայրենի հող է եղել Արեւմտահայաստանի կորստից յետոյ երբ աւելի քան մէկ հարիւրամեակ ազգային ինքնութիւն էր ջամբել, շարունակում է իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում, օտար երկինքների տակ:
Սրբազան Հայրը թւեց այն բնագաւառները, որոնց մէջ իր տւած ժամանակով, իր բերած նպաստով, իր բնատուր ձիրքերով եւ բացայայտ նւիրումով գործել էր Արմինէ Վահրամեանը, եւ շարունակում է գործել. «Անհատներ կան, որոնց հանգստի կոչւել չի սազում: Տիկին Արմինէն նրանցից է: Կրթական կեանքից նա ստիպողաբար հեռանում է այսօր, հետեւելով կրթական նախարարութեան սահմանած ժամանակին: Հազար փառք Աստծոյ, որ մեր դպրոցը լաւ ձեռքերի է յանձնւած, երիտասարդական նոր շնչով եւ արդիական մեթոդներով շարունակելու սրբազան առաքելութիւնը Հայ Դպրոցի, մեր համայնքում»,- ասաց Սրբազան Հայրը, շեշտելով, որ վստահաբար տիկին Արմինէն մօտկից շարունակելու է հետեւել իր այնքան սիրած ու փայփայած լոյսի կրթարանի կեանքին ու առաքելութեանը:
Սրբազան Հայրը Յովսէփեան-Վահրամեան ընտանիքի ներկայութիւնը Թաւրիզում բարձր գնահատելով, ակնարկներ կատարեց դրանց անցած սերնդի ներկայացուցիչների եւ այժմեան անդամների միշտ դրական ներկայութեան, լինի ազգային ժողովական, թէ կրթական, համաշխարհային արւեստի եւ ազգային մշակոյթի առմամբ:
Նա գոհունակութեամբ յայտնեց, որ անցած տարիներին ինքը անձնապէս դիմել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, որպէսզի Վեհափառ Հայրապետը տիկին Արմինէին պարգեւատրի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով, որպէս նւիրեալ անդամ հայ ազգի, եւ մշակութային կեանքում դերակատար անձնաւորութիւն Ատրպատականի հայոց թեմում: Նա հրաւիրեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին, որպէսզի ընթերցի Օրհնութեան Գիրը, որը հրապարակւել էր ազգային առաջնորդարանից: Սրբազան Հայրը իր գրութեան մէջ անդրադարձել էր աշխատանքային այն երկար ուղուն, որը հայ եկեղեցու ամենապատմական թեմում, ազգային եւ կրթական կեանքի տարածքում ունեցել էր Արմինէ Վահրամեանը:
Գնահատական եւ օրհնութեան իր խօսքի աւարտին, Սրբազան Հայրը յայտարարեց նաեւ տէր եւ տիկին Վարդան եւ Արմինէ Վահրամեանների կողմից կոկիկ գումարի նւիրաբերումը ազգային առաջնորդարանին, «Մելիք Թանգեան» թանգարանի գոյքերի դասաւորման ներկայ աշխատանքներին զօրավիգ կանգնելու նպատակով:
Բոլոր ներկաները ծափողջոյններով մի անգամ եւս իրենց շնորհաւորանքը յայտնեցին Արմինէ Վահրամեանին, որից յետոյ բեմում նրան յանձնւեցին Թեմական խորհրդի եւ բոլոր միութիւնների եւ կազմակերպութիւնների կողմից մատուցւած յուշանւէրները:
Հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ ընթրիք-հիւրասիրութիւն: