ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի ուխտագնացութիւնը Ատրպատականի հայոց թեմի պատմական սրբավայրեր
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ միութիւնը կազմակերպել էր ուխտագնացութիւն՝ դէպի Ատրպատականի հայոց թեմի մի շարք հնաբոյր սրբավայրեր, յատկապէս հրաժեշտ տալու համար վարչութեան երկար տարիների ատենապետուհու՝ Սեդա Մեջլումեանի ծառայութեանը, որը անցնող տասնամեակներին նա ընծայել էր մարդասիրական սոյն միութեան Ուրմիայի մասնաճիւղին:
Սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ յունիսի 12-ին, առաւօտեան ժամը 6:00-ից սկսեալ: Հանրակառքի արտօնութիւնը եւ սրբավայրերի այցելութեան բոլոր համակարգումները կատարւել էին Ուրմիայի գործխորհրդի ատենապետ՝ Վանիկ Եաղուբեանցի միջոցով, որը նահանգապետարանից եւս արտօնութիւններ էր վերցրել ուխտաւորների ճանապարհորդութեան համար:
Ուրմիահայ բոլոր ուխտաւորներին Խոյ քաղաքում նախաճաշ հիւրասիրւեց, որը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Ատրպատականի հայոց թեմի պատմութեանը: Այցելութեան առաջին սրբավայրը հանդիսացաւ Խոյ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին: Արժանի է նշել, որ Ս. Սարգիսը հայկական բոլոր եկեղեցիների մեծերից մէկն է հանդիսանում, որը 18-րդ դարում կառուցւած լինելով, մեծ տարածութիւն է ներկայացնում: Դժբախտաբար այսօր հայեր չեն ապրում Խոյում, եթէ նկատի չունենանք անցած դարում մուսուլման կրօնը ընդունած մի շարք հայերին, որոնք թուրքական պետութեան այդ տարածաշրջանին տիրապետած լինելու վախից ազդւած, ենթարկւել էին մուսուլմական կրօնին: Ուխտաւորները իրենց այցի ընթացքում զգացին ամայութիւնը եկեղեցում եւ շրջապատում, որովհետեւ այլեւս հայեր չեն ապրում Խոյ քաղաքում… : Եկեղեցում լռութիւն էր տիրում, մինչեւ սկսւեցին ուխտաւորների հաւաքական աղօթքն ու կրօնական ու ազգային երգերը: Ոգեւորիչ էր պահը, յատկապէս երբ տարեց ու երիտասարդ, ինչպէս նաեւ երեխաները, միացել էին միմեանց, աղօթքի զօրութիւնը զգալով:
Ուխտաւորների հանրակառքը Խոյից մեկնեց դէպի Ջուլֆա, որտեղ վաղ դարերից ի վեր հայեր են ապրել, վանական իրենց համալիրն են կառուցել, նոյնիսկ դպրեվանք հիմնել Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում, որը մինչեւ այսօր Ատրպատականի հայոց թեմի բարձր հոգածութիւնն է վայելում:
Ուխտաւորների հանրակառքը մայր Արաքս գետի ափից սկսեց իր ճանապարհը դէպի հայոց ուխտավայրերը: Ճանապարհի վրայ առաջին ուխտավայրն էր Հովւի մատուռը, Արաքսի աջ ափին, որի նմանակը գոյութիւն էր ունեցել գետի միւս ափում…:
Աղօթքի ու մաղթանքների շարքը այստեղ եւս արտայայտեցին ուխտաւորները, դրանք իրենց սրտից բխեցնելով եւ ուղարկելով առ Աստւած: Ապա խումբը Արաքսի ափով ուղղւեց եւ բարձրացաւ Ս. Ստեփանոս Նախավկայի հրաշալի վանքը: Եկեղեցու եւ իր շրջապատի գեղեցկութիւնը, բնութեան սքանչելի տեսարանը, որը եւ մտքի խաղաղութիւնը էր պարգեւում, մի պահ խորապէս ազդեց բոլորի հոգիներին:
Ուխտաւորները պատմական մեծ արժէք ներկայացնող տաճար մուտք գործելով աղօթեցին, շարականներ երգեցին, Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղօթամատեանից հատւածներ արտասանեցին եւ ապա Տէրունական աղօթքը 7 անգամ կատարեցին: Աւարտին յիշատակի նկարներ վերցնելով տաճարում, շրջագայեցին վանքի տարբեր մասերում:
Այսպիսով բոլորը իրենց ուխտը կատարեցին դարաւոր վանքում, եւ ճաշելուց յետոյ, հանրակառքը ճանապարհւեց դէպի Ուրմիա: Վերադարձին ուխտաւորները մէկ ժամով կանգառ ունեցան Ջուլֆա քաղաքում, իրենց մտքում արձանագրելով շատ լաւ յուշեր: Ուխտագնացութիւնը աւարտած, ուրմիահայ ուխտաւորները վերադարձան իրենց բնակավայր քաղաքը, գոհ սրտով ու մեծ ուրախութեամբ։ Նրանք բաժանման պահին երախտագիտութիւն յայտնեցին ՀՕՄ-ի վարչութեան եւ Ուրմիայի Գործխորհրդին: