Հինգշաբթի` մայիսի 30-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդէսների դահլիճում տեղի ունեցաւ միջոցառում՝ Թեհրանում ակումբների ստեղծման 100-ամեակի առիթով, ուր մեծարւեցին ամենավաստակաւոր եւ գործունեայ միութիւնները։
Միջոցառմանը ներկայ էր երկրի Սպորտի եւ Երիտասարդութեան նախարարը, պաշտօնական այրեր եւ մարզանքի ոլորտում պետական բարձրաստիճան հիւրեր։
Հրաւիրւել էին Թեհրանում աշխատող ակումբներ, որոնց թիւը ըստ տրւած զեկոյցի շուրջ 3500-ի է հասնում։
Ծրագիրը մեկնարկեց հիւրընկալը, որտեղ օրւայ առիթով իր խօսքը արտայայտեց, ապա Սպորտի նախարարը ողջունեց ներկաներին եւ բացատրութիւններ տւեց ներկայ իրավիճակի մասին, խոստանալով իր ուժերի եւ հնարաւորութիւնների սահմանում օգտակար լինել մարզական ակումբներին, ունենալու համար նոր մարզաձեւեր զարգացնելով եղածը, ապա ներկայացւեց ու մեծարւեցին 12 վաստակաւոր եւ լաւագոյն ակումբներ, որոնց յանձնւեց գնահատագրեր ու յիշատակներ։
Ցանկի առաջին երկուսի մէջ են «Շահին»-ը եւ «Արարատ»-ը, որոնք էլ գնահատւեցին, որպէս ամենափորձառու, վաստակաւոր, անւանի եւ բազմաբնոյթ մարզաձեւերում աշխատող ակումբներ։
Միջոցառման ընթացքին յիշատակւեց եւ մեծարւեց «Արարատ»-ի գործունէութեան 80-ամեակը։
Հարկ է նշել, որ միջոցառման համար պատրաստւած տեսաերիզում մեծ տեղ էր գտնում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան աշխատանքները։
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կողմից մեծարմանը հրաւիրւել եւ մասնակցել էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սոֆի Ջաղարբեգեանը, փոխնախագահ՝ Արմանդ Դրորը, Թալին Դարասեանը եւ վաստակաւոր մարզիկներ ու մարզիչներ՝ Մայիս Միանսեանը, Արսէն Տէր-Գէորգեանը եւ Յովիկ Հաթամզադէն։
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապ