ԹեհրանՀամայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ` «Ձմեռ պապը եւ նւէրների ուղին» միւզիքլ ներկայացումը գերեց հանդիսատեսին

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երկու անընդմէջ օրեր՝ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահը իր դռներն էր բացել Ձմեռ պապի համար, որտեղ բեմականացւել էր միւզիքլ կատարում «Ձմեռ պապը եւ նւէրների ուղին» թատերա-պարային ներկայացումը, իր շուրջ համախմբելով մեծ թւով հայրենակիցների եւ երեխաների:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Բիայնա Մահմուդեանի բեմադրութեամբ եւ «Արարատ» պարախմբի կատարմամբ, որի աւագ ուսուցիչն է՝ Լինէթ Սարգսեանը, ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեանը եւ փորձավարներ Նարէ Մնացականեանը եւ Նարէ Տէր Մկրտչեանը, իրականացած տօնական միջոցառումը սկսւում էր հէնց նախասրահից, որտեղ գեղեցիկ եւ տօնական մթնոլորտ էր տիրում: Նշենք, որ այս տօնական մթնոլորտից եւ Ձմեռ պապի կապոցներից անմասն չեն մնալու Արցախի մեր սիրելի բալիկները:

Ձիւնազարդ սարեր ու անտառ բնութագրող բեմական գունազարդ յարդարանքներով դասաւորւած բեմում Ամանորին յարիր երգերով ելոյթ ունեցան՝ Քեւին Մոսկոֆեանը, Մինէ Հաթամեանը, Նելլի Մկրտչեանը եւ Ալին Ասլանեանը, որոնք ներկայացնում էին Ձմեռ պապին եւ իր եղջերուներին: Ահա պատմութիւնը թէ՝ ինչպէս բալիկների նւէրների փոխանցման համար սարերից իր սայլով իջնող Ձմեռ պապի սայլը փչանալով նա գիշերում է անտառում եւ անտառում յափշտակւում նւէրները, սակայն անտառի կենդանիների եւ գաջաջների միասնական ու չյուսահատւող ջանքներով գտնւում են բոլոր նւէրները, որպէսզի հասնեն հասցէատէրերին, այդ ընթացքը ներկայացրեցին «Արարատ» պարախմբի հինգ օղակի սաները սկսած անսամբլից մինչեւ ամենափոքրիկները:

Միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որ իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հէնց այդ միասնականութեան, համագործակցութեան եւ ապագայի նկատմամբ լաւատես լինելու տեսլականի մասին: Նա գնահատանքով անդրադարձաւ ներկայացման վերաբերեալ, այն իր տեսակի մէջ համարելով առաջինը եւ ողջունեց բեմադրիչ Բիայնա Մահմուդեանին, «Արարատ» պարախմբին եւ կազմակերպութեանը նման տօնական միջավայր ստեղծելու համար:

Related Articles

Back to top button