ԱԿՆԱՐԿ. ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԷՄ ՄԻԵՒՆՈՅՆ ՍՑԵՆԱՐՈՎ ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԱՐՇԱՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՏԻՍ
Վերջին շրջանում հայկական հանրային դաշտ է ներթափանցել եւ նկատելիօրէն ակտիւացել մի վտանգաւոր թէզ՝ իբր եկեղեցին «ինքն է պառակտել» հայերին՝ բաժանելով նրանց առաքելականի ու ոչ առաքելականի, Էջմիածնի ու Անթիլիասի, կողմնակիցի ու հակառակորդի… Այս վարկածը, իրականում, ոչ թէ վերլուծութիւն է, այլ՝ ազգային ու հասարակական զգայուն կոթողներին ուղղւած նպատակային հարւած։
Այն դիտաւորեալ լսարանի աչքից թաքցնում է ամենակարեւորը՝ եկեղեցին չէր կարող պառակտել մի ազգի, որը հազարամեակներով իր գոյամարտի ընթացքում ինքն է հաւաքւել եկեղեցու շուրջը եւ իր պետականութեան բացակայութեան տարիներին հէնց եկեղեցու շնորհիւ է պահպանել լեզուն, կրթութիւնը, մտածելու կարողութիւնը եւ բնականաբար ինքնութիւնը։
Եկեղեցին պառակտման պատճառ համարելը ոչ միայն պատմական փաստերի աղաւաղում է, այլեւ՝ վտանգաւոր քաղաքականացւած պարզունակացում, որը ծառայեցնում է հանրային դժգոհութիւնները՝ դրանք ուղղորդելով այն հաստատութեանը, որը դարեր շարունակ եղել է ազգային միասնութեան յենարան։
Յօդւածս փորձ է ցոյց տալու, թէ ինչու այդ թէզը չի դիմանայ որեւէ պատմական կամ տրամաբանական քննութեանը, կամ որ ջրաղացին ջուր լցնելու համար է տարածւում ցանցերում:
Տրամաբանական հիմնաւորումներ՝ ինչու է մեղադրող կողմի վարկածը սխալ
Ա – Եկեղեցին ժողովրդի պատմութեան հետեւանք է, ոչ թէ պատճառ
Պատմական բաժանումները գոյացել են եկեղեցուց առաջ: Մեր ժողովուրդը հազարամեակներ ապրել է տարբեր կայսրութիւնների տիրապետութեան տակ՝ Պարսկաստան, Բիւզանդիա, Արաբական խալիֆաթներ, Օսմանեան եւ Ռուսական կայսրութիւն:
Հայոց եկեղեցին ժողովրդի պատմութեան արդիւնք է՝ նրա լեզւի, մշակոյթի ու գոյապայքարի հոգեւոր արտացոլումը: Այն չի կարող լինել բաժանման պատճառ, քանի որ ինքն էլ ձեւաւորւել է նոյն պատմական իրականութեան շրջանակում, որտեղ արդէն գոյութիւն ունէին քաղաքական բաժանումներ, օտար տիրապետութիւններ եւ աշխարհագրական անջատումներ:
Եկեղեցին ճկունութիւն ցուցաբերելով՝ յարմարւել է հայաշխարհի բաժանւած աշխարհագրութեան իրականութեանը եւ համապատասխանաբար կազմաւորել իր կառոյցները:
Բ – «Առաքելական – ոչ առաքելականի բաժանումը» եկեղեցու պատճառով չէ
Հայ իրականութեան մէջ այլ քրիստոնէական ուղղութիւնները յայտնւել են արտաքին միսիոներական գործունէութեան հետեւանքով՝ պրոտեստանտ, կաթոլիկ եւ ներգաղթած արտերկրեայ քարոզիչների միջոցով:
Սա նշանակում է, որ այս ուղղութիւնները եւս եկեղեցու ստեղծածը չեն, այլ՝ եկեղեցուց զատ՝ օտար շարժումների արդիւնք են դրանք:
Այդպիսով, Եկեղեցին այստեղ ոչ թէ բաժանողի դերում է, այլ պաշտպանողի: Ուստի եկեղեցուն մեղադրել այս բաժանման համար նոյնն է, ինչ մեղադրել տուժողին՝ յարձակման դէմ պաշտպանիչ գործողութեան համար:
Գ – «Էջմիածին – Անթիլիաս բաժանումը» նոյնպէս եկեղեցական կամեցողութիւն չէ
Այն առաջացել է Հայաստանի պետականութեան կորստի, ցեղասպանութեան, գաղթերի եւ համայնքների աշխարհագրական բաժանման հետեւանքով: Իւրաքանչիւր համայնք ունեցել է իր վարչարարական կարիքները:
Այս պայմաններն ստեղծել են կառավարման երկու կենտրոն, ինչը տարբեր է «երկու հաւատք ունենալու» վարկածից:
Էջմիածինն ու Անթիլիասը դաւանանքային տարբերութիւն չունեն: Նոյն հաւատքն ունեն, նոյն եկեղեցու մաս են: Սա կառավարման հարց է, ոչ թէ ճշմարտութեան:
Այդպիսով, «Հայոց Առաքելական եկեղեցին է պառակտել հայերին» պնդումը փաստացի անհիմն է: Բաժանման պատճառը պատմական պայմաններն են, աշխարհաքաղաքական ճնշումները եւ սփիւռքի ձեւաւորման ու կազմակերպմանն առնչակից լուծումները, ոչ թէ եկեղեցին:
Դ – Եկեղեցին իրականում եղել է հայութեանը միաւորող միակ իրականութիւնը՝ հազարամեակների ընթացքում
Եթէ եկեղեցին պառակտիչ դերում լինէր, ապա չէր պահպանելու լեզուն, չէր զարգացնելու գրաւոր մշակոյթը, չէր միաւորելու սփիւռքը, չէր ստեղծելու ինքնութեան միասնական սիմւոլներ՝ Աստւածաշունչ, շարական, ծիսակարգ: Այն չէր մնայ այդքան ընդունւած, ինչպէս Մուշում, Ատրպատականում (աւելի քան 7-հարիւրամեայ թեմով), Նոր Ջուղայում, Պոլսում եւ Բէյրութում:
Փաստն այն է, որ եկեղեցին միաւորւած հայկական ինքնութեան պահպանման համար, յատկապէս, գործել է այնտեղ, որտեղ սահման է քաշւել պետութեան ու աշխարհագրական ամբողջականութեան միջեւ, կամ գտնւել են սահմաններից դուրս, կամ նոյնիսկ պետական մտածողութեան բացակայութեան փաստի առաջ է կանգնեցւել հայաշխարհը:
Ե – Թէ ինչու են պառակտման մասին ներկայիս մեղադրանքները քաղաքական բնոյթի
Շատ յաճախ այս պնդումները բխում են եկեղեցու ներգրաււածութիւնից՝ ազգային հարցերում, իշխանական կամ գաղափարական պայքարներից, ինչպէս նաեւ ազգային արժէքների նկատմամբ հանրային վստահութեան ժամանակաւոր անտարբերութիւնից օգտւելու փորձերից:
Այսինքն, դրանք գիտական ու պատմական վերլուծութեան արդիւնք չեն, այլ զուտ քարոզչական փխրուն ձեւակերպումներ են:
Սրանց կողքին պէտք է տեսնել նաեւ արտաքին գործօնը՝ յանձնիս գիտակցաբար կամ անգիտակցաբար հաւաքագրւած ակտիւիստների:
Նոյն կապակցութեամբ կարելի է դիտարկել նաեւ ուկրայնական փորձը՝ մինչեւ Զելենսկու իշխանութեան անցնելն ու դրանից անմիջապէս յետոն: Եկեղեցին այնտեղ պառակտելուց յետոյ «նորաձեւութիւնը» շարունակեց ազգային մօտեցումներով գաղափարների ջնջման փորձը։
Եզրահանգում
Հայոց Առաքելական Եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի ինքնութիւնն ու միասնականութիւնը պահող առանցքային կառոյցը՝ պահպանելով լեզուն, գիրը, մշակոյթը եւ համայնքների կազմակերպւած կեանքը։ Սակայն նրա ուժեղ դիրքն ու ազգային դերակատարութիւնը տարբեր ժամանակներում դարձրել են արտաքին եւ ներքին ճնշումների թիրախ։
Եկեղեցու դէմ պայքարի ակունքներն ունեն բազմաշերտ բնոյթ։ Նախ՝ տարածաշրջանում գերտէրութիւնների քաղաքական մրցակցութիւնը ձգտում էր սահմանափակել Հայոց Եկեղեցու ինքնուրոյնութիւնը եւ ենթարկել հայ համայնքները սեփական հոգեւոր-քաղաքական ազդեցութեան։
Պայքարի առանձնայատուկ եւ վտանգաւոր շերտը թուրքական քաղաքականութիւնը եւ պանթուրքիստական գաղափարախօսութիւնն էր։ 19-20-րդ դարերից սկսած՝ Հայոց Եկեղեցին դիտւեց ոչ միայն որպէս կրօնական, այլ նաեւ ազգային դիմադրութեան եւ ինքնութեան կենտրոն։ Այդ պատճառով այն դարձաւ պանթուրքիստական ծրագրի առաջնային թիրախներից։ Ցեղասպանութեան տարիներին հոգեւորականների եւ եկեղեցական կառոյցների ոչնչացումը նպատակ ունէր կոտրելու հայերի կազմակերպւածութեան ողնաշարը, իսկ Թուրքիայի ճնշումները՝ շարունակելու համայնքային իրաւունքների սահմանափակումը եւ եկեղեցու ազդեցութեան նւազեցումը։
Ներքին պատմական ու գաղափարական տարաձայնութիւնները եւս երբեմն խորացրել են այս ճնշումները՝ եկեղեցին ներկայացնելով որպէս չվերահսկւող ազդեցութեամբ պահպանողական կառոյց, ինչը դարձել է հակաեկեղեցական քարոզչութեան լրացուցիչ սնուցող աղբիւր։
Այնուամենայնիւ, բոլոր այս ճնշումների եւ փորձութիւնների միջով Հայոց Եկեղեցին կարողացել է անցնել պահպանելով իր ինքնութիւնը, վերապրել բռնութիւնների ու աւերումների ամենածանր փուլերը եւ շարունակել իր դերը՝ որպէս հայկական ինքնութեան, հոգեւորութեան եւ պատմական յիշողութեան ամուր յենարան։
Յ. Գ. – Հարկ եմ համարում նշել, որ ամէն անցողիկ կամ անհիմն կարծիքին պատասխանելը թերթիս առաքելութիւնը չէ: Իր ընթերցողի գիտակցութիւնը յարգող որեւէ լուրջ մամուլ, պարտաւոր չէ արձագանքել լեզւին տւած չակերտեալ ակտիւիստների ամէն բառին։
Սակայն, երբ նկատելի են դառնում նման մտքերը սոցցանցերում արագ տարածելու փորձերը, որոնք կարող են շեղել հանրային ընկալումը, դրանց կողքով լուռ անցնելով այդ «չքաշած ատամի» հետեւանքները կարող են ծանր լինել։ Արձագանքում ենք՝ ոչ թէ թեթեւաբանութիւնը քննարկելու, այլ այն տարածւելուց բխող վնասի մասին բարձրաձայնելու համար։



