
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում անցկացւող «Խաղաղութիւն եւ վստահութիւն» միջազգային համաժողովի շրջանակներում, ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին, հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին։
Փեզեշքիանը, բարձր գնահատելով Թեհրան–Մոսկւա յարաբերութիւնների ներկայ մակարդակն ու դրանց աճող միտումը, շնորհակալութիւն է յայտնել Ռուսաստանին՝ միջազգային հարթակներում Իրանի նկատմամբ ցուցաբերած աջակցութեան համար։
Նախագահն ընդգծել է Իրանի վճռականութիւնը՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրւած համապարփակ ռազմավարական համագործակցութեան համաձայնագրի գործարկման ուղղութեամբ՝ նշելով, որ համատեղ նախագծերը, մասնաւորապէս էներգետիկայի, բեռնափոխադրումների եւ միջանցքների ոլորտներում, ընթացքի մէջ են։ Փեզեշքիանը յայտնել է, որ կորիդորային նախագծերի իրականացման ամբողջական ենթակառուցւածքներն Իրանի կողմից պատրաստ կը լինեն մինչեւ տարեվերջ եւ ակնկալել է, որ ռուսական կողմը եւս կարագացնի համաձայնութիւնների իրականացումը։
Իրանի նախագահը կարեւորել է հիւսիս-հարաւ եւ արեւելք-արեւմուտք միջանցքների զարգացումը, ընդգծելով, որ դրանց իրականացումը ռազմավարական նշանակութիւն ունի եւ բարձր մակարդակի քաղաքական աջակցութիւնը կարող է արագացնել գործընթացը։ Նա նաեւ օգտակար է համարել երկու երկրների միջեւ գիւղատնտեսական համագործակցութիւնը՝ նշելով, որ այդ փորձը կարող է ընդլայնւել այլ ոլորտներում եւս։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը, իր հերթին, համապարփակ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը որակել է որպէս երկկողմ յարաբերութիւնների կարեւոր հանգրւան։ Նա նշել է, որ երկու երկրների առեւտրաշրջանառութիւնը անցեալ տարում աճել է 13 տոկոսով, իսկ ընթացիկ տարւայ առաջին 9 ամիսներին՝ 8 տոկոսով։ Պուտինի խօսքով՝ համագործակցութիւնը կը շարունակւի միջանցքների ենթակառուցւածքների, ինչպէս նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտներում։
ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկւան շարունակելու է աջակցել Իրանին միջազգային կառոյցներում, այդ թւում՝ ՄԱԿ-ում, եւ հանդիպման աւարտին փոխանցել է իր ջերմ ողջոյնները Իրանի Իսլ. Հանրապետութեան Գերագոյն առաջնորդին։



