Ասադը միամտօրէն վստահում էր Էրդողանին, մինչեւ որ թիկունքից դաշունահարւեց
Մինչեւ 2011 թւականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան եւ Թուրքիան երկար տարիներ շատ սերտ յարաբերութիւններ են ունեցել։ Փոխադարձ այցելութիւնների շարքում նախագահ Բաշար ալ-Ասադը 2004 թւականին պատմական այց կատարեց Անկարա, նա Սիրիայի առաջին նախագահն էր, որ այցելեց Թուրքիա: Այնուհետեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելեց Դամասկոս՝ ստորագրելու ազատ առեւտրի համաձայնագիրը։ 2007 թւականին Էրդողանը եւ Ասադը մասնակցեցին Հալէպի միջազգային մարզադաշտի բացման արարողութեանը։ Առեւտուրը ծաղկում էր վիզային ռեժիմի բացակայութեան պայմաններում: 2008 թւականին Էրդողանը կնոջ հետ հիւրընկալեց սիրիացի առաջին զոյգին՝ թուրքական Բոդրում առողջարանային քաղաքում հանգստանալու համար։ 2009 թւականին երկու երկրները համատեղ զօրավարժութիւններ անցկացրեցին իրենց ընդհանուր սահմանի երկայնքով: Ինձ ասացին, որ նախագահ Ասադը, իր «թուրք դաշնակցին» գոհացնելու համար, նոյնիսկ արգելել էր Հայոց Ցեղասպանութեան մասին գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում:
2008 թւականին, երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների այս ժամակահատւածանում, Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադին։ Կաթողիկոսը յետոյ ինձ ասաց, որ նախագահ Ասադն իրեն ասել է՝ հայերը մեծ սխալ են գործում՝ հանդէս գալով ընդդէմ Թուրքիայի եւ անընդհատ խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին։ Ասադն ասել է, որ հայերը պէտք է մոռանան անցեալը եւ լաւ յարաբերութիւններ հաստատեն Թուրքիայի հետ, որը նկարագրել է որպէս հզօր եւ կարեւոր երկիր։ Նա համարել է, որ Հայաստանի տնտեսութիւնը մեծ օգուտ կը քաղի Թուրքիայի հետ առեւտրից։
Որպէս Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգ եւ ողջ կեանքի ընթացքում այդ զանգւածային յանցագործութեան զոհերի համար արդարութեան ջատագով, ես շատ վշտացայ՝ լսելով նախագահ Ասադի սարսափելի խորհուրդը Արամ Ա-ին: Նկատի ունենալով այս զրոյցը, երբ 2009 թւականի յունիսի սկզբին հնարաւորութիւն ունեցայ մեկնել Դամասկոս, խնդրեցի նախագահ Ասադի հետ մտերիմ մի հայ ընկերոջ՝ հանդիպում կազմակերպել ինձ համար նախագահի հետ։
Դամասկոս հասնելուց յետոյ ընկերս զանգահարեց նախագահական նստավայր՝ հանդիպումը հաստատելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընկերոջս ասաց, որ մենակ գայ պալատ՝ խօսելու այդ հանդիպման մասին։ Մէկ ժամ անց ընկերս վերադարձաւ պալատից եւ վհատւած ձայնով ասաց, որ հանդիպումը չի կայանայ, քանի որ աշխատակազմի ղեկավարն ստուգել էր իմ անունը գուգլ որոնմամբ եւ պարզել, որ ես հարիւրաւոր քննադատական յօդւածներ եմ գրել Թուրքիայի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին։ Ուստի նա ընկերոջս յայտնել է, որ ինձ նման հակաթուրքական հայեացքների տէր մարդու հանդիպումը նախագահ Ասադի հետ անհնարին է՝ Սիրիայի եւ Թուրքիայի բարեկամական յարաբերութիւնների պատճառով։
Բնականաբար, ես շատ հիասթափւած էի։ Պատճառը, որ ցանկանում էի հանդիպել նախագահ Ասադի հետ այն էր, որ նրան ասէի՝ սխալ էր ոչ միայն հայերին ուղղւած իր խորհուրդը, այլեւ ինքն անձամբ մեծ սխալ էր գործում՝ վստահելով նախագահ Էրդողանին։ Ես ուզում էի ասել նախագահ Ասադին, որ հայերը շատ լաւ գիտեն թուրք ղեկավարների խարդախ բնաւորութիւնը՝ հաշւի առնելով ցեղասպանութիւնը, որից տառապել է հայ ժողովուրդը: Ուզում էի նաեւ նախազգուշացնել նախագահ Ասադին, որ կը գայ այն օրը, երբ իր «լաւ ընկեր» Էրդողանը կը դաւաճանի իրեն եւ թիկունքից կը դաշունահարի։
2009 թւականին ես չէի կարող իմանալ, որ երկու տարի անց Սիրիայում մեծ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենալու Էրդողանի լիակատար աջակցութեամբ: Ես վստահ չէի, որ եթէ նոյնիսկ հնարաւորութիւն ունենայի հանդիպել նախագահ Ասադին եւ զգուշացնել նրան, նա կը լսէր ինձ։ Բայց անկախ դրանից, ես ուզում էի նրան ասել այն ամէնը, ինչ մտածում էի։
Հետագայում լսեցի, որ նախագահ Ասադն իրեն հանդիպած միւս հայերին եւս ասել էր, որ նրանք պէտք է բարեկամ լինեն թուրքերի եւ Թուրքիայի հետ։ Ասադը մասնաւորապէս քննադատել էր հայերին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի դրօշն այրելու համար։
Դամասկոս կատարած իմ այցելութիւնից յետոյ նախագահ Ասադը այցելեց Հայաստան 2009 թւականի յունիսի 17-18-ին եւ նախագահ Սերժ Սարգսեանին առաջարկեց միջնորդ լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ երկու երկրների հետ Սիրիայի ունեցած «սերտ յարաբերութիւնների» պատճառով։ Այնուամենայնիւ, Ասադն արարողակարգային այց չկատարեց Երեւանում գտնւող Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր, ինչն անում են բոլոր օտարերկրեայ ղեկավարները՝ յարգանքի տուրք մատուցելու եւ ծաղկեպսակ դնելու համար։ Սա եւս մէկ օրինակ էր նախագահ Ասադի՝ Թուրքիային չվրդովեցնելու չափազանց զգայունութեան մասին։ Ասադը նաեւ բացատրել էր, որ Թուրքիայի հանդէպ տածած յարգանքից ելնելով Սիրիան չի կարող ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։
Անցեալ շաբաթ նախկին պատգամաւոր եւ 2009 թւականին նախագահ Սարգսեանի մամուլի քարտուղար Սամուէլ Ֆարմանեանը ֆէյսբուքեան գրառմամբ յայտնել է, որ երբ նախագահ Ասադը ոգեւորւած խօսել է Էրդողանի հետ իր «հոյակապ յարաբերութիւնների» մասին, նախագահ Սարգսեանը պատասխանել է. «Դուք թուրքերին լաւ չէք ճանաչում։ Կը գայ ժամանակը, եւ արդիւնքով կը դատենք»։ Սա նման է այն ուղերձին, որը ես ուզում էի փոխանցել նախագահ Ասադին Դամասկոսում։
Աւելի հետաքրքիր է, որ 2014 թւականի մարտին, Սիրիայի վրայ Թուրքիայի կողմից կազմակերպւած մի քանի տարի շարունակւող յարձակումներից յետոյ, երբ Ֆարմանեանի գլխաւորած խորհրդարանական պատւիրակութիւնը Սիրիայում էր եւ հանդիպել էր նախագահ Ասադին, նա խնդրել էր Ֆարմանեանին նախագահ Սարգսեանին փոխանցել հետեւեալ ուղերձը. «Ես շատ լաւ եմ յիշում երեւանեան մեր առանձնազրոյցը [նախագահ Սերժ Սարգսեանի հետ]»։ Այնուհետեւ Ասադը յաւելեց․ «Նախագահ Սարգսեանը ճիշտ էր. մենք թուրքերին լաւ չէինք ճանաչում»:
2014 թւականին Սիրիա մեկնած խորհրդարանական պատւիրակութեան մէկ այլ անդամ՝ Նայիրա Կարապետեանը, հաստատել է նախագահի մասին Ֆարմանեանի հաղորդման ճշգրտութիւնը։ Ասադը խոստովանել է, որ սխալւել է վստահելով Էրդողանին։
Անշուշտ, 2014-ին շատ ուշ էր նախագահ Ասադի համար գիտակցել, որ չպէտք է վստահէր Էրդողանին։ Այդ մեծ սխալը նրա վերջնական տապալման հիմնական պատճառներից մէկն էր:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ