Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցութեան ռիսկերը
ԹԱԴԷՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդիւնքներ տարածաշրջանի երկրների համար, եթէ այդ գործընթացները հասունանում եւ զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցւած հիմքով, այլ ոչ թէ մէկի աներկբայ առաջնորդութեամբ։
ԽՍՀՄ փլուզումից յետոյ՝ մինչեւ 44-օրեայ պատերազմը Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
Հիմա, երբ ունեն ռազմական յաջողութիւններ ու դոմինանտութիւն, իսկ Հայաստանը գտնւում է անվտանգային եւ սոցիալ-տնտեսական ծանր մարտահրաւէրների առջեւ, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպէս իրենց ազգային շահերի առաջ մղման յաջորդ փուլ։
Այս համատեքստում յատկանշական է նաեւ, որ վերջին ընտրութիւններից յետոյ Հայաստանի գործող իշխանութիւնը եւս իր հնգամեայ ծրագրում ձեւակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպէս մեր երկրի փոխշահաւէտ գոյակցութեան հիմք՝ նախեւառաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։
Աշխարհաքաղաքական եւ մեր տարածաշրջանի զարգացումների ներկայ փուլում այս նպատակադրումը փաթեթաւորւած է «Խաղաղութեան խաչմերուկ» պոպուլիստական եւ անիրատեսական այսպէս կոչւած ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր եւ գործադրման կառուցակարգեր։
Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցութեանը վերաբերող ընդհանուր գնահատումներ.
1. մասնակից մէկ կողմի աներկբայ առաջնորդութիւն, միւսի հեռանկարային շահերի ստորադասում,
2. թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրւած քաղաքականութիւն իրական հնարաւորութիւն եւ այս առումով մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս յաջողած փորձի առկայութիւն,
3. մինչեւ 44-օրեայ պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,
4. ռազմական դոմինանտութիւնից յետոյ՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զաւթման իրական նպատակադրում,
5. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքոյց ոտնձգութիւններ. թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում եւ աճող սպառնալիք՝ նաեւ տնտեսական անվտանգութեանը սպառնացող, աճող ռիսկերով,
6. «ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանութեամբ, «Խաղաղութեան խաչմերուկ» պոպուլիստական եւ անիրատեսական ծրագիր,
7. Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցութեան թիրախաւորւած աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,
8. թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,
9. Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպէս անյաղթահարելի խոչընդոտ. թուրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականութեան անդառնալի կորուստներ,
10. տրանսպորտային ենթակառուցւածքների բացակայութիւն եւ ձեւաւորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկիւնից աննշան մասնակցութեան հնարաւորութիւն, իսկ ծախսարդիւնաւէտութիւնը՝ անորոշ եւ հակասական,
11. տարածաշրջանում Հայաստանի համեմատական առաւելութիւնների ու արտաքին տնտեսական հետաքրքրութեան կորուստ՝ հիւսիս-հարաւ ուղղութեամբ,
12. Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկէտում ունի հետեւեալ աշխարհագրութիւնը՝ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձեւաւորւած են միջազգային առեւտրի որոշակի արտօնութիւններով ռեժիմներ, բարեկամական կապեր եւ ռազմավարական գործընկերութիւն,
13. Հայաստանի արտահանման ներուժի կլանում. Թուրքիայի հետ արտահանման ճիւղերի բարձր համընկնում,
14. արտահանմանը միտւած հայկական արտադրանքը չունի մրցակցային առաւելութիւններ թուրքական շուկաներում. մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառեալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական եւ պետական աջակցութեան մակարդակ,
15. Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ եւ աճող անվտանգային ռիսկեր,
16. Թուրքիա-Ադրբեջան ազատ առեւտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակւած քաղաքականութեան դրսեւորումներով։
Գնահատումները բնութագրող թւեր եւ փաստեր.
– 44-օրեայ պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019 թթ.). Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդ. դոլար, կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն. դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցւածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցւածում՝ 0,1 տոկոս,
– 2021 թ. թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն. դոլարի թուրքական ներմուծում,
– 2023 թ. բացասական միտումը վերականգնւել է. ներմուծում՝ 337 մլն. դոլար, նախորդ տարւայ համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն. դոլար, կրճատւելով 10 անգամ,
– 2024 թ. յունւար-հոկտեմբեր. Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ. դոլար, որից 22,5 տոկոսը դէպի Ռուսաստան,
– դէպի տարածաշրջանի բարեկամ, ինչպէս նաեւ հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացւածութեան բարձր մակարդակի ու անկայունութիւնների խորացում արտաքին պատահական գործօնների անկառավարելի ազդեցութիւնների հետեւանքներով, մասնաւորապէս՝ 2024 թ. 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցւածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատւել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։
Այս իրավիճակում եւ անորոշ զարգացումներով պայմանաւորւած՝ առկայ են իրատեսական եւ անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք–ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դէպ, այս ռիսկերը արձանագրել եւ բազմակողմանի հիմնաւորում էր օրւայ իշխանութիւնը 2020 թ. հոկտեմբերին, երբ արգելւեց թուրքական ներմուծումը, մասնաւորապէս.
– արտաքին առեւտրի կախւածութեան խորացում, ապրանքային եւ աշխարհագրական կառուցւածքների վատթարացում,
– տնտեսութեան, ներառեալ՝ օտարերկրեայ ներդրումների անհամեմատ փոքր ծաւալ,
– «կապիտալի փախուստի» կայուն արձանագրւող դրսեւորումներ՝ նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետեւանքով,
– տնտեսական անվտանգութեան տեսանկիւնից անհրաժեշտ եւ համարժէք սահմանափակումների բացակայութիւն,
– տնտեսական անվտանգութեան հաշւին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,
– խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունութիւն,
– աղքատութեան պահպանւող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդավարական ճգնաժամի իրական դրսեւորումներ՝ արտագաղթ, ծնելութեան անկում, մահացութեան աճ,
– սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականութեան անսահմանափակ հասանելիութիւնը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,
– ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենայ ճիշտ հակառակ իրական դրսեւորումը՝ տեղական արտադրանքը կը փոխարինւի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդէն խօսեցինք,
– տնտեսական էքսպանսիայի եւ անվտանգութեան նոր մարտահրաւէրներ. թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժոյթի արտահոսք,
– արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծաւալների շարունակական նւազում եւ վերացում, առաջնային հարւածը՝ գիւղատնտեսութեանը, յատկապէս՝ ջերմոցային տնտեսութեանը, տեքստիլ եւ մշակող արդիւնաբերութեանը
Այսպիսով. օրէցօր առաւել ակնյայտ են դառնում՝
– Հայաստանի օրւայ իշխանութիւնների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանէ հակադրւած են մեր երկրի եւ ժողովրդի պետական ու ազգային շահերին,
– այս իշխանութեանը պարտադրւած «ապաշրջափակումը»՝ «Խաղաղութեան խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսեւորումներից է։
Ելնելով վերը բերւած ընդհանուր գնահատումներից եւ իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորեւ ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգաւորման նւազագոյն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող.
1. Հայաստանի տնտեսութիւնը պէտք է զարգանայ ոչ թէ ինքնանպատակ, բացառապէս շուկայական «վայրենի» մօտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային եւ սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,
2. տարածաշրջանում արդիւնաւէտ եւ փոխշահաւէտ տնտեսական ինտեգրումը եւ Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք աւելացնելու եւ խորացնելու հաշւին,
3. ներդրումներն ու տնտեսական աճը պէտք է նիւթական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիւ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու ձգտումները կեանքի կոչելու համար,
4. տնտեսական փոխգործակցութիւնը պէտք է ուղղւած լինի, այլ ոչ թէ հակադրւի երկրի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեանը, առկայ մարդկային եւ տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,
5. ազգային պետութիւնը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտաւորութիւնները պէտք է իրականացնի ողջ ծաւալով եւ անշեղօրէն,
6. ազգային հեռանկարային շահերը չպէտք է զիջւի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող եւ այլոց շահերով առաջնորդւող արտաքին թւացեալ հնարաւորութիւններին։