1. Հայատեաց Ալիեւը օրերս յայտարարել է, որ Հայաստանը պէտք է բանակցութեան մէջ մտնի «արեւմտեան ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ, վերջիններիս անվտանգ վերադարձը իրենց բնօրրան երաշխաւորելու համար…։
Այսինքն, յարգելի ընթերցող, ինչպէս Հայաստանի իշխանաւորները իրենց վարչապետի միջոցով 2022-ին Պրահայի եռակողմ ժողովում (Փաշինեան-Ալիեւ-Շառլ Միշէլ) բացէ ի բաց յայտարարեցին ի լուր աշխարհի, որ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ», հիմա էլ պիտի ընդունեն ու յայտարարեն, թէ՝ հայկական Սիւնիքը եւ յարակից միւս տարածքները եւս «արեւմտեան ադրբեջան» են ու …։
«Այլապէս,- ասում է Ալիեւը,-խաղաղութեան պայմանագիր չի կնքւելու»։ Այս յոխորտանքին, սակայն, Հայաստանի վարչապետի պաշտօնն զբաղեցնող անձը, ինչքան էլ զաւեշտալի, արձագանգում է ոչ աւել, ոչ պակաս, մօտաւորապէս հետեւեալ արտայայտութեամբ. «Պէտք է ի մտի ունենալ, որ երբ մեր մէջ գտնւում են այնպիսիք, որոնք տասնամեակներ շարունակ Արեւմտեան Հայաստանի մասին են խօսում, ուստի սպասելի է, որ ուրիշներն էլ խօսեն արեւմտեան ադրբեջանի մասին…!?»։
2. Հայաստանի ու հայութեան թշնամի, Արցախը բռնազաւթած շինծու երկրի ղեկավարութիւնը լկտիաբար յայտարարել է, որ «եթէ Հայաստանում իշխանափոխութիւն իրականանայ, պատերազմն անխուսափելի է լինելու»…։
Ինչպէս շատ դէպքերում, այս յայտարարութեան առթիւ եւս Հայաստանի ինքնիշխանութեա՜մբ հմայւած ՔՊ իշխանաւորների կողմից ոչ մի հակարձագանգ՝ երկրի ներքին քաղաքական հարցերին այս կարգի լկտի միջամտութեան հանդէպ…։ Ինչո՞ւ, որովհետեւ ՔՊ խաղաղասէ՜ր իշխանատենչների կարծիքով նաեւ՝ ազգային-ընդդիմադիր ուժերը պատերազմի հետամուտ են, որոնց «ռեւանշն» էլ ադրբեջանին կը մղի նոր յարձակումների…։
3. Ի՞ նչ ինքնիշխանութեան մասին է խօսքը, երբ Ալիեւն ու նրան ամէն կերպ նեցուկ կանգնող Թուրքիան Հայաստանի հետ իրենց իսկ պատկերացրած խաղաղութեան ու հաշտութեան պայմանագրի ստորագրումը պայմանաւորում են.
ա- Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական մի շարք դրոյթների փոփոխութեամբ ու զեղչմամբ,
բ- Առհասարակ Հայաստանում Զինւած ուժերի ու բանակի մեղմ ասած՝ փոքրացմամբ ու յատկապէս չսպառազինմամբ,
գ- Հայաստանի սահմանային գօտիներից առանց այն էլ անգործունակ եւրոդիտորդների հեռացմամբ։
4. Այս կարգի նւաստացուցիչ նախապայմաններին համարժէք արձագանգելու փոխարէն, խաղաղասէր ՔՊ-ի թիւ 1 դիւանագէտը (արտգործնախարարը) հէնց օրերս, Ցեղասպանութեան դատապարտման կոնւենցիայի միջազգային օրւայ հանդիսութեանն իսկ կրկնում է արդէն քանիցս սպրդած այն անհեթեթութիւնը, ըստ որի՝ «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման իրաւա-քաղաքական պահանջատիրութիւնը մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը չէ…»։ Իսկ սրա արդիւնքում նախ ինքը՝ Թուրքիան աւելի ու աւելի է լկտիանում մեր համազգային նշանակութեան, ինչպէսեւ պետական անվտանգութեան կարեւորագոյն տարրերից մէկն հանդիսացող՝ Հայոց Ցեղասպանութեան արծարծման դէմ ժխտողական քաղաքականութեան շարունակման գործում, եւ ապա՝ ուժասպառ անում առհասարակ Սփիւռքի եւ մասնաւորապէս Հայ Դատի պայքարին լծւած հայկական յանձնախմբերի ու ժողովրդական-հասարակական կառոյցների տասնամեակների հետեւողական ջանքերն ու լաբիստական աշխատանքները։
5. Ու սրան զուգահեռ, նոյն դիւանագիտութիւնն առաջ մղող ՔՊ-ական արտաքին քաղաքականութեան գերատեսչութիւնը, ողջ կառավարական անձնակազմն ու անշուշտ՝ ԱԺ մեծամասնութիւնն օրնիբուն «Հայաստանին ու հայութեանը դաւաճանող» ՀԱՊԿ-ից հրաժարւելու կոչեր են աղաղակում, ընդհուպ՝ հայ-թուրքական սահմանում տեղակայւած ռուսական զօրամիաւորման ներկայութիւնը անուղղակիօրէն աւելորդ համարելով ու արժեզրկելով։
Հարց է առաջանում առ այն, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան ոսոխների նորացւած եւ ուժեղացւած տանդեմի ու դարանակալ դաշինքի առկայութեան պայմաններում, նմանօրինակ «դիւանագիտութիւնը» արդեօք համընթա՞ց է Հայոց ազգային ու պետական շահերին եւ որ կարեւոր է՝ ամրապնդո՞ւմ է դրանց անվտանգութիւնը…։
6. Դարձեալ հարց է առաջանում. Թուրքիայից մինչ Նախիջեւան եւ ադրբեջանական կողմից (ներառեալ բռնագրաււած Արցախը) մինչեւ հայաստանեան սահմանը…, նոյն ոսոխները աւարտին են հասցրել միմեանց կապող-միացնող թուրանական տարանցիկ ճանապարհը։ Մնացել է լոկ հայկական ուղու շուրջ 40 կմ.-անոց հատւածը։ Ինչպիսի ՞ն են պատկերացնում դրա գործարկումը՝ ՔՊ իշխանաւորները, որոնք դեռեւս 15 ամիս առաջ հինգհազարամեայ հայկական Արցախը սկուտեղի վրայ դրւած՝ յանձնեցին հայակեր ոսոխներին։
7. Այս ամէնից զատ՝ մեր աչքի առջեւ է սիրիական նախադէպը, ու դրան զուգահեռ՝ ըստ ամենայնի անիրաւապահ եւ ապազդեցիկ համաշխարհային համակարգը, որտեղ ամենաթոյլն ու անկարը նոյնինքն Միացեալ ազգերի կազմակերպութիւնն է (ՄԱԿ)։
Նոյն Սիրիայում բռնազաւթած տարածքներն ընդլայնելու անխոչընդոտ առաջխաղացման համար, նէո-օսմանցիք իրենց ոտնձգութիւններն արդարացնում են՝ պատրւակելով «քրդական ահաբեկչութեան» վնասազերծումը։
Հայաստանի դէպքում, սակայն, ինչքան էլ զաւեշտալի՝ հայասպան տանդեմը դա արդարացնում է ազգային գաղափարախօսութեան կրող ուժերի կողմից ներքին իշխանափոխութեամբ։
Ահաւասիկ.-
Վճռորոշ քայլի ու այդ ուղղութեամբ ճակատագրորոշ կամքի արտայայտողն արդարեւ, ոչ այլ ոք է, քան ազատախոհ, հերոսածին ու հայրենանւէր հայի տեսակը, որի աներեւակայելի համբերութիւնը չարաշահողների անխուսափելի վնասազերծումը վերահաս է եւ մօտալուտ…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու