Ալիեւը պահանջներ է հնչեցրել Հայաստանի դէմ՝ 150 միլիարդ դոլար, Սահմանադրութեան փոփոխութիւն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թւարկել է Հայաստանի նկատմամբ պահանջները։
Ինչպէս հաղորդում են հայաստանեան լրատւամիջոցները՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատւական գործակալութեան գլխաւոր տնօրէն Դմիտրի Կիսելեւին տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահը հրապարակել է երեւակայական վնասի թիւը։
«Վերջերս աւարտեցինք պատճառւած վնասի վերլուծութիւնը, ընդորում՝ մանրամասն վերլուծութիւնը։ Մենք դրա վրայ ծախսել ենք 4 տարի, եւ ամէն ինչ փաստաթղթաւորւած է։ Խօսքը աւելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցւել է օկուպացիայի տարիներին»,- ընդգծել է Ալիեւը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը խօսում է Արցախեան առաջին պատերազմի արդիւնքների մասին, որը հէնց Ադրբեջանն էլ սանձազերծել է։
«Եւս երկու կէտ, որ հայկական կողմը պէտք է անի: Առաջինը՝ փոխի իր սահմանադրութիւնը: Որովհետեւ սահմանադրութեան մէջ յղում կայ Անկախութեան հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը նախկին ԼՂԻՄ-ը յայտարարում է Հայաստանի մաս։ Ուստի Սահմանադրութիւն փոխելը մեր քմահաճոյքը չէ, դա սոսկ օբիեկտիւ պայման է»,- շարունակել է Ալիեւը։
«Եւ մեր երկրորդ պայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Քանի որ այս հարցը լուծւում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնութեան դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թէեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, բայց ֆորմալ առումով կայ, եւ մեր հարցն այն է, որ եթէ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծւել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչի՞ն է դա անհրաժեշտ։ Այսինքն՝ Հայաստանի դժկամութիւնը լուծարելու եւ մեզ հետ միասին ԵԱՀԿ-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով դիմելու համար վկայում է այն մասին, որ ռեւանշիստների ծրագրերը բաւականին լուրջ են»,- յայտարարել է Ալիեւը։
Բաքւի բռնապետը յայտարարել է նաեւ, որ շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտօնապէս դիմել է ՀՀ ղեկավարութեանը, որպէսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծւեն:
Նա ասել է, որ խօսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:
«Նրանք վերադառնալու իրաւունք ունեն: Հայաստանի ղեկավարութիւնից դեռ պատասխան չենք ստացել, թէ ինչպէս են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը»,- ասել է նա:
Նշենք, որ Ալիեւը «ադրբեջանցիների պատմական հողեր» ասելով նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: