ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Գլխաւորը հայրենիքի փրկութիւնն է

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրանտ Մարգարեանի խօսքը ՀՅԴ 134-ամեակին նւիրւած միջոցառմանը.

 

Ամօթով ենք, Արցախը մեզ հետ չէ։ Ամօթ է։ Հիմա պայքար չկայ, գրեթէ պայքար չկայ, կրկնակի ամօթ է։

Պարտւած պետութիւն ենք, ամէն օր աւելի ու աւելի ենք պարտւում։ Մենք պարտւում ենք մեզանից, մեր յաջորդ սերունդների հաշւին ենք պարտւում՝ կորցնում ենք մեր ու իրենց երազները, իղձերը, արժանապատւութիւնը, ազատ ինքնուրոյն գոյատեւելու իրաւունքը։

Օրըստօրէ աւելի շատ են բացայայտւում պարտութեան զանազան երեսները, պարզւում է թէ որքան խորն է մեր սրտում բացւած պարտութեան վերքը։ Եւ այն չի սպիանայ, չի սպիանայ մինչեւ այն ժամանակ, որ մենք չստեղծենք ուժեղ ու կազմակերպւած պետութիւն, մինչեւ որ ազգովի, մեր ազգային վերակազմակերպւած բանակի հետ միասին չքայլենք դէպի Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ ու Հադրութ, Շահումեան՝ դէպի յաղթանակ։

Պարտութիւն կրողը, ՀՀ այսօրւայ իշխանութիւնները շատ խորն են պարտւել, պարտւել են մինչեւ իրենց հոգու խորքը, այդ պարտութիւնը ամէն օր իրենց մօտ ծաւալւում է՝ տակնուվրայ են եղել իրենց մօտ մտքի տրամաբանութեան վերջին փշուրները, պարտութիւնը իրենց պարտւած արժեհամակարգ է յուշում, պարտւած մարդու տեսութիւններ, պարտւած մարդու քաղաքականութիւն, պարտւած մարդու մտածողութիւն։ Պարտութիւնը նոր մտածողութեան պատճառ է դարձել եւ հակասութեան մէջ են յայտնւել իրենց մօտ անցեալի հետ։ Չկայ ոչ մի յոյս, որ սրանցով մի օր փորձ կանենք շրջել պարտութեան էջը։

Նրանց մօտ առկայ է մի պարզ բացատրութիւն՝ թշնամին ուժեղ է եւ եթէ մենք ինչ որ հարցով յամառենք, ինչ որ երազանքներ ունենանք, անգամ՝ մեր մտքում ինչ որ ծրագրեր ունենանք, թշնամին կարող է գրգռւի եւ մեր վերջը տայ։ Նրանք չեն հասկանում, քանի թշնամին ուժեղ է իսկ մենք թոյլ միշտ էլ հնարաւոր է մեր վերջը բերի, դրա համար ոչ թէ պէտք է անընդհատ զիջել, հրաժարւել ծրագրերից, երազանքներից այլ ուղղակի կազմակերպւել, հզօրանալ։

Սրանք ընդունելով պարտութիւնը իբրեւ վերջնական ճակատագիր, անշեղօրէն գնում են պարտութեան ճանապարհով դէպի անդունդ՝ ինքնասպանութիւն։ Թւում է յոյս չկայ, նկատելի չէ, թէ երբ, որ կէտից սկսեալ կը փորձենք մեր մէջքը շտկել, երբ, որ կէտից սկսեալ կը փորձնք համախմբւել, կազմակերպւել, բռունցք դառնալ եւ գնալ յոյսի ճանապարհով, հզօրացման ճանապարհով։

Պարտութիւնից ի հարկէ դասեր պէտք է քաղել, անկեղծօրէն խոստովանելով թէ ինչո՞ւ պարտւեց ռեժիմը, պարտւեց որովհետեւ պատրաստ չէր պատերազմի, գիտէր որ պատերազմ է սպասւում, բայց ճիշտ հակառակ բաներն էր անում, աւելի ճիշտ պատրաստւում էր պարտւելու։ Հիմա մէջբերելու եմ իմ մէկ ելոյթը հրապարակայնօրէն հնչած, 44-օրեայ պատերազմից մէկ տարի առաջ։

«Պատերազմի հաւանակութիւն կա՞յ թէ չկայ, կայ։ Մենք պատրաստւում ենք պատերազմի թէ չենք պատրաստւում։ Իսկ եթէ պատրաստւում ենք, պատրաստւում ենք որ պարտւե՞նք, թէ պատրաստւում ենք որ յաղթենք»։

Խօսքս շարունակելով, ասում էի՝ եթէ որեւէ պետութիւն պատրաստւում է պատերազմի, փորձում է նւազագոյնի իջեցնել ներքին հարցերը, համախմբել ժողովրդին, հող պատրաստել ազգային միասնականութեան համար, քաջալերել հայրենասիրութիւնը, մարտունակութիւնը, հզօրացնել բանակը։ Իսկ այդ օրւայ Հայաստանում պառակտւում էր ազգը, արհեստական բաժանարար գծեր էին քաշւում մեր մէջ՝ սեւեր-սպիտակներ, ղարաբաղցի-հայաստանցի եւ այլն, իսկ բանակը ամէն օր վարկաբեկւում էր, կադրային ջարդ էր տեղի ունենում բանակում, ընկնում էր բանակի կազմակերպւածութիւնը, խանգարւում բանակի ներքին մթնոլորտը, իսկ արտաքին քաղաքականութեան ասպարէզում տղայական մօտեցումների ու դիլետանտիզմի պատճառով պետութիւնը սրում էր յարաբերութիւնները իր դաշնակիցների հետ եւ իբրեւ հետեւանք՝ զրկւում զէնքի մատակարարումից: Արդիւնքում՝ խախտւել էր հակառակորդի հետ սպառազինութեան հաւասարակշռութիւնը։ Եւ խօսքիս վերջում եզրակացնում էի, մենք չենք գնում ճիշտ ճանապարհով՝ փոխանակ ազգային միասնականութեամբ ուժեղացնենք բանակը եւ պատրաստւենք յաղթելու պատերազմը, մենք թաւալգլոր, քանդւելով գնում էինք պարտութեան։ Եւ դիմագրաւեցինք պարտութիւն։

Այժմ էլ չեն պատրաստւում յաջորդ պատերազմին, որը լինելու է եւ այս անգամ խնդրոյ առարկայ է դառնալու մեր պետութեան լինել-չլինելու հարցը։ Չեմ վախեցնում, չարագուշակութիւն չեմ ուզում անել, ուղղակի ասում եմ պէտք է պատրաստւել ապագայ պատերազմին, որպէսզի այն տեղի չունենայ, իսկ եթէ ունենայ մեր յաղթանակով աւարտւի։

Թւում է հարցերի հարցը այս իշխանութիւններից օր առաջ ձերբազատւելն է։ Մենք էլ, ինչպէս ՀՀ-ում ընդիմադիր բազմաշերտ ճակատը լծւած ենք այդ գործին՝ ազատւել այս իշխանութիւններից։ Բայց չենք ազատւում։ Մինչ այժմ փաստօրէն չյաջողեցինք: Սակայն այս առիթով չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, այսօրւայ խօսքիս բուն նիւթը դա չէ։

Վստահ եմ, մի օր մի կայծ կը լինի, որից հրդեհ կը բռնկւի կամ ժողովրդային շարժման տարերային մի ալիք կը գայ, որը կը վերածւի փոթորկի ու կը քշի կը տանի այս իշխանութիւններին: Սակայն խնդիրն այն է, որ մինչ այդ պարտութեան այս թիմը, թշնամու կամակատարը դարձած, նորանոր պարտութիւնների է տանում երկիրը։ Պէտք է կասեցնել այս ընթացքը։ Պէտք է փրկել երկիրը։ Ազատագրել Արցախը։ Գլխաւորը հայրենիքի փրկութիւնն է։

Մեր հակառակորդը եւ թշնամին վախկոտ են, վախկոտները վտանգաւոր են։ Թշնամին թէպէտ, կարծում է, որ յաղթել է, բայց սարսափում է հայկական այսպէս ասած՝ «ռեւանշիզմից», ՀՀ-ի այսօրւայ իշխանութիւններին, անխուսափելիօրէն փոխարինող վաղւայ Հայաստանից։ Ելնելով իրենց վախից՝ այդ ռեւանշիզմից ու վաղւայ Հայաստանից, նրանք վստահ չեն սահմանափակւի եղածով, կը փորձեն ընդարձակւել, տարածւել եւ հէնց դա էլ կարող է իրենց վերջը բերել։

Իսկ ռեժիմը ներկայացնողը, իր վախից կտրում է այն ճիւղը, որի վրայ նստած է։ Իր իշխանութիւնը եւ իրեն ֆիզիկապէս փրկելու համար անընդհատ մեծացնում է ճնշումը ժողովրդի վրայ, ընդիմութեան վրայ, հեռանալով իր իսկ կողմից դրօշի վերածած ժողովրդավարութիւնից ու արդարութիւնից։

Ի՞նչ ժողովրդավարութեան մասին է խօսքը, ի՞նչ արդարութեան: Չի մնացել նման բան այսօրւայ Հայաստանում: Իշխանութիւնների կողմից քաջալերւող, յաճախ սանձազերծւող բռնարարքները վերածել են Հայաստանը, բռնապետութեան: Ուրիշ ի՞նչ ասես, երբ ուժային կառոյցները կամայականօրէն են վարւում ընդդիմութեան ցանկացած ամենափոքր շարժի հետ, հալածում են ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաեւ նրանց հարազատներին, իբրեւ ընդդիմադիր անձի վրայ ճնշման լծակ, նոյնիսկ մարդիկ, իրենց բիզնեսով, ընտանիքով հալածւում են պարզապէս ընդդիմութեան մէկ ցոյցի մասնակցելու համար։ Աւելին՝ մարդիկ հալածւում են անգամ արտայայտած մտքերի համար: Ամբողջ դատական համակարգը դարձել է վարչապետի կամակատարը։ Ժողովրդի ցանկացած ընտրութիւն որ աւարտւում է ոչ ՔՊ-ականների յաղթանակով, զանազան ձեւերով խանգարւում է, խլում են ժողովրդի քւէն։ Անօրինական կերպով ընդդիմանում են ժողովրդի արտայայտած կամքին։ Հայաստանում չկայ անկախ դատական, օրէնսդիր համակարգ, ընտրութիւններ չկան, կայ մի անձի իշխանութիւն։ Ուրիշ ինչպէ՞ս է լինում բռնապետութիւնը։

Հասկանալի է բռնապետութեան դէմ պիտի պայքարել այնպէս, ինչպէս ժողովուրդները պայքարել են պատմութեան ընթացքում։

Եւ առկայ է հարցերի հարցը, ձերբազատւել այս իշխանութիւններից, որպէսզի փրկենք հայրենիքը, բայց ինչպէս ձերբազատւել այս իշխանութիւններից, որպէսզի կարողանանք փրկել հայրենիքը։

Այս վախկոտ իշխանութիւնները անհաւասարակշիռ են՝ դաժան եւ անհայրենիք։ Իրենց իշխանութիւնները պահելու համար պատրաստ են քաոսի մատնել ամբողջ երկիրը, հայրենիքի դռները լայն բացելով թշնամու առաջ։ Քաոսը արագացնելու է թշնամու գործունէութիւնը, քաոսը աւելի վատ է քան այսօրւայ վիճակը։  Բայց մեզ համար, իրերի այս վիճակում, ինքնանպատակ չէ այս իշխանութիւններից ձերբազատւելու հարցը։ Մենք ուզում ենք ազատւել սրանցից, որպէսզի փրկենք հայրենիքը, գլխաւոր հարցը հայրենիքի փրկութիւնն է։

Ուրեմն ի՞նչ անել, ինչպէ՞ս անել, որպէսզի փրկենք հայրենիքը։ Պիտի անդրադառնամ հարցերի, որոնց շեշտադրումները անձնական են։

1-Ընդդիմութիւնը, իր բաղկացուցիչ բոլոր մասերով, պէտք է իսկապէս իւրացրած լինի, որ գլխաւոր հարցը հայրենիքի փրկութիւնն է եւ իշխանափոխութիւնը դրա ածանցեալն է։ Պէտք է կազմակերպւել այդպէս, պէտք է վերցնել հէնց այդ ուղղութիւնը եւ անընդհատ հրապարակայնօրէն հնչեցնել սա, որպէսզի ժողովուրդը, ներառեալ՝ իշխանութիւնների հետեւորդները համոզւեն, որ հարցը իշխանութեան համար աթոռակռիւը չէ, նախկիների վերադարձը չէ, այլ մեր հայրենիքի փրկութիւնն է։

2-Այսօրւայ Հայաստանի ներքին կեանքում ամենաբացասական եւ վտանգաւոր երեւոյթը հասարակութեան բեւեռացումն է։ Բեւեռներ, որոնք իրար հետ խօսակից չեն, միմեանց լսելի չեն։ Վաղւայ Հայաստանում, մենք պէտք է աշխատենք այդ ժողովրդի հետ, միասին երկիր կառուցելու, միասնաբար յաղթանակներ կերտելու համար, ուստի այսօրւանից մեր ժողովրդի այդ մասի հետ պէտք է ունենանք հաղորդակցութեան ուղիներ, դաշտեր։ Առաջին հերթին եկեք հայհոյանքներին չպատասխանենք հայհոյանքով, անտեսենք։ Պէտք է կարողանանք զսպել ատելութեան մթնոլորտը։

Մեր հիմնական անելիքը՝ ամենօրեայ եւ տեւական անելիքը, ժողովրդի հետ երկխօսելն է, ժողովրդի վրայ ազդելը, մեր տեսակէտները բացատրելը, մեր արժեհամակարգը տարածելը, այլապէս միմեանց դէմ թշնամացած այս ժողովուրդը վաղւայ Հայաստանի համար փորձանք է լինելու։ Հաշտւել միմեանց հետ, խօսակից դառնալ հարազատի պէս։ Նախ պէտք է ազդել մտքերի վրայ։

Մենք չպէտք է խուսափենք նոյնիսկ իշխանութեան հետ երկխօսելուց, երկխօսութիւնը երբեք համագործակցութիւն չէ։ Թշնամիները, հակառակորդները, մրցակիցները յաճախ հանդիպում են միմեանց, իրար ծրագրերից, մօտեցումներից, մտահոգութիւններից, իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկութիւններ ունենալու համար, դիմացի կողմի վրայ ազդելու համար։ Պէտք է երկխօսել ի շահ ժողովրդի, որպէսզի ակնյայտ դառնայ, որ մեր կռիւը աթոռակռիւ չէ։

3-Ամէն մի փոփոխութիւն բերող շարժում յաջողելու համար գին ունի վճարելու, որին պատրաստ պիտի լինեն շարժման ղեկավարութիւնը, մասնակիցները։ Չի եղել մարդկային հասրակութեան մէջ մի շարժում, որ յաջողած լինի առանց հալածանքների, ձերբակալութիւնների, վիրաւորների, լեզուս չորանայ՝ զոհերի։

Անցած տարիներին, անգամներ ժողովրդական մեծ զանգւածներով բախւել ենք ոստիկանական բիրտ ուժին եւ նահանջել: Գիտեմ ղեկավարութեան պատասխանատւութիւնը մեծ է եղել, խնայել ենք ժողովրդին, նաեւ մտահոգւել ենք, որ այս լարւածութեանը չի դիմանայ ժողովուրդը, սակայն երբեք չենք հաշւարկել, որ այդ լարւածութեանը չի կարող դիմանալ նաեւ իշխանութիւնը։ Ժողովրդական ուժերը անհամեմատելիօրէն աւելի մեծ են՝ անսպառ են, քան ոստիկանական ուժերը։

 Իհարկէ ամէն մի ալիքի բարձրացումով չի կարող տեղի ունենալ իշխանափոխութիւն, սակայն եթէ մենք կարողանանք տեւական ժամանակ դիմադրել,  կարող ենք ինչ որ զիջում պարտադրել իշխանութիւններին, ինչ որ պահանջ բաւարարել։ Կարեւոր է ամէն մի ալիք ունենայ ձեռքբերում, մինչեւ յաջորդ ալիքների բարձրացում, մինչեւ նպատակի իրականացում։

4-Մինչ վերջնական նպատակի իրականացում, մենք ապրող երկիր ենք եւ ունենք բազում հիմնական հարցեր, որ չեն կարող սպասել ձգձգւող նպատակի վերջնական հանգուցալուծմանը: Գուցէ մենք չենք կարող բոլոր ընդդիմադիր ուժերից նման բան ակնկալել, բայց Դաշնակցութիւնը այն համահայկական եւ ազգային կազմակերպութիւնն է, որ կարող է եւ պէտք է նախաձեռնի որոշակի ազգային ծրագրերի իրագործմանը, յանուն մեր երկրի, վաղւայ Հայաստանի անվտանգութեան ու հզօրացման։

Մենք ժամանակ չունենք, աւելի ճիշտ նոյնիսկ ուշացել ենք: Պէտք է համախմբել բովանդակ հայ ժողովրդի մարդկային, գիտական, նիւթական կարողութիւնները ռազմարդիւնաբերութիւնը կազմակերպելու, զարգացնելու համար։ Խօսքը արդիական ռազմարդիւնաբերութեան մասին է։ Ռազմարդիւնաբերութիւնը պէտք է դառնայ մեր տնտեսութեան հիմնական ուղղութիւնը։

Հզօրացնել բանակը։ Բանակին զուգահեռ՝ կազմակերպելով, մարզելով, ապահովելով արդիական միջոցներ համահայստանեան, ինչու ոչ համահայկական աշխարհազօրը: Հասնել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը։

Կազմակերպել համահայկական բոլոր ուժերից միացեալ շտաբ, համահայկական պայքար շղթայազերծելու ամբողջ աշխարհով մէկ Ադրբեջանում գերեվարւած Արցախի մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Այստեղ մասնաւորաբար շեշտում եմ ժողովրդական ցուցարարական նախաձեռնութիւնների մասին, որովհետեւ ցանկացած քաղաքական, դիւանագիտական յարաբերութիւն, պէտք է գետնի վրայ ունենայ թիկունք, մթնոլորտ։ Այս առումով համահայկական մասշտաբով պէտք է գրոհել։

Միացեալ կազմակերպւած ուժերով պէտք է պահանջենք, ստիպենք իշխանութիւններին՝ ամէն ինչ անելու, որպէսզի արցախցիները մնան Հայաստանում, ունենան հնարաւորութիւն մնալու, իշխանութիւնների պակաս գործն էլ մենք լրացնենք համահայկական ներուժով։

Արցախցիներին աչքի լոյսի պէս պիտի պահենք Հայաստանում, նրանք Հայաստանի Հանրապետութիւնից մի տեղ ունեն գնալու՝ յետ դէպի Արցախ։

Արցախցին այսօր պայքար է ուզում, կացութիւն ստեղծող պայքար, որպէսզի տեսանելի լինի Արցախ վերադառնալու, Արցախը ազատագրւած տեսնելու յոյսը։

Այս հարցերում, մենք չպէտք է խուսափենք իշխանութիւնների համապատասխան գերատեսչութիւնների հետ համագործակցելուց։ Մեր այդ գործակցութիւնը չի ենթադրում նրանց իշխանութեանը լիգիտիմութիւն տալ, դրանով մենք ստիպում ենք նրանց նպաստել մեր ծրագիրների իրագործմանը: Նրանք պէտք է չկարողանան, չհամարձկւեն հակադրւել։

Գիտեմ, հիմա շատերը ասելու են, այս ինչ երեւակայական սպասելիքներ ունէք այս իշխանութիւններից, որոնք անցած 6 տարիների ընթացքում ապացուցել են, որ անհայրենիք են, անհանդուրժող, իրենց որդեգրած ուղին այլ է, մերը այլ։ Ճիշտ են ասելու, բայց հարցը այն է, որ մենք շարունակ պէտք է ասպարէզ դուրս գանք այս տրամադրութիւններով, նախաձեռնութիւններով, որպէսզի եթէ նոյնիսկ չենք կարողանում ապահովել իշխանութիւնների պարտադրւած գործակցութիւնը մեր ծրագրերի իրականացման համար, կարողանանք ի ցոյց դնել բոլորին, որ կայ անհայրենիք իշխանութիւն, իսկ նրանց դիմաց հայրենասէր ընդդիմութիւն։

Անկեղծ՝ ես էլ հաւանական չեմ համարում, որ ասածս արձագանգ կը գտնի իշխանութիւնների կողմից, թէպէտ ասում են՝ յոյսը վերջում է մեռնում, բայց մեր յայտարարութիւնները, մեր կեցւածքները բխում են մեր էութիւնից եւ առաջին հերթին եւ հիմնականում ուղղւած են ժողովրդին, նրանից ակնկալելով համապատասխան արձագանգ։

5-Ասում են Սփիւռքը յուսախաբ է Հայաստանից եւ այդ իսկ պատճառով պասիւ։ Հայրենիքը ծնողի նման մի բան է, նրանից յուսախաբ չեն լինում, նրա նկատմամբ ունենում են միայն պարտականութիւններ, պարտաւորութիւններ։ Եթէ նոյնիսկ Հայաստանը հիւանդ է, թոյլ եւ տկար, պէտք չէ յուսախաբւել, որովհետեւ այդ թոյլ, հիւանդ, տկար Հայաստանը աւելի մեծ հայրենասիրութեան կարիք ունի, հայրենասէրների հոգատարութեան կարիք ունի։ Իսկ եթէ յուսախաբ էք, որ հայրենի ժողովրդի մի մասը այս իշխանութիւններին է քւէարկում եւ ազգային այսքան մեծ կորուստից յետոյ նոյնիկ չի կողմնորոշւում, ապա պիտի ասեմ, երբեք մեղաւոր չէ ժողովուրդը, ինչպէս ցանկացած ժողովուրդ մեր ժողովուրդը նոյնպէս ղեկավարւում է, իսկ մենք իբրեւ այս ժողովրդի ղեկավարութեան յաւակնութիւն ունեցող ուժ թերացել ենք, չենք կազմակերպել ժողովրդին, մեր խօսքը ազդու չի եղել, տեղ չի հասել։ Եթէ կայ մեղաւոր մենք ենք, ոչ թէ ժողովուրդը։

Իսկ, ինձ համար հարց է, մենք ո՞ր Հայաստանից ենք յուսախաբ՝ ռեժիմից ու իրենց քւարկողների՞ց, հապա ինչո՞ւ չենք տեսնում այն Հայաստանը, որի  երիտասարդութիւնը ինքնակամ, առանց անհրաժեշտ սպառազինութեան կռւի դաշտ է մեկնում եւ ընկնում, իսկ վիրաւորները եւ դեռ չվիրաւորւածները կրկին ու կրկին կռւի դաշտ են մեկնում, հայրենիքին իրենց պարտքը տալով։ Ինչպէ՞ս չենք տեսնում այն հազարաւոր երիտասարդներին, որ օրերով, շաբաթներով քաշքշուկի են բռնւում ոստիկանութեան հետ, ծեծւում, բանտարկւում, աշխատանքից հեռացւում, բայց մնում են պատնէշի վրայ։ Ինչպէ՞ս չենք տեսնում հարիւրաւոր մտաւորականների, մշակոյթի ներկայացուցիչների, ուսուցիչների, որոնք միմիայն ճշմարտութեան մասին խօսելով զրկւում են իրենց հնարաւորութիւններից, իրենց ասպարէզում առաջընթացից, յաճախ՝ աշխատանքից:

Մենք մէկ ազգ ենք, ունենք նոյն օրակարգը։ Ով պասիւ է կամա-ակամայ Նիկոլի հետ է։ Մեզ հետ եղէք, մեր պայքարի հետ եղէք, մասնակից եղէք եւ մենք աւելի հզօր կը լինենք, աւելի ազդեցիկ, եւ վստահեցնում եմ կը վերանան ձեզ յուսահատեցնող բոլոր երեւոյթները մեր հայրենիքում։ Եւ դուք ձեր ու մեր բոլորի հայրենիքով հպարտ կը զգաք, ինչպէս  հպարտ էինք, երբ ազատագրում էինք Շուշին, Արցախը։

Տարածաշրջանը տակնուվրայ է լինում, մեզ լաւ օրեր չեն սպասում, Քրիստափորեան տրամաբանութեամբ նոր քարտէզներ են ձեւաւորւում, ով ուժեղ է կամք է պարտադրում՝ արհամարհելով բոլոր միջազգային օրէնքներն ու օրգանները՝ մարդու իրաւունքներ, միջազգային դատարան, ՄԱԿ եւ այլն։

Ով եղունգ ունի թող իր գլուխը քորի։ Մեզ համախմբւածութիւն, կազմակերպւածութիւն է պէտք, յոյսը ուրիշի վրայ դնել ապարդիւն գործ է, մեր յոյսը մենք ենք։ Սակայն նաեւ ճամբարից ճամբար թռչկոտելու ժամանակը չէ, կանխատեսելի հարեւանը նախընտրելի է հեռու բարեկամից։

Աշխարհաքաղաքական վերջին իրադարձութիւնները յուշում են, որ նոյնիսկ մօտ ապագան յղի է վտանգներով մեզ համար։ Թւում է, որ վաղւայ վտանգը այնքան իրական է ու շօշափելի, որ պէտք է զգաստութեան մղի իշխանութիւններին։ Ասում են օրհասի ժամանակ եթէ մատները բռունցք չեն դառնում գլուխն են տալիս։ Իշխանութեան անելիքը մատները բռունցքելն է՝ հայրենիքի փրկութեան ծրագիր մէջտեղ բերելով ու այդ ծրագրի շուրջ բոլորին համախմբելով։

Հայոց աշխարհը եւ նրան զուգահեռ արդար աշխարհը ՀՅԴ ալֆան է ու օմեգան։ Մեր գոյութեան պատճառը Հայաստանն է ու հայ ժողովուրդը, նաեւ անարդարութեան դէմ պայքարը։ Մենք չենք ստեղծւել իշխանութիւն դառնալու համար, ինչ որ անձի կամ անձանց իշխանութիւն բերելու համար, մեզ համար իշխանութիւնը նոյնպէս միջոց է Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ գոյութիւնը եւ համընդհանուր զարգացումը ապահովելու համար, ձգտելով ունենալ արդար աշխարհ։

Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թէ մեզ համար միջոց են անհատական կամ խմբակային կարիերա ապահովելու համար, ինչպէս է շատ ու շատ կուսակցութիւնների ու շրջանակների համար, այլ մենք ամբողջ էութեամբ հայրենիքինն ենք ու ազգինը։

Մենք հայրենիքի ու ազգի զինւորներն ենք, որտեղ հայկական շահ կայ մենք դրա պաշտպանն ենք, որտեղ հայ ժողովրդի անվտանգութեանը սպառնալիք կայ մենք նրա վահանն ենք։ Հայրենիքի կորցրած ամէն մի նշխար մեզ համար սուրբ է ու այն ազատագրելու պայքարի կամաւորական բանակն ենք մենք։

Մեր պետականութեան անվտանգութեան, զարգացման համար մենք հումք ենք։

Ողջոյն ՀՅԴ-ին, մեր յոյսի, հաւատի, մեր կամքի կուսակցութեանը, փառք ու պատիւ դաշնակցութեան նահատակներին: Ողջոյն մեր հարազատ կուսակցութեան 134-ամեակին։

ՀՅԴ-ը, որ ամենամեծ ներդրումն է ունեցել Արցախի ազատագրական պայքարում, մենք, որ միայն մեր կուսակցական շարքերից աւելի քան հարիւրաւոր զոհեր ենք տւել այդ պայքարում։ Մենք չենք հաշտւելու պարտութեան հետ, իրաւունք չունենք հաշտւելու։ Եւ մենք վճռական ենք, ամէն ինչ անելու ենք՝ կազմակերպւելու, ազգովի բանակ դառնալու, ինչպէս ժողովրդային ասացւածքն է ասում՝ «սատանայի հետ համագործակցելու», որպէսզի ազատագրենք Արցախը, հզօրացնենք հայկական բանակը, կազմակերպենք պետութիւնը, ստեղծենք ազգային միասնականութիւն։ Նորից սկսել, մենք այլ ելք չունենք։ Մենք դա կարող ենք անել։ 

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր խօսքը ասելու է։

Related Articles

Back to top button