Պէտք է պայքարել, պէտք է տոգորւել վրէժով. այլ ելք չունենք յարատեւելուն
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի խօսքը ՀՅԴ 134-ամեակին նւիրւած միջոցառմանը:
Յարգելի՛ ներկաներ, Սիրելի ընկերներ
Սրանից 35 տարի առաջ հէնց այս սրահում ներկայ եմ եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրւայ միջոցառմանը։ Յիշում եմ այն ժամանակ որպէս «Ռոստոմ» Երիտասարդական միութեան անդամ մասնակել եմ ցուցահանդէսի պատրաստմանը, այժմ մեծ պատիւ է օրայ առիթով բեմից փոխանցել իմ պատգամը։ Պատիւ է եւ միաժամանակ ծանր պատասխանատւութիւն, չխաթարելու այն աւանդն ու այն ոգին, որը «ԱԼԻՔ»-ի, հայաշունչ միութիւնների, եկեղեցիների ու դպրոցների մթնոլորտում ներշնչւել է մեր սերունդը։ Այստեղ մեր շարքերում են Դաշնակցութեան ոգին ու շունչը փոխանցող այն սերունդը, որին պարտական ենք, յարգանք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր բացակայում են, իհարկէ միայն ֆիզիկապէս։
Դեռ այն օրերին չգիտէինք, թէ ինչ է սպասւում մեզ գալիք տարիներին։
Անցեալ 35 տարիները մեր Հայրենիքի եւ ազգի համար վերիվայրումների տարիներ էին։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը անբաժին չէր այս ճակատագրական ժամանաշրջանում իր ուրոյն դերը ունենալուց։ Հայաստանի անկախացումը, Արցախի ազատագրումը, պետականութեան կերտումը Դաշնակցութեան ծրագրային եւ գաղափարական հիմնական ուղղութիւնները են եղել եւ շարունակում են մնալ։ Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դրօշակակիրը աւելի քան 130 տարի եղել եւ մնում է Դաշնակցութիւնը իր արիւնոտ դրօշով։ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի գաղափարը, հայ ժողովրդի ազգային երազանքը, առանցքն է Դաշնակցութեան ծրագրի։ Պատմութեան հոլովոյթը փաստել է, որ Դաշնակցութիւնը իր կազմակերպական կառոյցի կուռ շարքերով, անմնացորդ նւիրումով, առաջամարտիկն է եղել, եւ զինւորը, Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայրենիքի երազանքը իրականացնելու համար մղւող պայքարում։
Այս իրաղութիւնը ակնյայտ է Արցախի ազատագրական պայքարի հէնց նախնական փուլում, պատերազմներում եւ պետականութեան կերտման հէնց առաջին օրերից։ Արցախի առաջին պատերազմի օրերին առաջին զէն ի ձեռքին ջոկատները դաշնակցականներն էին։ Չմոռանանք՝ պետականութեան կերտման ուղին, չմոռանանք անկախ Արցախի խորհրդարանի առաջին նախագահ, նորանկախ երկրի ղեկավար ընկեր Արթուր Մկրտչեանին, չմոռանանք այսօր Բաքւի բանտում գտնւող Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանին, երկրի պետական-քաղաքական- ռազմական ղեկավարութեան շարքերում մեծ դերակատարութիւն ունեցած գործիչներին։ Անշուշտ այս շարքը պէտք է համալրենք մէկ առ մէկ, յիշելով ազգային ազատարգրական պայքարի ընթացում իրենց կեանքը չխնայած հայորդիներին։
Արցախն ու Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են. Սա 1990-ական թւականին կայացած Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի հաստատումն է։
Դաշնակցութիւնը աւելի քան 130 տարի գաղափարակիրն է եղել հայ ժողովրդի ազատագրական պայքարի, իսկ Արցախի ժողովուրդը իրականացրել է պետականակերտման ու ազատութեան համար պայքարի առարկայական, շօշափելի ծանրութիւնն իր ուսերի վրայ, ճաշակելով թէ՛ յաղթանակի քաղցրութիւնը, թէ՛ պարտութեան վիշտն ու ցաւը։
2020 թւականի ծանր պարտութիւնը, 2023 թւականի Արցախի ժողովրդի բռնի տեղահանութիւնը եւ Արցախի անկումը ծանր կորուստներ էին։ Պարտւեցինք բոլորս, բոլորիս, իւրաքանչիւր հայի, արիւնով ու քրտինքով ազատագրւած, պահպանւած հայրենիքի մէկերրորդը բռնագրաււեց թշնամու կողմից։ Այս կորուստի ցաւն ու կսկիծը պէտք է կրենք բոլորս՝ իւրաքանչիւր հայ, եւ եթէ չենք ուզում այն յաւերժ դառնայ, եթէ չենք ուզում պարտութիւնը խարան դառնայ հայի ճակատին, պէտք է պայքարել, պէտք է տոգորւել վրէժով, պէտք է դադար չունենայ թշնամին, այլ ելք չունենք յարատեւելու, կենսունակ ազգ լինելու համար։
Ազատագրական պայքարի առաջին դիրքերում պէտք է կանգնած լինի հայրենի պետութիւնը, մերօրեայ աշխարհակարգում պետութեան դերն ու ձեռնահասութիւնը միջազգային հարթակներին անփոխարինելի է։ Նորանոր աղէտներից խուսափելու համար ոչ թէ թուլամորթի կեցւածքով զիջողականութիւն ու թշնամիների առջեւ խոնարհ ու հեզ ստրուկի կեցւածք դրսեւորող իշխանութիւններ են մեզ հարկաւոր, այլ՝ ազգային գաղափարախօսութիւնը առաջնորդող ուղի որդեգրած իշխանաւորներ։ Այն ուղին, որը որդեգրել է այսօրւայ Հայաստանի իշխանութիւնները անընդունելի է եւ անհանդուրժելի։ Արցախի ուրացումը, պատմութեան նենգափոխումը, ազգային արժէքների նւաստեցումն ու սին ու ունայն գաղափարազուրկ բովանդակութեան ներարկումը հայ ժողովրդի շարքերում այլ տեղ չի կարող տանել բացի կործանումից։ Այդ չարիքի դէմ պայքարը Դաշնակցութեան օրակարգի առաջնային կէտն է։ Սա եւս ազգային ազատագրական պայքար է։ Ազգային առողջ ուժերի համախմբումն ու միասնական ճակատի ձեւաւորումը անհրաժեշտութիւն է։ Դաշնակցութիւնը այդ փորձն ունի եւ այժմ եւս ձգտում է ամէն ինչ անել այդ ուղղութեամբ։
Որպէս Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ ցանկանում եմ մի քանի բառով տեղեկացնել մեր դէմ-յանդիման կանգնած մարտահրաւէրների մասին, որոնք մեր առօրեայ աշխատանքի ասպարէզն է։
Արցախի պարպումից յետոյ մեր հայրենակիցները հաստատւել են հայրենիքի մի այլ հատւածում իրենց տներից, իրենց ապ ու պապերի օջախներից ու որդիների ու հարազատների գերեզմաններից հեռու։ Այդ ժողովուրդը պէտք է ապահով, տանելի եւ արժանապատիւ կեանք ունենայ մինչեւ վերադարձի երանելի օրը։ Կորցնելով տուն-տեղ, աշխատանք եւ կենցաղային պայմանները ապահովող այլ հնարաւորութիւններ, մեր հայրենակիցները կանգնած են ծանր կենցաղային եւ իրաւական խնդիրների առջեւ։ Դժբախտաբար Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը այդ ուղղութեամբ թերի է եւ ոչ բաւարար, որը առիթ է տալիս արտագաղթի, կրկնակի հայրենազրկման։
Միւս մարտահրաւէրը Արցախի գործող իշխանութիւնների պահպանումն ու գործունէութեան անխոչընդոտ շարունակութեան ապահովումն է։ Արցախի ժողովրդի ուղիղ ընտրութեամբ ձեւաւորւած իշխանութիւնը միակ օրինական մարմինը կարող է լինել միջազգային հարթակներում ժողովրդի դատը ներկայացնելու համար։ ՀՀ իշխանութիւնները այդ ասպարէզում եւս թոյլ են տալիս ռազմավարական սխալ վարքագիծ՝ չընդունելով, արհամարհելով եւ ինչու չէ բռնի ուժի կիրառմամբ չէզոքացնելու համար այդ օրինաւոր մարմնի գործունէութիւնը։
Յաջորդ մարտահրաւէրը միջազգային բեմահարթակներում ժողովրդի հիմնարար իրաւունքների, առաջին հերթին վերադարձի իրաւունքի, ինքնորոշման եւ այլ իրաւունքների վեր հանումն ու արծարծումն է։ Իսկ դրա կողքին Բաքւում պահւող գերիների եւ ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը։ Վստահ եմ, որ բոլորս էլ համոզւած ենք որ միայն զէնքով կայ հայոց փրկութիւն, սակայն իրաւական դաշտը եւս կարեւոր է եւ յարատեւ ջանքերի ու աշխատանքի կարօտ։ Այս ասպարէզում Հայաստանի արտաքին քաղաքականութեանը այլ անուն չի կարելի տալ, բացի դասալքութիւն։ Արցախը Ադրբեջանի մաս համարելը, այլ բան չէ, բացի դաշոյնով մէջքից հարւած։
Արցախի եւ Արցախի ժողովրդի իրաւունքների համար առօրեայ պայքարին է լծւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր բոլոր յարակից եւ քոյր կառոյցներով, Հայ Դատի գրասենեակներով, քոյր եւ ուղղեկից միութիւններով եւ համակիր շրջանակներով։ Հաւատարիմ մնալով միասնութեան Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարին։
Համոզւած ենք որ պայքարը երկարաշունչ է լինելու։ Այս պայքարի ընթացքում լինելու են ցաւոտ պարտութիւններ, յուսալքումներ, վայր ենք ընգնելու, այս բոլորը որեւէ պայքարի բաղադրիչներ են, սակայն կարեւորը դարձեալ կանգնելն է, դարձեալ ուժերի լարումը, վերընձիւղւելը, յարատեւելը։ Այս բոլորը հնարաւոր է միայն ու միայն իրար թեւ ու թիկունք կանգնելով, միմիայն ձեռքը բռնելով, ընկածին մենակ չթողնելով, համերաշխութեամբ։
Փա՛ռք ու պատիւ հայրենիքի համար, ընկած նահատակներին
Փա՛ռք ու պատիւ ազգային իդէալների համար անխոնջ ու բոլորանւէր պայքարող իւրաքանչիւր հայորդու:
Կեցցէ՛ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի գաղափարը: