Որտե՞ղ են ապրում հակազգային եւ հակապետական մանրէները
Կենսաբաններն ասում են, որ ցանկացած կենդանի օրգանիզմում ամէն ակնթարթ տեղի է ունենում «դրական եւ բացասական» մանրէների պատերազմ: Այս երկու տիպի մանրէներն էլ խիստ անհրաժեշտ են օրգանիզմին, ունեն իրենց յոյժ կենսական գործառոյթները:
Դա օրգանիզմի ապրելու կերպն է: Մանրէաբանները, ինչպէս ցոյց տւեց «կորոնավիրուսի մղձաւանջային դարաշրջանը», ցաւալիօրէն շատ հարցերի պատասխաններ չունեն: Բնութիւնը գիտի՝ ինչպէս հաւասարակշռել եւ ապա օգտագործել դրական եւ ոչ դրական մանրէները ի շահ օրգանիզմի: Հասարակութեան եւ ազգի կեանքում այդպէս չէ, դրանց դրսեւորւելու, զարգանալու օրինաչափութիւնները այլ են:
Միամտութիւն է կարծել, թէ մեր ու մեր շրջապատի մարդկանց վարքագծերը պատահական կամ տարերային բաներ են: Ո՛չ, ամենեւին էլ՝ ոչ:
Այդ վարքագծերը ունեն իրենց ծագումը, ինչպէս նաեւ տարբեր ձեւերով ներդրւած, այսպէս կոչւած, «մտածողութեան եւ վարքային անտեսանելի ծրագրերը»: Միջավայրը, ընտանիքը, հանրութիւնը, դպրոցը, համալսարանը, աշխատավայրը այս կամ այն կերպ ստեղծում ու զարգացնում են այդ լաւ կամ վատ «ծրագիրը»: Օրինակ՝ ընտանիքում երեխաներից մէկը նրբանկատ, հասկացող, հոգատար զաւակ է, միւսը՝ էգոիստ, քմահաճ ու դաժան երեխայ: Ծնողները ուզում են հասկանալ, թէ դա ինչպէ՞ս է տեղի ունեցել: Խնամքը նոյնն է եղել, դաստիարակութիւնը՝ եւս, բայց ինչո՞ւ են արդիւնքները այդքան տարբեր: Սա դժւար վերծանելի բան է: Իզուր չէր գերմանացի փիլիսոփայ Արթուր Շոպենհաուերն ասում. «Գտնւելով նոյնանման հանգամանքներում՝ մարդիկ միեւնոյն է, ապրում են տարբեր աշխարհներում»: Մեր միտքը եւս, ասես, խցանւում է, երբ տեսնում ենք, թէ ինչպէս հասարակութեան մի ստւար զանգւած, ազգի, պետութեան համար այսքան օրհասական պահի դրսեւորում է անպատասխանատու եւ ողորմելի վարքագիծ, քաղաքական կուրութիւն: Գանք փոքր-ինչ հեռւից. դաւաճանների ու դաւաճանութեան նկարագրութիւնների հարցում մարդիկ սովորաբար ունեն գրքերից ու ֆիլմերից փոխանցւած կաղապարւած պատկերացումներ:
«Տւեալ սրիկան վախից կամ անձնական շահից ելնելով՝ վաճառեց իրեն, իր խիղճը եւ սկսեց ծառայել թշնամուն կամ էլ մի շատ վատ նպատակի»: Իրական կեանքում դաւաճանութեան եւ ուրացումի ձեւերը անասելի շատ են, բազմազան: Դրանք երբեմն տեսանելի են, երբեմն էլ արտայայտւում են խիստ խաբուսիկ ձեւերով: Առանձնապէս հարկ չկայ խօսելու այն մասին, թէ ինչ հոգեբանական ծանր ցնցում ապրեց մեր հանրութիւնը պատերազմում պարտւելուց յետոյ: Ե՛ւ անձի, ե՛ւ հասարակութեան կեանքում այդ ցնցումը բերեց բարոյահոգեբանական խոր տեղատւութիւնների ̀ բոլոր առումներով: Անկարելի բան է, որ անհատի հոգեկերտւածքում ոչնչից կամ, ինչպէս ասում են, ոչ մի տեղից ժամերի եւ օրերի ընթացքում արմատական փոփոխութիւններ ի յայտ գան, ուղղակի սա այն դէպքն է, երբ ակտիւանում են յատկապէս այն որակները, այն մանրէները, որոնց սաղմերը արդէն կային մարդու ներաշխարհում: Բժիշկները կը վկայեն՝ հիւանդութեան մանրէները մինչեւ դրսեւորւելը արդէն ապրում են օրգանիզմում, դրանց արտայայտման միջավայրը բաւարար չափով պարարտ չէ: Դրա վառ օրինակը քաղցկեղն է:
Հասարակութեան կեանքում սրանք նոյնիսկ կարող են պատմական արմատներ ունենալ: Մեր դէպքում, երբ 44-օրեայ պատերազմից յետոյ համազգային նիհիլիզմը լայն ճակատով սկսեց իր գրոհը, սոցիալական ու մարդկային այն խմբերը, որոնք թոյլ ու վախկոտ էին, արագ ընկրկեցին պարտութեան դէմ: Պարտւած ու նոր աղէտներին դէմ առած առողջ եւ նորմալ անհատը սովորաբար սկսում է հասկանալ ու գիտակցել կատարւածի պատճառները, իր եւ այլոց մեղքի բաժինը եւ փորձում է նախանշել իր առաջիկայ քայլերն արդէն նոր իրադրութեան պայմաններում:
Իսկ թոյլ եւ վախկոտ տեսակը անում է ճիշտ սրա հակառակը: Նա մեղադրում է ուրիշներն, նոյնիսկ «վեհացնում» իր թշնամուն: Սա այն է, ինչ անում են մեր երկրի գլխաւոր խամաճիկը եւ ՔՊ-ի պնակալեզները: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է սկսել ոգով եւ ազգային ինքնութեան զգացողութեամբ տկար մարդկային խմբերի զօրաշարժ: Այս խմբերը ակամայից դառնում են «բարիկադներ» սեփական ստորութիւնները քողարկելու, վերաբաշխելու համար: Ուշադիր լինելու դէպքում կը նկատենք այն ընդհանրութիւնը, որն առկայ է պարտւողականութեան եւ դաւաճանութեան հակում ունեցող մարդկանց մօտ: Դրանց միանգամից դաւաճանութիւն չենք անւանում, բայց հէնց դրանք են երեւոյթի մանրէները: Նախ՝ այս տեսակը առանձնանում է ցածր ինտելեկտով, վախկոտութեամբ եւ ծախւելու բացայայտ եւ քողարկւած ձգտումներով: Գերմանացի մեծ հոգեբան Էրիխ Ֆրոմը առանձնացրեց «բացասական կողմնորոշում» ունեցող մի քանի տեսակ եւ տւեց դրանց ճշգրիտ նկարագիրը: Առաջին տեսակը խնամակալութիւն եւ ուժեղ ձեռքի կարօտ տեսակն է: Սա ասում է. «Ես ոչինչ որոշող չեմ, տւէք իմ կերը եւ ինձ տիրութիւն արէք…»: Մեզանում սրա հետեւորդը շատ ստւար զանգւած է:
Յաջորդը «շահագործողների» բաւականին ուժեղ եւ ցինիկ տեսակն է: Սա ինքնուրոյն ոչինչ չի ստեղծում, առանձնանում է ուրիշներին շահագործելու, նրանց հաշւին հարստանալու եւ բարգաւաճելու գիշատչական հմտութեամբ, կարողանում է ջրի երեսին մնալ բոլոր իշխանութիւնների օրօք: Թւով սրանք շատ չեն, բայց ազդեցիկ են իրենց գործնական ու ֆինանսական հնարաւորութիւններով: Բացասական կողմնորոշմամբ մարդկանց երրորդ խումբը, ըստ Ֆրոմի, «շուկայական» տեսակն է: Սրա փիլիսոփայութիւնն էլ այն է, որ «Աշխարհում ամէն բան ենթակայ է վաճառքի: Ես կը գնեմ ամէն ինչ եւ կը վաճառւեմ ինքս, եթէ լաւ գին տան…»: Վերջինն էլ «կուտակող» տեսակն է: Մեծ տարածում ունեցող այս տեսակն էլ ասում է. «Քոնը՝ քեզ, իմը՝ ինձ», ինչպէս ասում են ռուսները. «Моя хата с краю» (Իմ խրճիթը կողք է ընկած): Մարդկային այս խումբը սեւեռւած է զուտ իր անձնական շահի վրայ: Նրա անձից առանձնայատուկ ստորութիւններ չպէտք է սպասել, բայց եւ նա պատրաստ չէ որեւէ զոհաբերութեան: Կրկնում ենք, սրանք «բացասական կողմնորոշում» ունեցող տեսակներն էին, որոնք Է. Ֆրոմի դիտարկումներով՝ կազմում են հասարակութեան մօտ 70-75%: Իհարկէ, նշւած տեսակները առաջին հերթին արտացոլում են հասարակութեան յատկապէս սոցիալական վարքագծի պատկերը:
Այս վարքագծերը ազգային եւ պետական մտածողութեան ներկապնակի մէջ կարող են որոշակի պահերի ճակատագրական դեր խաղալ, ինչի ականատեսը եղանք վերջին տարիների իրադարձութիւնների ժամանակ: Եթէ «շուկայական կամ խնամակալութեան կարօտ» տեսակին, օրինակ, ասես, որ քո պահւածքից դաւաճանութեան հոտ է փչում, նա դա չի հասկանայ, չի ընդունի: Նոյնն է նաեւ միւս երկու տեսակի դէպքում: Այս բոլոր վարքային կոնֆիգուրացիաները բազմապիսի նրբերանգներ ունեն եւ կարող են արտաքուստ հեռու թւալ ազգուրացութիւնից եւ պետական դաւաճանութիւնից: Օրինակ՝ ինչպիսի՞ն է հայրենիքը լքող մարդու վարքագիծը: Վերջինս իր հեռանալը կամ փախուստը արդարացնելու համար սկսում է աջ ու ձախ փնովել ու ծաղրել պետութիւնն ու հայրենիքը, անգամ ամենասուրբ բաները, որպէսզի շրջապատի աչքին իբրեւ թէ հասկանալի դարձնի իր հեռանալու պատճառները:
Նրա ընկալումներում շահամոլութիւնը, ծախւածութիւնը կամ մորթապաշտութիւնը մերժելի բաներ չեն, այլ հակառակը, ապրելու ճիշտ կերպ: Այդ իրեն յարգող, երկրի հարցում պատասխանատու մարդուն է թւում, թէ դրանք վտանգաւոր եւ նողկալի արարքներ են: Նման դէպքերում արարքի սոցիալական մոտիւացիան մի կողմ է հրում մարդու պետական եւ իրաւական պատասխանատւութեան զգացումը եւ դառնում է գերիշխող: Մարդու ակնյայտ հակաիրաւական արարքը կարող է դառնալ միագամայն ճիշտ եւ ընդունելի տարբերակ, իսկ շրջապատն էլ նեղութիւն չի տայ իրեն՝ հասկանալու, որ դա հասարակական եւ պետական կեանքը քայքայելու ճանապարհ է: Այդպէս էլ ծայրայեղ կոմֆորմիզմը, ընտրակեղծարարութիւնը, կաշառակերութիւնը եւ էլի շատ խայտառակ բաներ չեն գիտակցւում իբրեւ մերժելի արարքներ: Մեր «պետականազուրկ» պատմութիւնը այդպիսի օրինակներ շատ գիտի: Պատմում են, որ 16-րդ դարում մի ֆրանսիացի ճանապարհորդ մահմեդական Մերձաւոր Արեւելքում շրջելուց յետոյ եկել է Հայաստան:
Նրան հիացրել է մեր երկիրը: Իր յուշերում ճանապարհորդը հետագայում գովասանքի խօսքեր է գրել մարդասէր ու աշխատասէր մեր ժողովրդի, նրա առատ մառանների եւ էլի շատ լաւ բաների մասին: Նրան նաեւ զարմացրել է յարգանքն ու պատկառանքը տան մեծերի, յատկապէս՝ կանանց հանդէպ: Սակայն ճանապարհորդին տարակուսելի է թւացել մէկ ուրիշ բան. «Այն, ինչ արգահատելի ու մերժելի է ֆրանսիական իրականութեան մէջ, այստեղ շրջւած է: Անօրէն, գող, աւազակ ու թալանչի մարդկանց այստեղ համարում են հնարամիտ, իրենց ընտանիքը լաւ պահող շնորհքով մարդ եւ նրանց ակնածանքով են վերաբերւում…»,- գրել է նա: Ո՞վ կարող է ասել, թէ սա դաւաճանութեան տեսակ չէ: Անարդարութիւն սփռելով շուրջդ՝ ցաւ ես պատճառում քո ազգակիցներին եւ պառակտում ազգային ու հասարակական համերաշխութիւնը, ինչը որ հաւասարազօր է թշնամու ջրաղացին ջուր լցնելուն:
Պատահական չէ, որ 2018 թ. իշխանազաւթումից յետոյ թուրքահպատակ խամաճիկները կարողացան այդքան լաւ խաղարկել հակակոռուպցիոն խաղաքարտը, որովհետեւ մեզանում սոցիալական եւ ազգուրացութեան կշեռքը, որպէս կանոն, կշռում է յօգուտ սոցիալականի: Տարիներ առաջ նկարահանում էինք մեր տաղանդաւոր պատմաբան, Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսեանի մասին վաւերագրական մի ֆիլմ, որտեղ իր յուշերն էր պատմելու Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Մատւէյիչ Կիրակոսեանը, որը Ջոնի մտերիմ ընկերն էր եղել: Նկարահանումը աւարտեցինք, անցանք մտերմիկ զրոյցի:
Անչափ հետաքրքիր եւ բանիմաց մարդ էր, հիանալի զրուցակից, փայլուն գիտէր Հայաստանը: Խիստ դառնացած էր մեր բարձրաստիճան չինովնիկների ագահ ու անգրագէտ վարքից: Սկսեց ցաւով խօսել. «Ի՞նչ է, մենք չգիտէի՞նք, որ Դիլիջանում շատ անտառներ կան, Սեւանում՝ սիգ ու իշխան, ինչքան հարուստ ընդերք ունենք… Գիտէինք, էն էլ ո՜նց գիտէինք, բայց մենք մեր երկրի տէրն էինք, նրա պահապանը: Իսկ տէրը չի կարող իր տունը թալանել, եթէ թալանեց, նա թշնամի է կամ դաւաճան»: Այլեւս զարմանալու բան չի մնացել, որովհետեւ ականատեսն ենք շահամոլ ստրուկներով շրջապատւած խամաճիկի խելագար արարքներին: Այսքան պիղծ ու դաւաճանական քայլերից յետոյ զարմանալի է, որ «քաղպայմանագիր» անունով հոտը, այդուհանդերձ, ցաքուցրիւ չի լինում:
Հետաքրքիր է՝ ինչու: 80-ական թւականների կէսերին Գիտութիւնների ազգային ակադեմիայի արւեստի ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Ռուբէն Զարեանը, յիրաւի, մի խորագիտակ մտաւորական, ինստիտուտի տարեժողովից յետոյ այլայլւած՝ մտերիմների ներկայութեամբ անկեղծացել է. «Սուտ է, թէ մարդիկ գաղափարներին ու սկզբունքներին են ծառայում, Հայաստանում մարդիկ մարդկանց են ծառայում….»:
Ու քանի որ խօսեցինք գիտնականների ու մտաւորականների մասին, ինչպէս կարող ենք շրջանցել օրը ցերեկով հայագիտութիւնը ոչնչացնելուն ուղղւած ՀՀ կառավարութեան որոշումները եւ մտավորականութեան լռութիւնը: Տգէտ ու սրիկա մարդկանց մի խումբ ձեռքը բարձրացրել է մեր մեծ արժէքներից մէկի՝ հայագիտութեան վրայ: Հիմա ո՞վ կասի՝ դաւաճանը միայն կեղտոտ որոշումներ կայացնողն է, թէ՞ նաեւ նրանք են, ովքեր իրենց լռութեամբ դարձել են այս այլանդակութեան անուղղակի մասնակիցները:
Հայոց երկրում աղէտը չոքել է բոլորի դռանը, ազգի լինելիութեան հարց է լուծւում, իսկ մտաւորականն ասում է. «Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում, ես գիտնական եմ, արւեստագէտ….»: Սա նոյնն է, եթէ մէկի տունը հրդեհւում է, կրակի լեզուները մոլեգնած տուն են մտնում եւ ուր որ է կայրեն զաւակներին, իսկ տան տէրն ասում է. «Ի՞նչ կարող եմ անել, սա հրշեջների գործն է…»: Սա նշանակում է, որ նա տան տէրը չէ, յայտնի չէ՝ ո՞վ է, բայց տէրը չէ: Սա նոյն «քաղաքականութեամբ չզբաղւողի» ճամարտակութիւնն է: Դպրոցի տնօրէնը 7-րդ դասարանի պատմութեան դասագիրքը դնում է ուսուցչի թեւի տակ ու նրան տառացիօրէն «քշում» դասարան՝ աշակերտների հայեցի մտածողութիւնը խեղելու համար: Ուսուցիչը դասագիրքը չի շպրտում տւողի դէմքին ու ասում. «Ես հայ կրթող ուսուցիչ եմ, այլ ոչ թէ կեղծիքի եւ թուրքի սպասաւոր…»: Ոստիկանը չի ասում. «Ձեր կեղտոտ եւ հակաօրինական հրամանները ձեզ պահէք, ես իմ հասարակութեան կարգ ու կանոնի պատասխանատուն եմ»:
Ստանում է բարձր աշխատավարձը, յետոյ՝ ճոխ պարգեւավճարը ու սկսում ընդդիմադիրներին եւ նորմալ մարդկանց հալածելու իր սեւ գործը: Համաձայնէք, սա միայն առաջին հայեացքից է շահամոլութիւն: Իսկ հայ բարձրաստիճան զինւորականութեան այսօրւայ վարքագիծը ուղղակի տարակուսանք է առաջացնում: Ո՜վ գիտի, ինչո՞ւ է այդքան «խորիմաստ» կերպով լռում ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբը: Քաղաքապետարանի, թաղապետարանների, մարզպետարանների ողորմելի չինովնիկներն այլեւս հարցեր չեն տալիս՝ ինչ են անում եւ ինչու: Մի նեղացրէք նրանց, նրանք բոլորը «տուն են պահում», յետոյ ի՞նչ, որ այլեւս քարտէզի վրայ Արցախ չկայ։ «Դէ հիմա, այդպէս ստացւեց»,- ցինիկաբար զառանցում են նրանք: Իրենց «տուն պահողի» ճարպկութիւնը չէ՞ր նաեւ Արցախը կորցնելու պատճառներից մէկը: Ի՞նչ անուն տանք այս ամէնին՝ վախկոտութի՞ւն, զգուշութի՞ւն, լոյալութի՞ւն, թէ՞ մէկ այլ բան, դրանից իմաստը չի փոխւում: Բայց փաստ է, որ թուրքահպատակ խամաճիկներն իրենց կեղտոտ գործերն առաջ են տանում եւ արդէն հասել են Հայոց Ցեղասպանութեան ուրացմանը: Հիմա ո՞վ կարող է ասել, թէ այդ վախկոտութիւնն ու լոյալութիւնը մաքուր դաւաճանութիւն չեն:
Անցած դարի սկզբներին, երբ Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն որոշում կայացրեց սկսել արեւմտահայութեանը արթնացնելու, լուսաւորելու, կազմակերպելու եւ զինական պայքարի տանելու ծանր գործը, գործիչներից շատերը բախւեցին ազգի այս որակներին: Արամն ու Ռուբէնը սրա մասին խօսել են բազմիցս: Ռուբէն Տէր-Մինասեանն իր յուշերում մօտաւորապէս այսպէս է գրում. «Խոհեմութիւնը ու զգուշւորութիւնն, ասես, մի դիմակ լինէին, որի տակ գիւղացիները թաքցնում էին իրենց ողորմելիութիւնը ու վախկոտութիւնը եւ դրանով վարակում միւսներին»: Պատկերացնո՞ւմ էք, թէ ազգուրացութեան ի՞նչ ծաւալներ կարող էին լինել Ռուսաստանում, եթէ հէնց մեր օրերում պետական իշխանութիւնը եւ հասարակութիւնը ըմբռնող, ներողամիտ եւ լոյալ գտնւէին այլախոհների, արտիստների եւ զանազան ուլտրա-լիբերալների հանդէպ: Ռուսաստանում լաւ գիտեն, թէ ինչի կարող են յանգեցնել այդ լոյալութիւնը եւ ներողամտութիւնը: Նրանք լաւ են յիշում Ելցին-չուբայսական ամօթալի տարիները, երբ տնտեսապէս եւ քաղաքականապէս հզօր գերտէրութիւնը դարձել էր լիակատար փալաս Արեւմուտքի ոտքերի տակ: Ռուսները այլեւս մտադիր չեն կրկնել նոյն սխալները: Ո՞րն է մեր հետեւութիւնը:
Երբ աշխարհում այլեւս չկան խաղի կանոններ, երբ ազգերն ու պետութիւնները միմեանց նայում են իբրեւ «ռեսուրս-կերակուրի», ինչպէ՞ս կարելի է ներողամտութեան անւան տակ հանդուրժել ազգուրացներին ու բուծել տարատեսակ դաւաճանների: Ինքնայարգանքը եւ արժանապատւութեան զգացումը լոկ բառեր չեն, դրանք ցանկացած ազգի ոտքերի տակի հողն են: Ինքնայարգանքն ու արժանապատւութիւնը հայրենիքի եւ պետութեան ողնաշարն են: Չկան այդ հողն ու ողնաշարը, չկայ եւ ազգը: Եթէ սա չգիտակցւի, ապա ազգովին համալրելու ենք տկարամիտ ցեղերի ցանկը: Եւ այդ հարցում առաջինը մեզ զարհուրելի ծառայութիւն կը մատուցեն յատկապէս ազգուրացների ու դաւաճանների օրէցօր նոսրացող, բայց դեռ կենսունակ, հանրային խմբերը:
ՄԱՆՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ
«Դրօշակ» թիւ 5, 2024 թ.