ՀԱՏԻՍ
Յիշողութեան մառանը
«Ժամանակին ամէն բան ուրիշ էր»: Լսել ու դեռ շարունակում ենք լսել հազար ու մի բան ասող այս խօսքերը: Հիմնականում՝ կենսակերպի այս «մրցագորգի» սերնդափոխութիւն համարւող տարիքային կարգի ներկայացուցիչներից:
Պէտք չէ բարդացնել ամէն բան: Կեանքի ընթացքը շարունակ թարմացւում է, կտրած ճանապարհն ու ճանապարհը կտրողներն էլ դառնում են յիշողութիւն:
Տեսնում ես ապրած ու շնչածդ փողոցների պատերը, դրանց վրայ աղմկոտ լռութեամբ գրութիւններն ու ժամանակին ժողովրդին ոտքի հանած լոզունգները, փողոցում ֆուտբոլ խաղացող աղմկոտ երեխաները, յիսուն տարւայ անձրեւներից մոխարգոյն դարձած պատերից պոկւող ցեմենդի շերտերը… նորացւող շէնքերն ու նոր բնակիչներով փողոցի լեզուն փոխւած վիճակը: Սրանք բոլոր այն իրականութիւններն են, որոնք կարօտի պէս գալիս ու անցնում են ու տեղը զիջում նորերին, փոխակերպւում են նոր պատերով ու փոփոխւած լեզւով ու բարձրայարկերով:
Շատ չի անցել այն «ՀԱՅԱԶ»-ային օրերից, երբ խանութների ապակիներին ամէն օր հայերէնով նոր գրութիւններ էին յայտնւում ու մարդիկ իրենց վաստակը աճուրդի հանած այն փոխանակում էին օդանաւի տոմսի հետ:
Մեր իմացածը կրկին պատմելու նպատակ չունի այս գրութիւնս: Ուղղակի նպատակ կայ կենտրոնանալու այն բոլոր աննշան թւացող երեւոյթների վրայ, որոնց փոշու տակ պատմութիւն կայ թաղւած, իսկ երբ վերանում են ու այլեւս չկան, պատմութիւնն էլ է թերթւող էջ դառնում:
Մեր այս բացւող էջի առաջին համարը, առանց նախընտրութիւն տալով, անդրադառնալու է Սասուն քաղաքամասի անձնագրերից մէկին՝ «Սասուն տաքսի» աժանս-ծառայութեան հետ կապւած յիշողութեանը:
Չնայած թեհրանահայերից քչերին է անյայտ «Սասուն տաքսի»-ն, անկախ «Սասուն»-ում են բնակւում, թէ այլ քաղաքամասում: Սակայն քչերին է յայտնի, որ մինչեւ տաքսի-կանչային ծառայութիւն դառնալը նոյն վայրում էր աշխատում խաղալիքների աշխարհը, որի վիտրինայի յետեւում անցկացրած գունեղ ժամանակդ, եւ չունեցածդ խաղալիքների հետ քեզ կապող յիշողութիւնը, ոչ մէկ այլ բանի հետ չես փոխի արդէն:
Հիմնականում բանւոր դասակարգի երեխաների կոյտ էր գոյանում խանութի լուսաւոր մայթեզրին: Ամէն մէկս կարծես հէնց իր հետ խօսելիս լինէր երբ խաղալիքներին էինք նայում: Անորոշ ու անհասկանալի, բայց ոչ անիմաստ աղմուկի էր վերածւում այն, ու մէկ էլ խանութի դուռը բացւում ու այդ բոլոր երազանքների տէրը դուրս էր գալիս ու ժպտադէմ նայում մեզ: Չգիտես բարութիւնի՞ց էր, թէ՝ դինամիկ յաճախորդներին ուղղւած հայեացք էր այն:
Տղաներից մի քանիսը հետագայում, որպէս եկամուտի այլընտրանքային աղբիւր ընտրեցին «Սասուն»-ի տաքսիստ դառնալը: Բանը նրանում էր, որ «Սասուն»-ը միայն տաքսի կենտրոն չէր քաղաքամասի համար: Այն, յատկապէս, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով կորցնում էին աշխատանքը, կամ եկամուտի առումով նեղութեան մէջ էին, ծառայում էր որպէս ծովում ափ տանող գերան: Մարդիկ հանդիպում ու վարորդի հետ զրոյցի էին բռնւում մինչեւ տեղ հանսելը: Մէկը միւսի գործերի մասին էր հետաքրքրւած եւ յաճախ բանը հասնում էր նոր աշխատանքով վարորդներին ապահովելուն:
Իսկ մինչեւ տաքսի կենտրոն դառնալը… Սասուն քաղաքամասի Զարքէշ պողոտան դեռ պատերազմի երես չէր տեսել, երբ «Սասուն»-ը շարունակում էր իրականացնել փոքրիկների երազանքը: Փողոցների վրայ այսօր կան նահատակւած երիտասարդների անուններ, որոնք հաստատ մի անգամ մօր ձեռքը բռնած մտել էին «Սասուն» խաղալիքների աշխարհը: Իսկ այսօր, երբ փողոցների ցուցանակներին երեւում է Վարդան Աղախանեանի, Վազգէն Աւանէսեանի, Շամուիիլ Ինոյեանի, եւ ուրիշ տղաների անունները, որոնք յանուն Իրանը պաշտպանելուն իրենց կեանքը նւիրեցին, աղիւս առ աղիւս անհետանալ է սկսել այդ երազանքների վիտրինն ու մարդկանց աշխատանքով ապահոված տաքսի կենտրոնը:
Յիշում ես այն ցուրտ ձմեռնամուտը, երբ տղաներով դպրոցից տուն տանող մայթին պարտադիր կանգնում ու երկար ստուգում էինք ցուցափեղկի կախարդական աշխարհը, կամ այն հերոսական թուրը, որից միայն մէկ հատ կար ու գիտէինք, որ վերջապէս ումն է լինելու այն: Միայն մէկը կար, ում հայրիկին խանութբանը լաւ գիտէր: Գիտէր, որ ի վիճակի կը լինի նման շքեղութիւն թոյլ տալ իրեն: Այն օրերին գիւղի պէս քաղաքամասը գիտէր էր ինքն իրեն. փողոց առ փողոց: Փողոցի լեզուն էլ էր նոյնը: Նոյնիսկ, եթէ հայ չէին, դարձեալ հայերէնով էին շփւում մեր փողոցներից անցնելիս: Թաղը խօսում էր հայերէն…
Ինչքան բան է փոխւել այսքան տարի անց: Սասուն քաղաքամասի յայտնի գետի միւս կողմն անցնելու համար պէտք չէր անպայման կամուրջն անցնել: Մի երկու ճկուն շարժում ու թռչկոտում էիր հոսող ջրի վրայով ու Զարքէշից յայտնւում Նարմաք: Այնպէս, որ միւս կողմը նորակառոյցի տեսք ունէր ու նոր էր կցւել քաղաքին: Չնայած քաղաքակրթութեան «ենթակառոյցները» հին ափերում էին՝ Զարքէշում:
Զարքէշի կառուցման մասին պատմում են, որ այն կրում է նոյնանուն մի բարեգործ բժիշկի անունը: Չնայած աւելի ստոյգ՝ քաղաքամասը հայերով է բնակեցւել, յատկապէս, Ղարաղանի երկրաշարժից յետոյ:
Հոլանդ փողոցի ստեղծման պատմութիւնը սկիզբ է առել 60 տարի առաջ, երբ Բոյին Զահրայի (Ղարաղան գիւղական համայնք) 7.2 մագնիտուդով երկրաշարժը խլեց 20000 մարդու կեանք, այդ թում հայերի: Այդ օրերին էր, երբ Հոլանդիայի թագուհին օգնութեան ձեռք մեկնելով կառուցեց Հոլանդի փողոցը՝ ստեղծելով մայրաքաղաքի անւանի յետնանցքներից մէկը:
1341 թւականի Բոյին Զահրայի ողբերգութեան հետեւանքով, երբ գետինը ոտքի տակ ընդամէնը մի քանի վայրկեան դողալուց յետոյ յանկարծ ամէն ինչ վերածեց փոշու եւ աւերակների, Նիդեռլանդների թագուհի Ջուլիանան այցելում է աղէտի գօտի: Նա Թեհրանի Վահիդիէ շրջանում 6000 քմ. հողատարածք է գնում եւ Ղարաղանի գիւղական շրջանի հայերի բնակավայրի համար կառուցում է 70 միաւոր միանման բնակարան։
Ժամանակին փողոց մտնելիս քեզ ծանօթ ընկեր էր պէտք, այլապէս ասֆալտը վերածւում էր մարտի դաշտի: Կամ լաւագոյն դէպքում երկրորդ անգամ փողոց դուրս գալու կամ անցնելու համար արդէն քեզ յարգելի պատճառ էր պէտք: Թէ չէ քեզ արագ վազող կօշիկները չէր խանգարի…
Կատակի է նման, բայց լաւ էլ լուրջ խօսք կար ժամանակին, միւս փողոցի տղաներով «Հոլանդ»-ում բնակւող մեր դասընկերներին հոլադական «պասպորտով» ղարաղանցի էինք կոչում: Դա երկու կողմերին էլ դուր էր գալիս ոնց որ…
Այս կապակցութեամբ արժէ նշել, որ Հոլանդ փողոցն իր իւրայատուկ պատմութիւններով գրանցւել է որպէս Թեհրանի ազգային արժէք՝ մայրաքաղաքի ժառանգութեան ցուցակում:
Փողոցը մի գլխից Զարքէշ է դուրս գալիս, իսկ միւս գլուխը միացւած է յախճապակեայ տանիքով ու նոյն աղիւսներով գրկաբաց կանգնած Սուրբ Թարգմանչաց եկեղեցու բակին:
Իսկ, որ Հոլանդ-ը թողնէիր ու դուրս գայիր փողոցից անմիջապէս քեզ արբեցնում էր անուշահոտ տաք գաթայի բուրմունքը: Մի երկու փողոց վերեւ ու մի երկու փողոց ներքեւ ուժեղացւած ռեժիմով աշխատում էր թխւածքների երկու փուռ: Հայկական երկու հրուշակեղէնի խանութներ, որոնք ընկոյզի ու դարչնահամ գաթաներով, կամ հէնց դանիական թխւածքներով քայլերդ դանդաղեցնելու էին: «Արագիլ» անուշարանը, որի փուռը նոյնպէս մի քանի ամիս է, ինչ չի աշխատում եւ փակ են դռները: Միւսն էլ այլեւս գաթայի հոտ չի բուրում, քանի որ թութուն ու թումբաքոյի հոտ է բարձրանում այնտեղից այնտեղից միայն: Քանդւի «ՀԱՅԱԶ»-ը: Այն աւանդական թէյատան է վերածւել:
Այսպիսով «Սասուն» տաքսին ու շրջւած պատմութիւնով չէ, որ թերթւում է քաղաքամասի հատորը: Միասին թերթւում են այնպիսի էջեր, որոնց պատմութիւն դառնալը չես էլ նկատում: Աննկատ անցնում են կամ փոխւում, ինչպէս Հոլանդական փողոցի շէնքերը, որ այլեւս ծիրանագոյն չէ ու սկսել են բոյովանալ նաեւ:
Յաջորդիւ անդրադառնալու ենք «Սասուն»-ի երկայնքով ձգւած գետին, որը կարող էր ճիշտ տնօրինման դէպքում մայրաքաղաքի զբօսաշրջային տնտեսութեան լաւագոյն առիթներից մէկը լինել, սակայն մայրաքաղաքի չմշակոյթն աղբանոցի վերածեց այն: