Հայաստան - Արցախ

Հայաստանում պէտք են փոփոխութիւններ. եղած շարժումներից այս շարժումը ամենաշատ շանսերն ունի յաջողելու

Մայիսի 13-14-ը Gallup-ը ՀՀ-ում հարցումներ էր անցկացրել, որի հարցերից մէկը եղել էր, թէ ինչպէս են վերաբերւում Բագրատ Սրբազանի «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը, որի արդիւնքում հարցմանը մասնակցածների 52,2 տոկոսը դրական էր գնահատել։

168.am-ի հետ զրոյցում Gallup International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրէն Արամ Նաւասարդեանն ասաց, որ այդ թեմայով նոր հարցում չեն իրականացրել։

Ինչ վերաբերում է իշխանութիւնների յայտարարութիւններին, թէ շարժումը մարում է, Արամ Նաւասարդեանն ընդգծեց՝ լաւ կը լինի հէնց իշխանութիւնն ասի, թէ ինչո՞ւ են պնդում, որ շարժումը մարում է։

«Եթէ խօսքը վերաբերում է նրան, որ մայիսի 26-ի հանրահաւաքում մարդկանց թիւն աւելի քիչ էր, քան մայիսի 9-ին, գուցէ նման միտումներ նկատւի, սակայն մարդկանց քանակով չի չափւում շարժման յաջողութիւնը։ Ամէն ինչ պէտք է դատել շարժման գրանցած արդիւնքներով։

Ես չեմ ասում, թէ այն, ինչ հիմա տեղի է ունենում, ամէն ինչ ճիշտ են իրականացնում եւ ամէն ինչ արդիւնաւէտ է։ Բայց եթէ հայեացք գցենք վերջին չորս տարւայ շարժումներին եւ այս ժամանակահատւածում ընթացող «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման հետ զուգահեռներ տանենք, ապա կը տեսնենք, որ վերջին շարժումն անգամներով աւելի շատ էներգիա ու պոտենցիալ ունի իր մէջ։ Իմ ասածը չի ենթադրում, որ իրենք անպայման յաջողելու են, այլ նրա մասին է, որ եղած շարժումներից այս ընթացիկ շարժումն ամենաշատ շանսերն ունի յաջողելու։ Թէ ինչպէս կը լինի շարժման ընթացքը, չեմ կարող ասել, որովհետեւ չեմ տիրապետում այն ինֆորմացիային ու ծրագրերին, որոնք ունեն շարժման ղեկավարները։ Յուսամ, ամէն ինչ համակարգւած է ու ճիշտ ընթացք կունենայ»,- նշեց Արամ Նաւասարդեանը։

Մեր զրուցակցի մեկնաբանութեամբ՝ յաջողութեան առաջին նախապայմանը, որի մասին մշտապէս ասել է՝ խօսքերից զատ, պէտք է լինեն գործողութիւններ։

«Վերջին 4 տարիների ընթացքում ընդդիմադիրներն ասում էին, թէ՝ մարդիկ չեն հաւաքւում, դրա համար էլ ոչինչ չենք կարողանում անել։ Ես այս ամէնը շատ լաւ յիշում եմ «Ժառանգութեան» հանրահաւաքների հետ կապւած, երբ նրանք որոշ ժամանակ անց բողոքում էին, որ ժողովուրդը չի հաւաքւում, դրա համար չեն կարողանում իշխանափոխութիւն անել։

Ասածս այն է, որ ժողովրդին պէտք է կազմակերպել, որովհետեւ նա երբեք ինքնաբուխ դուրս չի գայ, հազւադէպ դէպքերում է դուրս գալիս։ Եթէ դու կազմակերպում ես որոշակի շարժում՝ որոշակի խնդրի լուծման համար, ապա այդ կազմակերպչական գործընթացը ներառում է նաեւ այն, որպէսզի բարձրաձայնես այնպիսի խնդիրներ, նախանշես այնպիսի լուծումներ, որին մարդիկ կը հաւատան։ Բողոքել բոլորն էլ կարող են, բայց բողոքելը խնդրի լուծում չէ։ Եթէ կան խնդիրներ, դրանց լուծումներ են պէտք։

Կապւած Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հետ, ես յոյս ունեմ, որ կան կոնկրետ ծրագրեր, կոնկրետ գաղափարներ եւ յստակ գործողութիւնների պլան։ Եթէ այդպէս լինի, ապա վերջին տարիների շարժումների հետ համեմատած, այս շարժումն ունի առաւելագոյն մեծ պոտենցիալը յաջողելու։ Կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք, որ մեր երկրում պէտք են փոփոխութիւններ»,- եզրափակեց Արամ Նաւասարդեանը։

Related Articles

Back to top button