ԹեհրանՀամայնք

Ծանօթացում իրանահայ պրոֆ. Ալիս Խաչեանի հետ

Իրանահայ համայնքը օժտւած է գիտական բազմազան ոլորտներում ներդրումներ կատարած եւ գիտական բարձր մակարդակներ նւաճած անհատներով, որոնց աշխատանքները պատիւ են բերում երկրին եւ համայնքին:

Յիշեալներից է պրոֆ. Ալիս Խաչեանը, ով իր մասնագիտական ասպարէզին զուգընթաց չի խնայում նաեւ իր կարելին համայնքային աշխատանքներում: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել պրոֆեսոր Ալիս Խաչեանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա կենսագրական տւեալները, որի գիտական տիտղոսներն են՝ PhD, MSN, MEP, BSN: Պրոֆեսոր եւ դասախօս, «Իրան»-ի պետական բժշկական գիտութիւնների համալսարանի բուժքոյրութեան եւ մանկաբարձութեան ֆակուլտետում:

Ալիս Խաչեանը ծնւել է Իրանում, Նոր Ջուղայում։ Նա իր բակալաւրի եւ մագիստրոսի աստիճանները բուժքոյրութեան ոլորտում ստացել է Սպահանի բժշկական գիտութիւնների համալսարանում, մասնագիտանալով բժշկական-վիրաբուժական (Medical- Surgical) բուժքոյրութեան ոլորտում։ 1997 թւականից ի վեր հանդիսանում է «Իրան»-ի պետական բժշկական գիտութիւնների համալսարանի դասախօս եւ ակտիւօրէն ներգրաււած է բուժքոյրութեան կրթութեան զարգացման գործընթացներում։

Իր անխոնջ ջանասիրութեան արդիւնքում՝ 2012 թւականին արժանացել է դոկտորի աստիճանի բուժքոյրութեան կրթութեան ոլորտում (PhD of Nursing) իսկ 2017 թւականից սկսել է բժշկական կրթութեան մագիստրոսական ծրագրի ուսումը (Medical Education) «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանում։

Նրա մասնագիտական գործունէութիւնը ընդգրկում է կլինիկական կրթութեան նորարարական մեթոդների մշակումը, օրթոպեդիկ բուժքոյրական խնամքը, բուժքոյրական կրթութեան բարեփոխումները եւ կառավարման սկզբունքների կիրառումը։ Իր մագիստրոսի աստիճանի ուսման ընթացքում պրոֆ. Խաչեանը երեք տարի աշխատել է Սպահանի «Սաադի» հիւանդանոցի CCU եւ ICU բաժիններում:

Ակադեմիական ու մասնագիտական պարտականութիւնների շրջանակներում նա զբաղեցրել է հետեւեալ դիրքերը՝

Ակադեմիական խորհրդատւական յանձնաժողովի անդամ է, Իրանի բուժքոյրութեան կազմակերպութեան գիտական խորհրդատու է, Medical-Surgical Department-ի ղեկավար (2016-ից), շարունակական կրթութեան (Continuing Education) բաժնի ղեկավար (3 տարի), Իրանի սրտաբան-բուժքոյրերի ընկերութեան աւագ անդամն է:

Նրա գիտական եւ մասնագիտական հետաքրքրութիւնները մղել են նրան բժշկական կրթութեան ոլորտում ուսումնասիրութիւններ իրականացնել տարբեր մեթոդներով, կլինիկական ուսուցման արդիւնաւէտութիւնը բարձրացնել, ինչպէս նաեւ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել։

Ալիս Խաչեանը իր մասնագիտական դասաւանդումների հետ միաժամանակ հեղինակել է 20 հատոր  մասնագիտական գրքեր՝ պարսկերէն եւ անգլերէն լեզուներով, ներկայացրել է դասախօսութիւններ Իրանում եւ արտասահմանեան համագումարներում։ Տպագրել է բազմաթիւ գիտական յօդւածներ պարսկերէն եւ անգլերէն լեզուներով:

Իր ունակութիւնների շնորհիւ աւելի քան երեք անգամ ընտրւել է որպէս ընտրեալ դասախօս, իսկ 2019-ին ամբողջ Իրանի բժշկական գիտութիւնների համալսարանների դասախօսների մէջ ընտրւել է, որպէս ընտրեալ դասախօս:

Բազմիցս հանդէս է եկել Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիո-հեռուստատեսային ծրագրերում, ներկայացնելով մասնագիտական զրոյցներ: Երկար տարիներ համագործակցել է Իրանի Բուժման եւ Առողջապահութեան նախարարութեան հետ տարբեր ոլորտներում:

Նրա մասնագիտական ուսուցումները չեն սահմանափակւում միայն Իրանում եւ նա համագործակցում է Հայաստանում, երեք անգամ պաշտօնապէս հրաւիրւել է Հայաստան եւ մասնակցել է բուժքոյրութեան մասնագիտական համագումարների, համագործակցում է պատկան ոլորտի հետ եւ դասաւանդում է բուժքոյրութիւն:

Պրոֆեսոր Ալիս Խաչեանը հարցազրոյցի ընթացքում ի պատասխան այն հարցին թէ՝ ինչը մղեց իրեն ուսանելու բուժքոյրութեան ոլորտում, ասաց. «Իմ բնաւորութեանը մաս է կազմել միշտ օգնել նրան, ով ինչ որ ձեւով օգնութեան կարիք ունի եւ այս առումով ընտրեցի բուժքոյրութեան մասնագիտութիւնը եւ ընդունւեցի Սպահանի պետական համալսարանում: Բուժքոյրութիւնը ունի բազմազան մասնագիտութիւններ, եւ երբ ցանկանում ես ուսանել մագիստրոսի աստիճանում, հիմնական մասնագիտութիւններից է Medical-Surgical-ը, որը ուսուցանում է չափահասների ֆիզիկական համակարգը եւ այն, որ տարբեր հիւանդութիւնների պարագային հիւանդին ինչ է անհրաժեշտ: Ես այդ մասնագիտութիւնը ընտրեցի եւ աւարտեցի մագիստրոսի աստիճանը Սպահանի պետական համալսարանում գերազանց ուսանողի կարգավիճակով: Ամուսնանալուց յետոյ փոխադրւեցի Թեհրան եւ քանի որ Medical-Surgical-ը, համարւում է բուժքոյրութեան համալսարանների հիմնական ուղղւածութիւններից, ուրեմն միշտ նման մասնագէտներ անհրաժեշտ են եւ ես անցայ աշխատանքի «Իրան»-ի պետական բժշկական գիտութիւնների համալսարանի բուժքոյրութեան ֆակուլտետում: Ես համալսարանի գիտական կազմի անդամ եմ այսինքն Faculty member»:

Անդրադառնալով «Իրան»-ի բժշկական գիտութիւնների պետական համալսարանի բուժքոյրութեան ֆակուլտետին, պրոֆ. Ալիս Խաչեանը նշեց. «2010 թւականին «Իրան» համալսարանը եւ Թեհրանի պետական համալսարանները մէկտեղւեցին, որի արդիւնքում երեք տարի աշխատել եմ «Թեհրան»-ի պետական համալսարանի անւան տակ, իսկ 2013-ին երկու համալսարանները կրկին անջատւեցին եւ ես աշխատանքս ծաւալեցի «Իրան»-ի պետական համալսարանի ներքին վիրաբուժութեան բաժնում, դառնալով բաժնի ղեկավարը եւ մինչ օրս շարունակում եմ ղեկավարել այդ բաժինը, իհարկէ մի քանի տարի ընդմիջումով, եւ հանգամանքս Head of department է: Ի դէպ նշեմ որ համալսարանների համաշխարհային վերջին դասակարգման արդիւնքում, նախ «Իրան»-ի բժշկագիտութեան պետական համալսարանի բուժքոյրութեան ֆակուլտետը եւ ապա համալսարանը շահեցին առաջին տեղը Իրանի համալսարանների եւ ինչու չէ միջազգային մակարդակում»:

Պրոֆ. Խաչեանը անդրադռնալով ուսուցման պրոցեսին ընդգծեց. «Բուժքոյրութեան համալսարանի ուսանողները գործնական պրակտիկայի հարցով աշխատանքներ են տանում հիւանդանոցներում: Այս առումով ես ուսանողներին գործնապէս դասաւանդել եմ Թեհրանի «Շաֆա», «Ֆիրուզգար», «Հազրաթ Ռասուլ» եւ «Հաշեմի Նեժադ» հիւանդանոցներում, որպէս «Իրան»-ի համալսարանի գիտական կազմի անդամ»:

Հարցազրոյցի ընթացքում անդրադարձանք, Ալիս Խաչեանի գիտական հանգամանքների մասի, որոնց առումով նա ընդգծեց. «PhD-ի աստիճանին արժանանալով ,համալսարանում հանգամանքս փոխւեց Assistant professor-ի, իսկ չորս տարի անց Associate Professor աստիճանին արժանացայ եւ դարձեալ չորս տարի անց ըստ տւեալների եւ կատարած աշխատանքների ու մասնագիտութեան արժանացայ Full professor հանգամանքի, որը մէկ ամեայ դժւարին ընթացք էր, իր բազմազան փուլերով, սակայն ուսման նկատմամբ իմ սէրը, ինձ մղեց ընթանալու այս բոլոր բարդ ուղիներով եւ այսօր համարւում եմ «Իրան»-ի բժշկական գիտութիւնների համալսարանի բուժքոյրական բաժնի եւ մանկաբարձութեան ֆակուլտետի ակադեմիական խորհրդի անդամ եւ լիիրաւ պրոֆեսոր»:

Խօսելով ներհամայնքային կեանքում դրսեւորած իր գործունէութեան մասին, նա այսպէս շարունակեց. «Ժամանակին հայերէն լեզւով հրատարակել ու խմբագիրն եմ եղել «Աւետիս» հանրային առողջապահական կրթութեան ամսագրի, որի պատասխանատուն էր հանգուցեալ Լիդիա Ալւանդեանը:

Եղել եմ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի խնամակալ մարմնի անդամ (2002-2010) թւականներին եւ բուժարանի որակաւորման նպատակով դասընթացներ անցկացրել բուժքոյրերի եւ անձնակազմի համար, որոնց աւարտին մասնակիցներին տրւում էր վկայական իմ հաստատմամբ, ժամանակի տնօրէնն էր Մարիէթ Թումեանսը: Այդ ժամանակ իրականացւեց նաեւ evaluation system, եւ պարբերաբար գնահատւում էր անձնակազմը մասնագիտական աշխատանքի առումով, ուրախութեամբ նշեմ նաեւ, որ բուժարանը բազմիցս առողջապահութեան նախարարութեան կողմից շահել է առաջնային տեղեր:

Մօտաւորապէս տասը տարի համագործակցել եմ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախմբի հետ եւ որոշ շրջաններում նախագահել յանձնախումբը, որտեղ կատարւել են տարբեր ուսումնասիրութիւններ, նաեւ իմ առաջարկութեամբ եւ նախաձեռնութեամբ իրականացւել է հետեւեալ ուսումնասիրութիւնը թէ՝ «Ի՞նչ է հայեցի դաստիարակութիւնը»: Այդ ուսումնասիրութիւնը բաղկացած էր, երեք փուլերից որի առաջին փուլը արդէն իրականացել է, նաեւ ժամանակին բազմաթիւ դասընթացներ եւ whork shop-եր եմ անցկացրել ուսուցիչների եւ փոխտեսուչների հետ: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ժամանակի ատենապետ Իռէն Աբնուսեանի ատենապետութեան օրօք նախաձեռնեցինք որակաւորման դասընթացներ evaluation system, որի ընթացքում պարբերաբար գնահատւում էր ուսուցիչների աշխատանքը եւ գնահատական տրւում նրանց:

Յատկանշական է, որ երբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2010 թւականը հռչակեց ՝Հայ Կնոջ Տարի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կարգադրութեամբ ընտրւեցի Անթիլիասում մասնակցելու այդ առիթով կազմակերպւած համագումարին: Համագումարին առընթեր «Վանայ Ձայն»-ը, «Ազդակ»-ը հարցազրոյցներ վարեցին համագումարի պատասխանատուի ՝դոկտ. Սեդա Հատսճեանի, ինձ հետ եւ Հայաստանից ժամանած Ազգային ժողովի պատգամաւորի հետ: Համագումարին մասնակցելու համար քանի որ ներկայացնում էի իրանահայ համայնքը, ուստի նախաձեռնեցի հաւաքագրել Իրանի համալսարաններում հայ դասախօսների ցանկը, որը մի սկիզբ էր այդ աշխատանքի եւ աստիճանաբար ցանկը համալրւեց 98 լիաժամ եւ ոչ լիաժամ աշխատող դասախօսներով»: Նա յոյս յայտնեց որ նման քայլերով հնարաւոր լինի առաւել եւս ծանօթացնել իրանահայ բազմադարեայ համայնքի կարողականութիւնները տարբեր ոլորտներում:

«Ալիք»-ը եւս նորանոր յաջողութիւններ է մաղթում պրոֆ. Ալիս Խաչեանին:

Նիւթը կազմեց՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Related Articles

Back to top button