
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Ըստ, պատմագիր Յարութիւն Թ. Յովահանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի, 605-609 էջերի, Նոր Ջուղան ունեցել է հետեւեալ թաղերը.-
Ա. Մեծ Մէյդան որի բնակիչների մեծամասնութիւնը եղել են Աբգարեան ազգատոհմից, թաղի բնակիչներից շատերը, ինչպէս նաեւ Աբգարեանները, եղել են կալւածատէրեր: Թաղի եկեղեցիններն են Ս. Աստւածինը որի գաւիթում է գտնւել Հայկեան Հայրենասիրական դպրոցը, եւ Ս. Բեթղեհէմը որը կոչւել է նաեւ Մէյդանի ժամ:
Թաղն ունեցել է 54 տուն՝ 191 արական եւ 200 իգական, ընդհանուր՝ 391 շունչ, թաղում բնակւել են նաեւ 20 տուն այլազգայիններ՝ Թաղն ունեցել է հինգ դարպաս որոնցից մէկը, Նազարի պողոտայից, եղել է Ջուղայի գլխաւոր մուտքը:
Բ. Փոքր Մէյդան թաղի բնակիչների մեծին մասը, եղել են գինեվաճառներ որի պատճառով էլ կոչւել է Շիրախանի փողոց, իսկ մի փոքրիկ մասը՝ կալւածատէրեր, ունեցել է 28 տուն՝ 101 արական եւ 102 իգական, ընդհանուր՝ 263 շունչ, եկեղեցին կոչւում է Ս. Լուսաւորիչ:
Գ. Չարսու թաղը Ջուղայի միջնակէտում գտնւելու բերումով պաշտպանւել է միւս թաղերց եւ որեւէ այլազգի բնակիչ չունենալով, համարւել է Ջուղայի պատւաւոր թաղ: Բնակիչների մեծամասնութիւնը արհեստաւորներ են եղել եւ մի մասն էլ զբաղւել են առեւտրով: Թաղի եկեղեցին Ս. Յովաննէս Մկրտչի անունով է իսկ Յովհաննէս Մկրտչի Աջով՝ կոչւում է նաեւ Աջի եկեղեցի: Եկեղեցուն կից է Կատարինեան Կուսանաց Մենաստանը, թաղն ունեցել է 67 տուն՝ 177 արական եւ 233 իգական, ընդհանուր՝ 410 շունչ:
Դ. Յակոբջանենց թաղը որի բնակիչ՝ մեծահարուստ Իշխան Յակոբջանի անունով է կոչւել, գտնւում է Չարսու թաղի հիւսիսային կողմում եւ կից նրան՝ եւ ելեւմուտի դռներն նոյնը լինելու պատճառով մէկ թաղ են համարւել: Եկեղեցին Ս. Ստեփանոս է որում հաստատւած է եղել Ամենափրկիչ Դպրոցը որտեղ դաստիրակւել են մանուկները: Թաղը չի ունեցել այլազգի բնակիչներ, ունեցել է 34 տուն՝ 83 արական եւ 96 իգական ընդհանուր՝ 197 շունչ: (Յետագային ազգային իշխանութեանց կողմից սոյն թաղի ամայի տեղերի ու այգեստանների վրայ կառուցւած յարկաբաժիների բերումով, ներկայիս Ջուղայի ամենախիտ բնակչութեամբ թաղամասն է համարւում):
Ե. Ղարագէլը Ջուղայի ամենափոքր թաղամասն է, թաղի եկեղեցին Ս. Նիկողայոս Հայրապետի անւամբ է եւ փոքրածաւալ: Բնակիչները ոստայնագործներ կամ գինեվաճառներ են եղել, թաղն ունեցել է 20 տուն՝ 68 արական եւ 57 իգական, ընդհանուր՝ 120 շունչ:
Զ. Քոչեր թաղի բնակիչները քարտաշներ լինլու պատճառաւ, պարսիկների կողմից կոչւել է նաեւ «Սանգթերաշ»: Քոչերը նախքան հայկական թաղ դառնալը, այնտեղ բնակւում են եղել գեաբռեր, «զրադաշտներ» որի համար էլ կոչւել է նաեւ «գեաբռաբադ»: 1630 թւին, մեծ տարեգրութիւնից 24 տարի յետոյ, Հայաստանից նոր գաղթականութիւն է բերւել եւ Շահ Աբբասի հրամանով, այս թաղում հայ գաղթականներին 200 տուն է յատկացւում: Այս թաղում է գտնւում Ս.Ներսէս եկեղեցին որն նախապէս կոչւել էր Ս. Աւետեաց: Թաղի բնակիչների թիւը 35 տուն է՝ եղել, 102 արական եւ 127 իգական, ընդհանուր՝ 229 շունչ:
Է. Թաւրիզեցիների, (Դաւրէժ) կամ Մահալաթ թաղը, իր հետ ունեցել է նաեւ Դաշտը որն նախապէս ինքնուրոյն թաղ է եղել որտեղ բնակւել են Լազարեան յայտնի ընտանիքը: Այս թաղը իր բնակիչների մեծամասնութեան իմաստով, առաջնակարգ թաղ է համարւել: Բնակիչների մեծ մասը կտաւագործ ջուլհակներ են եղել իսկ ոմանք՝ հիւսն, ցորենի առեւտուր անողներ, խանութպաններ եւ այլ արհեստաւորներ: Թաղի եկեղեցին Ս. Մինասի անւամբ է, որի մէջ է գտնւել թաղի միւս դպրոցը: Թաւրիզեցների եւ Դաշտի թաղի բնակչութիւնը 101 տուն է եղել՝ 371 արական եւ 423 իգական, ընդհանուր՝ 794 շունչ: Թաղն ունեցել է ելեւմուտի երեք դարպաս:
Զ.Երեւան թաղի բնակիչները, խառը կերպով բնակւում են եղել այլազգիների հետ որոնց մեծ մասը փալան կարողներ են եղել եւ շրջելով Լնջանի գիւղերը, ճակատի քրտինքով աշխատել են իրենց հացը: Ունեցել են Ս. Ամենափրկիչ անունով փառաւոր եկեղեցի: Հայ բնակչութիւնը ունեցել է 32 տուն՝ 107 արական եւ 130 իգական, ընդհանուր՝ 237 շունչ:
Թաւրիզեցինրի եւ Երւանի զոյգ թաղերը կառուցւել են Ջուղայի հիմնադրումից 51 տարի յետոյ երբ շահ Աբբաս երկրորդի հրամանով հայերն դուրս են բերւել Սպահանի քաղաքամիջից:
Աւերւած թաղերը որոնք ներառւած չեն սոյն ցանկում, գտնւել են Զայանդէռուդ գետի եւ Նազարի պողոտայի տարածութեան միջեւ, որի հարուստ բնակիչները չդիմանալով անսահման տուրքերի, անհանդուրժելի հարստահարութեանց ու ցաւագին տանջանքների, իրենց կեանքը փրկելու համար, իրենց բնակարանների բանալիներ, կտուրը նետելով հեռացել են Ջուղայից: Սոյն տարածութեան մէջ ամայացած եկեղեցիներն են՝ Նազարէթ, Խիարայ Ս. Յակոբ, Ս. Թովմա Առաքեալ կամ Զանգով ժամ,Ս ուրբ հոգի եւ Շահվէլանց կոչւած Ս. Յովհաննէս Աւետարանիչը:
Թաղերի բնակիչների շնչագրութիւն կատարւել է Տէր Թադէոս Արքեպիսկոպոս առաջնորդի հրամանով 1851թւին:
Թաղերի ազգային, կրօնական ու հասրակական կեանքը, տնօրինւել է նոյն թաղի հասարակական ժողովից ընտրւած «Եկեղեցական Վարչութիւն» կողմից, ներկայ դարի ժողովրդավարութեան, տեղական ինքնակառավարման մարմինների նման: Ընտրեալ Վարչութիւնները իրենց թաղի խնդիրներին վերահասու լինելուց զատ, սերտ կապ են պահել թէ Առաջնորդարանի եւ թէ միմիանց հետ եւ հարկ եղած պարագային, նիւթական ու բարոյական օժանդակութիւն են ցուցաբերել կարիք ունեցող թաղերին եւ միասնաբար դիմագրաւել, Ջուղայի նկատմամբ կատարւած որեւէ ոտնձգութիւն:
Դժբախտաբար, տարիների ընթացքում, թաղերի միջեւ գոյութիւն ունեցած այս ազգանպաստ բարեկեցութիւնը, աստիճանաբար տեղը զիջել էր ազգավնաս տեղայնական մտայնութեան որի դէպքում, թաղերը բաժանւել էին հարուստ եւ աղքատի որն էլ իր հերթին թաղի բնակիչների մօտ առաջացրել էր խտրականութիւն, անհանդուժողականութիւն, նախանձ ու անմիաբանութիւն, նոյնիսկ խտրականութիւն էր գոյացել, հարուստ ու աղքատ թաղերի եկեղեցիների սպասաւորներ՝ քահանաների եւ ժամկոչների ռոճիկների միջեւ:
Այս անբաղձալի իրավիճակը, խիստ մտահոգութիւն էր առաջացրել, մի շարք ազգայինների մօտ որոնք այս վիճակից դուրս գալու միակ ելքն էին համարել, այդ զատ զատ թաղական վարչութիւնների փոխարէն կեանքի կոչել մէկ «Եկեղեցեաց Վարչութիւն» եւ եկեղեցական բոլոր գործերը, կենտրոնացեալ կառավարման սկզբունքով յանձնել նշեալ վարչութեան:
Այս կապակցութեամբ առաջին քայլը կատարւում է 1923 թւի յուլիս 12-ին, ազգային առաջնորդարանում, Նոր Ջուղայի ծխատէր քահանաներից բաղկացած ժողովում որի նպատակն, ըստ նոյն ժողովի արձանագրութեան եղել է «խորհրդակցելու մի կրօնական ժողով ունենալու մասին, որպիսի մի մարմնի չգոյութիւնը մի կողմից եւ թեմակալ առաջնորդի բացակայութիւնը (1922-ից 1926-ը, չորս տարի Իրանա-Հնդկաստանի Թեմը, թեմակալ առաջնորդ չի ունեցել) միւս կողմից, հոգեւոր-կրօնական գործերը թողնում էին երեսի վրայ»: Կրօնական ժողովի կազմելու առաջարկը, ժողովականների կողմից հաստատւելուց յետոյ, փակ քւէարկութեամբ ընտրում է չորս անձնակազմով Կրօնական Ժողով որն «վայելելու է ըստ հոգեւոր-կրօնականին նոյն իրաւունքներն, ինչ որ նախկին Առաջն. Խորհրդարանը»:
Վերոնշեալ ժողովի եւ կատարւած ընտրութեանց մասին, նոյն թւի յունիս 16-ին, «Նոր Ջուղայի Եկեղեցեաց ծխատէր քահանաներ»ի կողմից լոյս է տեսնում մի յայտարարութիւն, ուղղւած «Պարսկա-Հնդկաստանի թեմի արժանապատիւ գործակալներին, բարեկրօն քահանաներին եւ Եկեղեցական յարգելի վարչութիւններին», յայտնելով որ «տարւոյս Յունիս 12-ին, Ս. Ամենափրկչեան Վանաց Առաջնորդարանում ժողով գումարելով կազմեցինք ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, (նշեալ ժողովի արձանագրութեան մէջ նշւած է կրօնական ժողով) պաշտօն ունենալով վարելու թեմիս ՄԻՄԻԱՅՆ հոգեւոր-կրօնական գործերը»:
1923 թ.-ի օգոստոս 5-ին, Հասարակական ժողովի դիւանի կողմից լոյս տեսած յայտարարութեամբ՝ «Նոր-Ջուղայի ազգ. Կենտրոնական (ներկայիս Արմէն) դպրոցում, նշանակւած հասարակական ընդհանուր ժողովը՝ ի տեղի հրաժարւած Վանական ժամանակաւոր մարմնի՝ կատարեց նոր ընտրութիւն, Համայնական խորհուրդ, վերանւանելով, որի հոգեւորական 4 անդամները կազմում են Կրօնական Խորհուրդ, անկախ աշխարհական անդամներից»:
Ժողովը փակ քւէարկութեամբ, ընտրում է չորս հոգեւորականներ՝ Կրօնական խորհրդի եւ ութն աշխարհականներ՝ Համայնական Խորհրդի անդամներ:
Ժամանակին, ներկայացուցչական (ժողով, մարմին կամ խորհուրդ) բովանդակութեամբ, գրւել են երեք ձեռագիր կանոնագրեր՝ առաջինը, որը ոչ թւական է ունեցել, ոչ ստորագրութիւն եւ ոչ էլ սահուն ընթեռնելի, կոչւել է «Հիմնական ծրագիր կանոնադրութիւն Նոր Ջուղայի ներկայացուցչական Խորհրդի», ըստ որի առաջին կէտի «Ներկայացուցչական Խորհուրդը, Նոր Ջուղայի Համայնքի եւ Թեմի Գերագոյն եւ լիազօր մարմինն է, որ փոխարինւելով Հասարակական Ընդհանուր ժողովին ունի վերջինիս յատուկ բոլոր իրաւունքները», իսկ ըստ երկրորդ կէտի «Ներկայացուցչական խորհրդին են ենթարկւում, հասարակական, կրօնական, եկեղեցական, բարեգործական եւ կալւածական բոլոր վարչական մարմինները»:
Երկրորդ ձեռագիրն կրում է «Նոր Ջուղայի Հայոց Ներկայացուցչական մարմնի, Ժամանակաւոր Կանոնադրութիւն», անունը որի առաջին կէտի համաձայն, «Նոր Ջուղայի հայ համայնքն է կարգադրում իւր եկեղեցական, ազգային եւ դպրոցական խնդիրները», սոյն Կանոնադրութիւնը կրում է 9-ը ազգայինների ստորագրութիւնը, առանց նշելու ստորագրողի հանագամաքը:
Իսկ երրորդ ձեռագիր կանոնագիրը, գրւել է 1936 թւի օգոստոս 27-ին, բաղկացած 55 կէտերից, «Կանոնադրութիւն Նոր Ջուղայի Ներկայացուցչական Մարմնի» անւամբ, ըստ որի 2-րդ կէտի, «Ներկայացուցչական Մարմինը, ընտրւում է ժողովրդական ընդհանուր քւէարկութեամբ բաղկացած 60 հոգուց որը պիտի կազմի հետեւեալ մարմինները.-
ա Դպրոցական Հոգաբարձութիւն 5 հոգի
բ. Պօղոսխանեան հիւանդանոցի Յանձ. 7 հոգի
գ. Աբգարեան Աւանդից Յանձ. 9 հոգի
դ. Կրօնական Խորհուրդ 5 հոգի
ե. Եկեղեցական Վարչութիւններ 8 հոգի
զ.Համայնական Խորհուրդ 7 հոգի ( երկու գաւառական ներկայացուցիչ»:
Գոյութիւն ունի նաեւ նոյն անւամբ եւ գրեթէ նոյն բովանդակութեամբ, առանց թւականի ու ստորագրութեան մի այլ ձեռագիր «կանոնադրութիւն» որի վերնագրի ներքոյ գրւած է «ժամանակաւոր» բառը, հաւանօրէն սոյնի լրացումներով է կազմւել վերոնշեալ 1935-թւի «Կանոնդրութիւնը»:
Փաստօրէն նշւած «Նոր Ջուղայի Ներկայացուցչական մարմին»-ը, կեանքի չի կոչւել, քանզի մատնանշւած հինգ մարմիններից ու յանձնախմբերից բոլորն էլ ըստ նախկինի՝ Աբգարեան Աւանդից յանձնախումբը ընտրւել է նոյն տոհմի ժառանգների, Եկեղեցական վարչութիւնները թաղային ժողովների, Դպրոցական Հոգաբարձութիւնը, Պօղոսխանեան Հիւանդանոցի Յանձնախումբն ու Համայնական Խորհուրդը, Ջուղայի հասարակական ժողովների կողմից:
1958 թւին, առաջին անգամ, Նոր Ջուղայում հիմնադրւում է թեմական կառոյց իր օրէնսդիր եւ գործադիր իշխանութեամբ որի հիմամբ առաւել քան երբեք, անհրաժեշտ է նկատւում Նոր Ջուղայի ազգային, եկեղեցական եւ հասարակական կեանքը վարելու համար, կեանքի կոչել նման մի կառոյց, առ այդ նախ, թաղերի բնակիչների տեսակէտները ստանալու համար գումարւում է եւ թաղայի հանդիպումներ ապա ազգային կեանքին լաւատեղեակ եւ բանիմաց ազգայինների մասնակցութեամբ, տեղի են ունենում մի շարք խորհրդակցական հանդիպումներ եւ ընդհանուր համաձայնութեամբ որոշւում է, կեանքի կոչել «Նոր Ջուղայի Ներկայացուցչական Ժողով» որի իրականացման համար, Կրօնական Խորհուրդը իր 31 հոկտեմբեր, 1961 թւակիր գրութեամբ, յանձնարարում է թաղային Վարչութիւններին, անյապաղ գումարել թաղային ժողովներ եւ ընտրել թաղի ներկայացուցիչներ (իւրաքանչիւր 50 ծխականի դիմաց մէկ ներկայացուցիչ) մասնակցելու «Նոր Ջուղայի Ներկայացուցչական ժողով»-ին որով թաղերը հերթաբար գումարելով թաղային ժողովներ, ընտրում են իրենց ներկայացուցիչները:
Ներկայացուցչական կառոյցի համար, նշանակւել է կանոնագիր մշակող յանձնախումբ որի կողմից մշակւել է «Ընդհանուր Կանոնադրութիւն Նոր Ջուղայի Ներկայացուցչական Խորհրդի» անւամբ մի կանոնագիր՝ կցւած կառոյցի սխեմայով, ըստ որի յօդւած 1-ի «Վարելու համար Նոր Ջուղայի հայ լուսաւորչական համայնքի ազգային կրօնական գործերը»: «Իրան-Հնդկաստանի հայոց Թեմաին-(սխալ է գրւած) Կրօնական Խորհրդի հրահանգով տեղիս թաղերի եկեղեցական վարչութիւնները, ծխական ընդհանուր ժողով են կայացնում ընտրելու ներկայացուցիչներ որոնք ներկայացնելով տեղիս լուսաւորչական հայոց համայնքը՝ Թեմական Խորհրդի հրաւիրւած Նոր Ջուղայի հայ Լուսաւորչական համայնքի ներկայացուցիչների ժողովում ընտրում են.-
ա. Նոր Ջուղայի լուսաւորչական հայոց ներկայացուցչական Խորհուրդ.
բ. Ներկայացուցչական Խորհրդի հաշիւների ու գործունէոթեան քննիչ յանձնաժողով.
գ. Պատգամաւորներ Թեմական պատգամաւորական ժողովի համար»*):
*) Կանոնագրում անգամներ կրկնւել է (հայ լուսաւորչական համայնք) որն նշանակում է, Գրիգոր Լուսաւորչի կողմից հիմնւած եկեղեցի, մինչդեռ մեր եկեղեցին հիմնադրւել է Առաքեալների կողմից, հետեւաբար պիտի գրւած լինէր (Հայ Առաքելական եւ ոչ թէ հայ Լուսաւորչական):
Համաձայն սոյն կանոնագրի յօդւած 21-ի, Ներկայցուցչական Խորհուրդը, բաղկացած 27 անդամներից (յօդւած 12-ի ա. Կէտում նշւած է 18 անդամներից) եւ 3 անձնափոխանորդներից, ընտրւում է ներկայացուցչական ժողովում, 3 տարի ժամանակով որն եւ ըստ յօդւած 22-ի, տեղւոյս ազգային-հասարակական բոլոր գործերը վարելու համար (բացի կտակային մարմիններից) բաժանւում է իր մէջ հետեւեալ ճիւղերի.-
«ա.(Նախգահութիւն) Համայնական Խորհուրդ, բ) Կալւածական վարիչ յանձնախումբ, գ) Ազգ. Դպրոցների հոգաբարձութիւն, դ) Գիշերօթիկ Որբանոցի վարչութիւն, ե) Աղքատախնամ յանձնախումբ, զ) Եկեղեցեաց Վարչութիւն որն, ըստ յօդւած 57-ի, «Եկեղեցեաց Վարչութիւնն ընտրւում է ներկայացուցչական խորհրդի ժողովում (մասնակցութեամբ) թաղական եկեղեցական վարչութիւններից՝7 հոգի» եւ ըստ յօդւած 24-ի, նախագահութիւնը հսկում է իրեն ենթակայ բոլոր մարմինների աշխատանքների վրայ:
Ըստ երեւոյթին սոյն «ընհանուր կանոնադրութիւն»-ը, ազգայինների կողմից հաւանութեան չարժանանալու պատճառով, նշանակւում է վերամշակող մի այլ յանձնախումբ որը գրում է 60 յօդւածներից ու 3 ծանօթութիւններից բաղկացած, մի նոր կանոնագիր, «Կանոնադրութիւն Նոր Ջուղայի Հայոց Ներկայացուցչական ժողովի» անւամբ ըստ որի համապատասխան յօդւածների, 1-«Ներկ. ժողովի անդամների ընտրութիւնը տեղի է ունենում համայնական ձեւով եւ ոչ թէ ըստ նախկին կանոնագրի «ծխական ժողով»-ի կողմից: 2- Ներկ. ժողովի անդամները ընտրւում են երկու տարւայ ժամանակաշրջանի համար: 3-Ներկ. ժողովն իր մէջից ընտրում է, նոյն ժամանակաշրջանի համար, մնայուն դիւան որն հսկում է զանազան գործադիր մարմինների գործունէութեան վրայ: 4- Ներկ. ժողովը, Նոր Ջուղայի Հայ Առաքելական (ոչ թէ (Լուսաւորչական) համայնքի կրօնական, ազգային, կրթական եւ հասարակական գործերը վարելու համար, իր մէջից կամ դուրսից, ընտրում է
ա-Եկեղեցեաց Վարչութիւն,
բ- Ազգային Դպրոցների Հոգաբարձութիւն,
գ- Գիշերոթիկ-Որբանոցի Վարչութիւն,
դ- Կալւածական վարիչ Յանձնախումբ,
ե- Յովսէփ Պօղոսխանեան Հիւանդանոցի Յանձնախումբ,
զ- Պատգամաւորներ՝ Թեմի Պատգ. Ժողովի համար,
է- Հաշւեքննիչ Յանձնախումբ,
ը- Ընտրական Յանձնախումբ:
Սոյն Կանոնագիրը հաստատւել է Նոր Ջուղայի Հայոց Ներկայացուցչական ժողովում, գումարեալ 28. Դեկտ. 1971թւին:
Վերջապէս մի քանի տարիների, հակադրութիւններից ու ձգձգումներից յետոյ, Եկեղեցեաց Վարչութեան ընտրութեամբ եւ եկեղեցական բոլոր գործերը կենտրոնացնելով մէկ տեղ, լուծարւում են թաղական եկեղեցական բոլոր վարչութիւնները:
Սոյն, ինչպէս նաեւ 19-1-2023 թւակիր «ԻՐԱՆԱ- ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿՑՈՒՄԸ ԿԻԼԻԿՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆԸ» յօդւածների համար, անհրաժեշտ պատմական փաստաթղթերի կրկնօրինակները, ստացել եմ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի արխիւների վերադասաւորման եւ նորոգման վարիչ պատասխանատու՝ Թովմա Գալստանեանից որին յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը:
Նոր Ջուղա
25.04.2025 թ.