ԹեհրանՀամայնք

Մարզական երկօրեայ փառատօն նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչմանը

2025 թւականի մայիսի 1-ին եւ 2-ին «Թունեան-Թովմասեան» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցներում տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի կազմակերպած աշակերտական երկօրեայ մարզական փառատօնը, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչմանը:

Փառատօնի բացմանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդի օգնական՝ Հայր Առաքել աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի Կենտրոնական յանձնախմբի  անդամներ, Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ԿԽ անդամներ՝ Սաքօ Ազիզեանը եւ Մարիա Ղազարեանը, փոխտեսուչներ, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ:

Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը: Նա իր խօսքում անդրադարձաւ խորհրդի կատարած այն աշխատանքներին եւ միջոցառումներին որոնք նւիրւել են Հայոց Ցեղասպանութեան յիշատակմանը: Նաեւ մատնանշեց, որ Մարզական յանձնախումբը երկար դադարից յետոյ հետաքրքիր առաջարկով հանդէս եկաւ՝ կազմակերպել մարզական փառատօն, որտեղ առիթ կընձեռնւի եւս մէկ անգամ բարձրաձայնելու Հայոց Ցեղասպանութեան մասին:

Նա աւելացրեց նաեւ, որ երկօրեայ փառատօնը նպատակ ունէր ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ աշակերտները ուրախ եւ աշխուժ մթնոլորտում կատարեն մարզական շարժումներ՝ հեռու մրցակցային հոգեբանական ճնշումներից:

Նաեւ յոյս յայտնեց, որ նմանատիպ միջոցառումնները հետագայում կը կրեն շարունակական բնոյթ:

Հայր Առաքել աբղ. Գատեհճեանն էլ իր հերթին ողջունեց ներկաներին եւ Մարզական յանձնախմբի աշխատանքը, շեշտելով, որ մարզանքի եւ Ցեղասպանութեան թեմաների համադրումը իսկապէս կարող է տալ հետաքրքիր ու խորքային արդիւնք։ Մարզանքի թեմայով մօտեցումը կարող է շատ աւելի մատչելի ու հասանելի լինել աշակերտների համար, քանի որ այն կապւում է նրանց հետաքրքրութիւնների հետ։

Մարզական յանձնախմբի խօսքն ընթերեց Նարինէ Ղարիբեանը: Նա իր խօքում նշեց. «Մեծ Եղեռնին նւիրւած այսպիսի մարզական ծրագրերի անկացումը, ոչ միայն առիթ է կրկին անգամ յիշելու եւ տէր կանգնելու մեր պահանջատիրութեանը, այլ նաեւ նպաստում է աշակերտների մարզական խմբակներում ընդգրկւելուն եւ նրանց առողջ ապրելակերպի արմատաւորմանը, անդրադարձաւ Օսմանեան կայսրութիւնում դարասկզբին ցեղասպանութեանը զոհ գնացած մարզիկներին, որոնց մէջ կային նաեւ օլիմպիական խաղերի մեդալակիրներ»:

Փառատօնի օրակարգում մարզաձեւերից ընդգրկւած էին տարբեր մարմնամարզական վարժութիւններ:

Մարզումներն անցկացւեցին տասնմէկ խմբերի հետ, որոնցում ընդգրկւել էին Թեհրանի հայկական դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակներից շուրջ երեք հարիւր աշակերտներ:

Աշակերտութեան միջոցով ցուցադրւեց ցեղասպանութեան տարբերանշանը լոգոն եւ երգեցին «Սարդրապատ» երգը, որը մեր ազգային հերոսամարտի, հպարտութեան եւ ազգապահպանման  խորհրդանիշներից մէկն է։

Մայիսի 2-ին «Ն. Գիւլբենգեան» դպրոցում մեծ ոգեւորութեամբ անցկացւեց շախմատի եւ սեղանի թենիսի խաղեր:

Փառատօնի աւարտին նախատեսւել էր համեստ հիւրասիրութիւն:

Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում «Թունեան-Թովմասեան» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցների տնօրէնութեանը, ծնողական խորհրդի անդամներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին, բժիշկ՝ Հրաչ Խաչատրեանին, բուժքոյր՝ Ժասմէն Իսկանդարեանին, մասնակից աշակերտներին, ծնողներին եւ օժանդակ անձանց:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Related Articles

Back to top button