Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերով լիցքաւորւած Թեհրանի հայկական համայնքը իր անկոտրում կամքով մասնակից եղաւ կազմակերպւած միջոցառումներին:
Այդ շրջանակում երկուշաբթի, ապրիլի 29-ին, համատեղ գեղարւեստական-բանախօսական միջոցառում էր կազմակերպւել նախաձեռնութեամբ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» եւ Իրանահայ Ուսուսցիչների միութիւնների: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Ոգեկոչման երեկոն կազմակերպւել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, իսկ նախասրահում ներկայացւած էր Ցեղասպանութեան պատկերներ:
Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, ապա մեներգով հանդէս եկաւ Օֆիկ Մատթէոսեանը, որին դաշնամուրով ընկերակցում էր Հայաստանից Իրան ժամանած երաժիշտ Արտաշէս Գրիգորեանը, ով նաեւ առանձին ելոյթ ունեցաւ ֆլէյտայով, իսկ դաշնամուրի եւ ֆլէյտայի կատարմամաբ ելոյթ ունեցան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Ուրարտու» երգչախմբի խմբավար՝ Ժոզէֆ Գալստեանը եւ երաժիշտ Արտաշէս Գրիգորեանը:
Միջոցառմանը Լորետա Ղեւոնդեանը, Անի Զաքարեանը եւ Իրանահայ Ուսոցիչների միութեան նախագահ Տանիա Վարդանեանը մերթընդմերթ ներկայացրեցին Կոմիտաս Վարդապետի, Սօսէ Մայրիկի, Սերոբ Աղբիւրի, Սիամանթոյի, Յովհաննէս Թումանեանի եւ Սողոմոն Թեհլիրեանի կենսագրական տւեալները եւ Արցախ աշխարհի պատմականը: Ասմունքով հանդէս եկաւ Լորետա Ղեւոնդեանը: Ցուցադրւեց նաեւ Արցախ աշխարհից տեսահոլովակ: Տեսահոլովակի երաժշտութիւնը կատարել էր «Մեղեդի» լարային քառեակը՝ նւագակցութեամբ հայաստանցի երաժիշտներ՝ Անի Արաբեանի, Ժաննա Յակոբեանի, Անահիտ Մարկոսեանի եւ Աշոտ Ղարիբեանի: Ապա Տանիա Վարդանեանը հակիրճ տողերով ներկայացնելով օրւայ բանախօսին ամբիոնի մօտ հրաւիրւեց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանին:
Օրւայ բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանում ներկայ իրավիճակին առկայ սպառնալիքներին, Հայոց Պետականութեանը սպառնացող գոյաբանական բնոյթի մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանն ուղղւած հայ ժողովրդի անելիքներին: Իր ելոյթի ընթացքում բանախօսը նշեց, որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրաւէրի դիմաց: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ժողովրդի ինքնութիւնը եւ գոյութիւնը անսասան պահող Հայ Առաքելական Եկեղեցու դարաւոր անժխտելի դերակատարութեանը եւ այսօր եւս շարունակւող խրոխտ դերակատարութեանը, որի պատճառով այսօր Հայ Առաքելական Եկեղեցին թիրախ է դարձել Հայաստանին իշխող վարչախմբի կողմից: Ծրագրին ներկայ էին՝ Թ. Հ. Թ. «Թեմական» խորհրդի ներկայացուցիչները, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը ոգեկոչող յանձնախմբի ատենապետ Արա Գալստեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Օրւայ միջոցառումը եզրափակւեց միութեան երգչախմբի կատարումներով՝ խմբավար Ժոզէֆ Տէր-Գալստանեան: Իսկ վերջում ներկաները ի հովանաւորութիւն Տաւուշի եւ Բագրատ Սրբազանի, պաստառով ներկայացան բեմայարթակի վրայ:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ