Ազգային իղձը՝ պետութեան գոյատեւման եւ հզօրացման երաշխիք

Ազգերի գոյատեւումը, զարգացումն ու հզօրացումը պատահականութեան արդիւնք չեն։ Իւրաքանչիւր ազգ պատմութեան ընթացքում ձեւաւորում է իր ապրելու իմաստը՝ որպէս համախմբող նպատակ, ազգային իղձ եւ ապագայի տեսլական։ Այն իր մէջ ամփոփում է ազգային ինքնութիւնը, արժէհամակարգը եւ պատմական յիշողութիւնները։
Ազգային իղձը ծնւում է տւեալ ազգի պատմական փորձառութիւններից՝ պատերազմներից, պայքարներից, պարտութիւններից եւ դժւարութիւններից, ինչպէս նաեւ յաղթանակներից ու վերածննդի դրւագներից՝ դառնալով ազգային հաւաքական գիտակցութեան կորիզը եւ վերածւելով ապագայի հանդէպ կենսական ձգտումների շարժիչ ուժի։
Ազգային իղձը միաձոյլ եւ համապարփակ հայեցակարգ է, որը սահմանում է ազգ-պետութեան (nation-state) էութիւնը, ռազմավարական առաջընթացն ու ապագայի ընկալումը։ Այն տեղ է գտնում եւ ամրագրւում պետական կարեւոր փաստաթղթերում՝ սկսած անկախութեան հռչակագրից մինչեւ սահմանադրութիւն, ինչպէս նաեւ ազգային-պետական նշանակութեան այլ իրաւական կամ քաղաքական փաստաթղթերում։ Այս կերպ, այն դառնում է ռազմավարական փաստաթղթերի հիմքը եւ վերածւում է պետական քաղաքականութեան առանցքի։ Դրա հիման վրայ ձեւաւորւում են ոլորտային ռազմավարութիւններ՝ միտւած այդ գերնպատակների իրականացմանը, եւ ըստ այդմ տեղի է ունենում իւրաքանչիւր ոլորտի առաջնահերթութիւնների յստակեցում՝ կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրւածքներով։ Եւ այսպէս ուրւագծւում է նաեւ տւեալ պետութեան ազգային անվտագութեան մոդելը։
Ցանկացած պետութիւն իր կառավարման համակարգը կառուցում եւ գործունէութեան է մղում ազգային նպատակների, արժէհամակարգի եւ ինքնիշխանութեան հաստատման տրամաբանութեամբ։
Այն, ինչ տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիներին եւ, մասնաւորապէս, վերջին շրջանում, հակասում է պետականութեան վերոյիշեալ սկզբունքներին եւ առահասարակ անկախ ու ինքնիշխան պետութիւն կերտելու գաղափարին։
Փորձ է արւում ջնջել հայկական ազգային իղձի հիմնարար բաղադրիչները։ Այս ջանքերը արտայայտւում են մի քանի հիմնական ուղղութիւններով։ Նախ, արժէզրկւում են մեր ազգային խորհրդանիշները՝ այդ թւում պետական օրհներգը փոխելու փորձերով եւ Արարատ կամ Արագած արհեստական բանավէճերով։ Երկրորդ, փորձում են փակել Արցախեան ազատամարտի էջը, նպատակ ունենալով՝ սպանել արդար պայքարի ոգին։ Երրորդ, կասկածի տակ են առնւում պատմական ճշմարտութիւններն ու չբուժւած վէրքերը։ Դրա վկայութիւնը իշխանութիւնների երկիմաստ եւ ժխտողական դիրքորոշումն է Հայոց Ցեղասպանութեան հարցում։
Այս գործընթացը տեղի է ունենում ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական եւ իրաւական հարթութիւններում։ Արցախի ժողովրդի նկատմամբ սերմանւում է ատելութիւն։ Նրանց մեղադրում են չկռւելու մէջ եւ Արցախի կորստի պատասխանատւութիւնը գցում նրանց վրայ։ Այդ կերպ ուրանում են մեր պատմական անցեալը, անմեղ զոհերի յիշատակը եւ մեր նահատակների սխրագործութիւնները։
Այս քաղաքականութեան վերջին փուլում իրականացւում են Սահմանադրութիւնը փոփոխելու եւ Անկախութեան հռչակագիրը վտանգելու քայլեր։
Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը փաստացի վտանգւած է. եթէ չեղարկւի Անկախութեան հռչակագիրը եւ Սահմանադրութիւնը այլեւս չյենւի հռչակագրում ամրագրւած համազգային նպատակների վրայ, ապա կարելի է ասել, որ կը փակւի Երրորդ Հանրապետութեան պատմութեան վերջին էջը։ Իսկ այն, ինչ կարող է ծնւել դրա փոխարէն, բազմաթիւ ենթադրութիւնների տեղիք կարող է տալ, սակայն մէկ բան յստակ է՝ դա չի լինելու հայկական։
Ուստի.
անհրաժեշտ է այս կործանարար ընթացքը կասեցնել հետեւեալ ճանապարհային քարտէզով.
1․ աջակցել Արցախի վտարանդի կառավարութեան (government-in-exile) եւ պետական ինստիտուտների անխափան գործունէութեանը՝ ապահովելով Արցախի քաղաքական ժառանգութեան շարունակականութիւնը եւ դրա արդիականացումը՝ ադապտացնելով ներկայ իրողութիւններին ու մարտահրաւէրներին։
– Ներդնել միջոցներ, այդ կառոյցների միջազգային ճանաչման հնարաւորութիւնները մեծացնելու համար։
2․ Կազմակերպել համահայկական վեհաժողով՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում գործող քաղաքական կուսակցութիւնների, համայնքային կազմակերպութիւնների, կրթական-ակադեմիական եւ մշակութային կառոյցների, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցութեամբ՝ մշակելու համազգային ծրագիր ուղղւած մեր ազգային իղձերի իրագործմանն ու պետականութեան հիմնասիւների ամրապնդմանը։
– Ձեւաւորել Համահայկական խորհուրդ համակարգելու համար համազգային ծրագրից բխող նպատակների իրականացման աշխատանքները՝ կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ փուլային տրամաբանութեամբ։
– Ընդունել հռչակագիր, որը, միաժամանակ, կարժեւորի հայ ժողովրդի պետական ինքնիշխանութեան իրաւունքը, կընդգծի Արցախի չլուծւած կարգավիճակի հարցը եւ ինքնորոշման իրաւունքի չիրացւածութեան փաստը, ինչպէս նաեւ կը ստանձնի յանձնառութիւն հանգուցալուծելու երրորդ հանրապետութեան սահմանադրական ճգնաժամը։
– Խորհրդի աշխատանքները պէտք է հիմք հանդիսանան այլընտրանքային, զուգահեռ կառավարութիւն կազմակերպելուն՝ իր բոլոր ատրիբուտներով։
3․ Յստակ արձանագրել եւ միջազգային հանրութեանը ներկայացնել ներկայիս վարչակազմի լեգիտիմութեան բացակայութիւնը՝ ընդգծելով կոնսենսուս (-1)-ի իրողութիւնը։
– Մշակել փաստաթուղթ, որը միջազգային հանրութեանը կիրազէկի այս իշխանութիւնների անօրինական գործողութիւնների ու հակաժողովրդական բնոյթի մասին եւ կարտացոլի կոնսենսուս (-1)-ի յստակ պատկերը վեհաժողովի մասնակից կազմակերպութիւնների ստորագրութիւնների միջոցով։
– Համահայկական խորհուրդը զարգացնել ու վերածել, ոչ միայն համակարգող մարմնի այլեւ համազգային քաղաքական մանդատ կրողի։
4․ Կազմակերպել ինստիտուցիոնալ եւ ցանցային դիմադրութիւն՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը ներքին թշնամու ճիրաններից ազատագրելու նպատակով։
– Անհրաժեշտ է ներքին եւ արտաքին ճակատների գործողութիւնների համակարգում:
– Սահմանադրականութեան վերականգման նպատակով՝ երկրի ներսում առաջացնել լիարժէք երկիշխանութիւն, ոչ միայն փողոցում, այլ ինստիտուցիոնալ մակարդակում, առաջ քաշելով այլընտրանքային կառավարութեան լեգիտիմութեան հարցը, որը հիմնւած կը լինի հայ ժողովրդի իրական ու կենսական շահերի պաշտպանութեան վրայ։
Պէտք է կանգնեցնել Էրդողան-Ալիեւ-Փաշինեան եռեակի պանթուրքական ծրագիրը, վերջինիս հակադրելով Միացեալ Հայաստանի կերտման հայեցակարգը, որի ուղղութեամբ առաջին եւ անշրջանցելի քայլը պէտք է լինի Արցախի վերազատագրումը։
Միայն այս ճանապարհով կը դրսեւորւի հայկական ինքնիշխանութիւնը եւ կը վերագտնւի մեր արժանապատիւ տեղը նոր ձեւաւորւող բազմաբեւեռ աշխարհակարգում։
ԱՐՇԱԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ