Մղելու ենք գաղափարական մեր պայքարը
Այց Արամ Մանուկեանի յուշարձանին
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան ու «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամներն ու քաղաքացիներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յիշատակի օրւայ առիթով ծաղիկներ են խոնարհել նրա յուշարձանին։
«Արամ Մանուկեանը օրինակ էր ծառայում իր ներկայութեամբ, իր գաղափարներով, ինքնիշխան Հայաստանով, միայն սեփական ուժերի վրայ յենւելով, թշնամու առաջ գլուխ չխոնարհելով, թշնամուն ձեռք սեղմելով, նրա հետ խօսելով, բայց միայն այն դէպքում, երբ Սարդարապատում յաղթանակ էր կերտել։ Նրա արձանի մօտ ծաղիկ խոնարհելով՝ նոյն խոստումն ենք տալիս Արամին, որ թոյլ չե՛նք տալու, ջանք ու եռանդ չե՛նք խնայելու եւ մղելու ենք մեր գաղափարական պայքարը։ Այն արշաւը, որը նախաձեռնել է այս ազգադաւ իշխանութիւնը՝ Հայաստան պետութեան, հայ ժողովրդի, միասնական մեր հայրենիքի գաղափարի եւ անգամ Արարատի դէմ, տապալւելու է։ Եւ Արամը փաթաթւած Եռագոյնով շարունակելու է տէր ու տիրականը լինել Հայաստանի Հանրապետութեան պետութեան, ինքնիշխանութեան, արժանապատւութեան պայքարի վեհ գաղափարին»,- իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
«Մեր յստակ տեսլականն այն է, որ Հայաստանը չի կարող խաղաղութեան կեղծ օրակարգով գնալ առաջ եւ միակողմանի զիջումներ անել։ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն յագենայ իրենց կորզած պատառներով։ Իւրաքանչիւր պատառից յետոյ, պահանջում են նորը։ Ինքնավստահ, ամբարտաւան, ռազմաշունչ յայտարարութիւններով Ադրբեջանը փորձում է վախի տակ պահել Հայաստանին՝ քաջ գիտակցելով, որ Հայաստանի իշխանութիւնները պատրաստ են ամէն գնով զիջումների»,- Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։ Նա գծեց մեր անելիքները, որոնցից գլխաւորը՝ բանակի հզօրացումն է, իսկ երկրորդը՝ դիւանագիտական սխալների սրբագրումն է, որոնց պատճառով երկիրը մեկուսացած վիճակում է եւ չունի այն կշիռը, որն ունէր անցեալում։ «Մեր հայրենիքի պաշտպան ենք եւ մեզ համար պետութիւնը մնայուն է, իշխանութիւնները գնայուն»,- ընդգծեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։