Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Հայաստանի հետ յարաբերութիւններն ընդլայնելու Իրանի քաղաքականութիւնը կը շարունակւի»
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 22-ին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, որը Թեհրան է այցելել մասնակցելու Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի եւ նրանց ուղեկցողներին յարգանքի տուրքի եւ ցաւակցութիւն յայտնելու պաշտօնական միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին ասել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնման Իրանի քաղաքականութիւնը կը շարունակւի նաեւ Մոհամմադ Մոխբարի օրօք։
Խօսելով Իրանի եւ Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրութիւնների եւ ընդհանուր շահերի մասին, այաթ. Խամենէին նշել է. «Ես ընդգծում եմ համագործակցութեան ընդլայնումը` ելնելով յարաբերութիւնների ռազմավարական բնոյթից, սակայն կարեւորն այն է, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն ունեն հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչւող հարցերին պէտք է զգուշութեամբ եւ ուշադրութեամբ մօտենալ:Մեր հանգուցեալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապւած սահմանային խնդիրների նկատմամբ, եւ այս զգայունութիւնն ու մտահոգութիւնը պէտք է շարունակել հաշւի առնել: Մենք պէտք է կարողանանք ապահովել մեր շահերը»։
Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին ասել է. «Մենք ցնցւեցինք՝ լսելով աւիավթարի հետեւանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի եւ նրանց ուղեկիցների մահւան լուրը, սակայն, ինչպէս ասացիք Դուք, վստահ ենք, որ Ձեր ղեկավարութեամբ որեւէ խնդիր չի լինի Իրանի գործերում»:
Մոխբեր-Փաշինեան հանդիպում
Նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Մոհամմադ Մոխբերը երէկ՝ մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինենաի հետ:
Հանդիպման ժամանակ, Մոհամմադ Մոխբերն անդրադառնալով հանգուցեալ նախագահ Ռէյիսիի պաշտօնավարման օրօք ձեռք բերւած երկկողմ պայմանաւորւածութիւններին, վստահեցրել է, որ բոլոր ծրագրերը, որոնք ուղղւած են Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացմանը, կը կրեն շարունակական բնոյթ:
Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի ներկայութիւնն այս դժւարին պահին գօտեպնդող է, եւ Իրանի ողջ ժողովուրդն ու կառավարութիւնը խորապէս գնահատում են, որ բարեկամական Հայաստանն այսօր կիսում է Իրանի մեծ վիշտը:
Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին, իր եւ ՀՀ պատւիրակութեան անունից խորը ցաւակցութիւն է յայտնել Մոխբերին, կառավարութեան անդամներին եւ Իրանի ողջ ժողովրդին:
Նա ընդգծել է, որ Էբրահիմ Ռէյիսիի եւ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի վախճանը ողբերգութիւն է, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցաւը: