Թրամփ-Պուտին հեռախօսազրոյցի Արցախեան ենթատեքստը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
ԱՄՆ 47-րդ ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալութիւնից առաջ՝ 2024 թ. դեկտեմբերի 7-ին, կատարել է իր առաջին արտասահմանեան ուղեւորութիւնը Ֆրանսիական Հանրապետութիւն, որտեղ Էլիզեան պալատում նրան ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը: Նրանց երկկողմ հանդիպումը կայացել է Փարիզի Աստւածամօր տաճարի վերաբացման շրջանակում։
2025 թ. փետրւարի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազոյցը:
Դատելով հեռախօսազրոյցի վերաբերեալ ՌԴ նախագահի աշխատակազմի հրապարակած պաշտօնական հաղորդագրութիւնից եւ Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի յայտնած մանրամասներից՝ կարող ենք պնդել, որ հեռախօսազրոյցն անցել է դրական մթնոլորտում, տեղի է ունեցել մտքերի կոնստրուկտիւ փոխանակում: Ասւածն ապացուցելու համար բերենք մի ուշագրաւ մէջբերում ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտօնական հաղորդագրութիւնից. «Ռուսաստանի նախագահը հրաւիրել է Միացեալ Նահանգների նախագահին այցելել Մոսկւա եւ պատրաստակամութիւն է յայտնել ընդունելու ամերիկացի պաշտօնեաներին Ռուսաստանում այն ուղղութիւններում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրութիւն, այդ թւում՝ ուկրաինական կարգաւորման թեման»:
Վերջին տարիներին ռուս-ամերիկեան լարւած յարաբերութիւնների ֆոնին սա առաջին պաշտօնական հաղորդագրութիւնն է, որտեղ Ռուսաստանը դրական վերաբերմունք է արտայայտել Ամերիկայի Միացեալ Նահանգների նկատմամբ:
Ստեղծւած իրավիճակում հայկական կողմը պէտք է փորձի առաջ մղել իր շահը եւ հասնել դրա սպասարկմանը: Իսկ ո՞րն է այս պահին հայկական կողմի շահը: Հայկական կողմը պէտք է արհեստավարժ կերպով սկսի քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերսկսելու ուղղութեամբ: Այսինքն՝ ԱՄՆ-ՌԴ յարաբերութիւններում հալչող սառոյցը պէտք է դիտարկել որպէս Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման հնարաւորութիւն:
Եթէ ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնի պաշտօնավարման օրօք պաշտօնական Մոսկւան բազմիցս յայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի իրենց արեւմտեան գործընկերները՝ Վաշինգտոնը եւ Փարիզը, հրաժարւել են աշխատել Ռուսաստանի հետ նշւած ձեւաչափում, ապա Թրամփ-Պուտին փետրւարի 12-ի դրական հեռախօսազրոյցի լոյսի ներքոյ կարելի է ձեւաւորել զգուշաւոր դրական ակնկալիք առ այն, որ պրոֆեսիոնալ կազմակերպւած աշխատանքների իրականցման արդիւնքում կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի աշխատանքների վերսկսմանը:
Բանն այն է, որ այսօր միջազգային հանրութեան դիրքորոշումը Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ այն է, որ յիշեալ հակամարտութիւնը չի կարգաւորւել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափը՝ տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ հաւասար իրաւունքների ու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքների հիման վրայ, կոչ է անում Մինսկի խմբին արագ վերադառնալ իր միջնորդական դերին: Այս մասին, մասնաւորաբար արձանագրւած է Եւրոպական խորհրդարանի 2022 թ. փետրւարի 17-ին եւ յունիսի 6-ին ընդունած բանաձեւերում:
Աւելին՝ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. հոկտեմբերի 12-ին ընդունած «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձեւում, մասնաւորապէս, արձանագրւած է, որ «Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ գրեթէ մի ամբողջ բնակչութեան այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպէտք է ընդունւի որպէս նոր իրականութիւն:»:
Այսպիսով, նկատի առնելով վերոնշեալ փաստերն ու փաստաթղթերը՝ հայկական կողմը, մասնաւորապէս՝ Արցախի Հանրապետութեան դէօկուպացիան եւ Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով Արցախ վերադառնալու հարցը կարեւորող հասարակական, քաղաքական շրջանակները, պէտք է իրականացնեն քարոզչական, տեղեկատւական աշխատանքներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերսկսելու մասին հարցը միջազգային օրակարգ բերելու համար:
Այս գործում իր պատասխանատու մասնակցութիւնը պէտք է ունենայ նաեւ Արցախի Հանրապետութեան վտարանդի վարչակազմը, քանզի այդ վարչակազմին իշխանութեամբ օժտել են Արցախի Հանրապետութեան քաղաքացիները եւ այդ վարչակազմը եւս, եթէ ոչ առաջին հերթին, պարտաւոր է ձեռնարկել միջոցներ՝ հասնելու Արցախի Հանրապետութեան դէօկուպացիային եւ Արցախի մեր հայրենակիցներին իրենց բնակութեան վայրեր տիրոջ կարգավիճակով վերադառնալու իրական հնարաւորութիւն ստեղծելու համար: