«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 22-ին միլիոնաւոր քաղաքացիներ վերջին հրաժեշտը տւեցին հանգուցեալներ՝ Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբօլլահեանին, նախագահի անվտանգութեան ծառայութեան պետ, գեներալ Սէյէդ Մեհդի Մուսաւիին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ այաթ. Սէյէդ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմին, Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիին, ուղղաթիռի հրամանատարին եւ նրա օգնականին:
Թեհրանի համալսարանում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին վերջին աղօթքն է կատարել հանգուցեալների հոգու խաղաղութեան համար, որից յետոյ ժողովուրդը հանգուցեալների դիերն ուղեկցել է մինչ «Ազադի» հրապարակ:
Երեկոյեան տեղի է ունեցել հանգուցեալներին յարգանքի տուրքի մատուցման եւ ցաւակցութիւն յայտնելու պաշտօնական միջոցառումը, որին մասնակցել են 68 երկրից Իրան ժամանած նախագահներ, վարչապետներ, խորհրդարանի նախագահներ, ԱԳ նախարարներ եւ նրանց ուղեկցող պատւիրակութիւնները:
Նշենք, որ հանգուցեալ նախագահ Ռէյիսիի դին այսօր կամփոփւի Մաշհադում՝ Էմամ Ռեզայի դամբարանի տարածքում, իսկ ԱԳ հանգուցեալ նախարարին այսօր վերջին հրաժեշտը կը տան ԱԳՆ տարածքում, որից յետոյ նրա դին կը տեղափոխւի Շահր Ռէյ եւ կամփոփւի Շահ Աբդօլազիմ մզկիթի տարածքում: